«Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը կկարողանա՞ մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալ Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, աշնանը կայանալիք մեծամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրության ժամանակ: Ս.Սաֆարյանի այս խոսքերը կարծես թե ուղղված են ՀԱԿ-ին: «Երբ որ Ռուբեն Հայրապետյանն այլեւս մանդատ չի ունենա, եւ ընտրատարածքը թափուր կմնա, այդ ժամանակ մենք կքննարկենք կոնկրետ այդ ընտրատարածքի հետ կապված հարցը»,- իր հերթին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռ.Հայրապետյանը` «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությունից հետո հայտարարել է, որ վայր է դնում մանդատը: