Երեկ Երեւանի Աբովյան փողոցում հայտնի ապամոնտաժված «բուտիկների» տեղում կրկին շինարարություն է սկսվել, ինչի մասին ահազանգել են բնապահպան-ակտիվիստները: Առավոտյան այդ հատվածում ակտիվորեն աշխատել է շինարարական տեխնիկա, ծառերի կողքին կատարվել են հողաշինարարական աշխատանքներ, փորվել է փոս, որը, ըստ բնապահպանների, վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանին շինարարության Դավիթ անունով աշխղեկը հայտնել է, որ այս հասցեում պետք է կառուցվի սրճարան: Ի պատասխան հարցին` ունե՞ն նշված վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլատվություն, աշխղեկը վստահեցրել է, թե ունեն, սակայն հրաժարվել է տրամադրել դա հաստատող համապատասխան փաստաթուղթը` պատճառաբանելով, թե այն մոռացել է տանը: Լեւոն Գալստյանը` տեղեկանալով, որ աշխղեկը նախագիծը մոռացել է տանը, զանգահարել է ՀՀ ոստիկանություն եւ այս մասին հաղորդագրություն է փոխանցել: Ավելի ուշ պարզվել է, որ շինարարությունն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը: Բնապահպանների ու լրագրողների ահազանգերից հետո շինարարությունը կասեցվել է, Աբովյան փողոց են եկել ոստիկաններ, ովքեր կազմում են արձանագրություն: Օրվա վերջում էլ շինարարության դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները հեռացել են տարածքից` այնտեղ թողնելով «Հանրային տարածքի զավթում», «Տարոն Մարգարյա՛ն, սիրուն չի» գրություններով պաստառներ: