Կքննարկեն այսօր

19/07/2012

Էջմիածին քաղաքի բնակիչ Հրաչյա Վարդապետյանի 277 քմ հողամասի նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) օգտին: Վարդապետյանի հողամասը գտնվում է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքում: Տեղեկացնենք, որ Մայր Աթոռը դիմել է Տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը հանրային գերակա շահ ճանաչելու համար: ՀՀ օրենսդրության համաձայն, հողամասը հանրային գերակա շահ ճանաչելու պարագայում սեփականատիրոջը պետք է տրվի համարժեք փոխհատուցում` տվյալ տարածքում հողատարածքի 1 ք/մ-ի արժեքից 15% բարձր գին, իսկ եթե հողի վրա կան պտղատու ծառեր` ապա պետք է հաշվարկվի տվյալ տարվա ընթացքում դրանց կողմից տրվող բերքը եւ բաց թողնված օգուտը, ինչպես նաեւ` ծառերի արժեքը: Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած բացատրագրի համաձայն` հողամասը պետք է օտարվի եկեղեցու կրթական ծրագրերի իրականացման նպատակով: Խնդիրն այն է, որ նշված հողատարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարեւանությամբ, իսկ կրթահամալիրն ունի օժանդակ շինությունների կառուցապատման կարիք: Տարածքային կառավարման նախարարությունից հաստատեցին, որ «եկեղեցին դիմել է իրենց, եւ իրենք են զբաղվել, դա նորմալ է»: Ավելին հաղորդել նախարարությունից, ըստ էության, հրաժարվեցին: Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարության առաջարկությամբ հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում: