Գ.Վաշաձե. Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին խաբեություն է

17/07/2012

Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով մինչ Երեւան ժամանելը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում Հայաստանի համար ուշագրավ հատվածներ են պարունակվում: Մասնավորապես` հարցազրույցի ընթացքում խոսվել է Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան երկաթուղագծերի կառուցման հնարավորության շուրջ:

Լրագրողի հարցին, թե Վաշաձեն ինչ կարծիքի է Հայաստան-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման մասին, վրացի պաշտոնյան պատասխանել է, թե երկաթուղու կառուցումը ձեռնտու է միայն Ռուսաստանին, քանի որ նա դրանով ուզում է ապահովել Գյումրիի ռազմաբազային մատակարարումները: Իսկ Հայաստանին, իր խոսքերով, այդ երկաթուղին այնքան էլ շատ պետք չէ, քանի որ Հայաստանն արտոնյալ կերպով օգտվում է վրացական երկաթուղու բոլոր ուղղություններից: Ըստ Վաշաձեի, Վրաստանը զգուշանում է հիշյալ երկաթուղու կառուցումից, քանի որ Ռուսաստանը դա կարող է օգտագործել իր դեմ` ռազմական նպատակներով, բացի այդ` նա ռուսական կողմին առաջարկել է հստակեցնել երկաթուղու` Աբխազիայի տարածքով անցնող հատվածի կարգավիճակը եւ դրանից հետո միայն խոսել այդ մասին: Եթե այդ հատվածը ռուսներն են տնօրինում, այդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ է այն երկիրը (Աբխազիան), որ այդ տարածքում իրեն հռչակել է անկախ պետություն, եւ ինչի՞ համար է այն ստեղծվել: Իսկ եթե այդ հատվածը իրենց (ռուսների) տնօրինության տակ չէ, այդ դեպքում երկաթուղու կառուցման հարցում որեւէ փոխադարձ ընդունելի լուծման հանգելու մասին խոսելն անիմաստ է, եթե անգամ կողմերի միջեւ այդպիսի համաձայնություն լինի: «Ինչի՞ համար է այդ երկաթուղին պետք Ռուսաստանին, Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելո՞ւ համար, խիստ կասկածում եմ»,- նշել է Վաշաձեն:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին, նախարարը նշել է. «Մենք երջանիկ կլինեինք, եթե դա ստացվեր: Մեր հայ ընկերներն ասում են, որ մենք եղել ենք այդ գործընթացի ամենամեծ ջատագովը: Սակայն, ավաղ, դա տեղի չունեցավ: Դեռեւս»:

Ինչ վերաբերում է Հայաստանի երկաթուղու ընդլայմանը դեպի Իրան, հարցին` հետագայում դրա միացումը վրացական երկաթուղու հետ արդյո՞ք ձեռնտու չի լինի նաեւ Վրաստանին, Վաշաձեն անսպասելի պատասխան է տվել: Նա ասել է, թե երկաթուղու վրացական հատվածը այն պակասող օղակն է, որի մասին Կրեմլում վաղուց են երազում: «Չգիտեմ: Դա ուղղակի խաբեություն է: Բայց մինչեւ որեւէ քայլ անելը հարկավոր է լավ մտածել, թե ինչ է ստանում Վրաստանն այդ ամենից: Մենք, կարծում եմ, դեռեւս ոչինչ չենք ստացել»,- եզրափակել է Վրաստանի արտգործնախարարը: