Ստեփան Սաֆարյանը կդառնա՞ միասնական թեկնածու

17/07/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի իշխանությունները, ՏԻՄ ընտրություններից զատ, աշնանը ունեն ընտրական եւս մի կարեւոր միջոցառում` Երեւանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը: Եթե, իհարկե, այդ տարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կրկնի մանդատը վայր դնելու իր հայտարարությունը:

Եվ եթե նա, ի վերջո, վայր դնի մանդատը, Ավան վարչական շրջանում բավականին հետաքրքիր ընտրություններ կարող են տեղի ունենալ: Այդ դեպքում կարող է շատ կարեւոր դեր ունենալ այն հանգամանքը, թե Ռ.Հայրապետյանն ինչի պատճառով է վայր դնում մանդատը: Նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքն ու դրա արդյունքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքը ամեն դեպքում ցնցող ազդեցություն թողեց հասարակության վրա: Եվ այդ ողբերգական դեպքի պատճառով մանդատը վայր դրած պատգամավորի տարածքում, հնարավոր է, մեծ դժվարություններ առաջանան իշխանական թեկնածուի համար: Հնարավոր է` այդ դժգոհությունն այնքան մեծ լինի, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա, եւ իշխանությունները` ընտրությունները կեղծելու իրենց ողջ հնարավորություններով հանդերձ, չկարողանան իրենց թեկնածուի համար հաղթանակ ապահովել: Ով էլ լինի իշխանության թեկնածուն` հանցագործ համարում ունեցող մե՞կը, թե՞ պարկեշտ եւ օրինապահ անցյալ ունեցող անձնավորություն: Այնպես որ, այդ ողբերգական դեպքերի պատճառով Ավանում սպասվում են բավականին ուշագրավ ընտրություններ: Հատկապես, որ այդ դեպքերի վրա են կենտրոնացել նաեւ խորհրդարանական 4 ուժեր` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Դատելով այդ չորս ուժերի գործողություններից ու հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ նրանք մտադիր են այս թեման հնարավորինս թեժ պահել նաեւ աշնանը: «Հարսնաքարի» ողբերգական դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջին փորձը թեեւ ձախողվեց, բայց ընդդիմությունը մտադիր է այդ հարցը եւս մեկ անգամ բարձրացնել արդեն աշնանային նստաշրջանում: Կարելի է համոզված ասել, որ այդ նախաձեռնությունը նույնպես կմերժվի իշխանությունների կողմից, սակայն քննարկումները թեժ կպահեն այդ թեման, ինչը ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վրա: Այս մտահոգությունը կա նաեւ իշխանությունների մոտ, բայց դա էլ, իր հերթին, կախված է ընդդիմության մարտավարությունից: Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը Ավանում պատգամավորի ընտրությունների դեպքում: Ընդդիմադիր ուժերը կարո՞ղ են սեփական հավակնությունները մի կողմ դնել եւ պայքարել մեկ ընդհանուր թեկնածուի համար, ինչը նրանց չհաջողվեց մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ այդ ընտրատարածքում Ռ.Հայրապետյանի դեմ պայքարում էին ընդդիմադիր 2 թեկնածուներ` «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը եւ ՀԱԿ-ից լրագրող Գայանե Առուստամյանը: Իշխանությունների գործադրած վարչական ու այլ ընտրակեղծիքների պարագայում անգամ այս երկու թեկնածուները բավականին շատ ձայներ ստացան: Ս.Սաֆարյանը` 9.328, իսկ Գ.Առուստամյանը` 5.206 ձայն: Եվ սա` այն դեպքում, որ Ռ.Հայրապետյանի լծակներն ու հնարավորությունները նույնպես բավականին մեծ էին: Հիշեցնենք, որ վերջինս էլ ստացել էր 19.442 ձայն: Այս պարագայում այդ վարչական շրջանում իշխանությունների պարտությունը կարող է հավանական լինել: Եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ եւ պաշտպանել մեկ ընդհանուր թեկնածուի:

Առայժմ միայն Ս.Սաֆարյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Եթե, իհարկե, չհաշվենք քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, ով դեռ չի կողմնորոշվել` առաջադրվի Գյումրիո՞ւմ, թե՞ Ավանում: Ս.Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու մասին որոշումն ինքը կայացրել է, իսկ կուսակցության որոշումը կլինի ընտրությունների մասին պաշտոնական հայտարարությունից հետո: Կունենա՞ արդյոք ընդդիմությունը միասնական թեկնածու այս տարածքում: «Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Այսպիսով Ս.Սաֆարյանը կարծես թե ընդդիմադիր մյուս ուժերին փաստի առաջ է կանգնեցնում` մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով Ռ.Հայրապետյանից հետո ինքը երկրորդն է, իսկ աշնանը կայանալիք ընտրություններին մասնակցելու համար ինքն առաջինն է հայտարարել: Այդպիսով նա մարտահրավեր է նետում թե՛ ՀԱԿ-ին, թե՛ ՀՅԴ-ին: ՀՅԴ-ն մայիսի

6-ին նույնպես այդտեղ թեկնածու չի ունեցել, կարող է այս անգամ եւս չունենալ եւ պաշտպանել ընդդիմադիր որեւէ թեկնածուի: Եվ կարծես թե Ս.Սաֆարյանի ակնարկն առաջին հերթին ուղղված է ՀԱԿ-ին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե, երբ որ Ռ.Հայրապետյանն այլեւս մանդատ չի ունենա, եւ ընտրատարածքը թափուր կմնա, այդ ժամանակ միայն այդ ուղղությամբ քննարկումներ կունենան: Նա չի բացառում, որ մինչեւ աշուն Ռ.Հայրապետյանը կարող է փոշմանել եւ մանդատը վայր չդնել: «Մենք հակված չենք վստահելու այս ռեժիմի հնարքներին: Իսկ մենք ի՞նչ հիմքեր ունենք հավատալու այս իշխանություններին կամ Ռ.Հայրապետյանին: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ դա հերթական հնարքը չէ ժամանակ շահելու համար»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Իսկ հնարավո՞ր է, որ իշխանությունները որոշեն, կամ Ռ.Հայրապետյանն ինքը փոխի իր որոշումը ու վայր չդնի մանդատը: Կամ` այդ ողբերգական դեպքերի եւ անցած ընտրություններում այդ տարածքում ընդդիմադիր թեկնածուների ունեցած լավ արդյունքների պարագայում իշխանության թեկնածուն պարտվի: «Ես չեմ կարծում, որ որեւէ եղելության հետեւանքով պիտի ենթադրել, որ ՀՀԿ-ն արդեն այնպիսին է, որ ժողովուրդը մտածում է, թե շատ դատապարտելի է, որ երկրում որոշակի իրողություններ են տեղի ունենում: ՀՀԿ-ն ցանկացած նման դրսեւորման պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ դրանով էլ վճռական է, ուժեղ է: Դա ժողովուրդը զգում է»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե ում պետք է առաջադրի Ռ.Հայրապետյանի փոխարեն: Իսկ Ռ.Հայրապետյանը որեւէ շահագրգռվածություն չի ունեցել առաջադրվելու համար, պարզապես դա կուսակցությունն է որոշել: Գ.Սահակյանի խոսքերով` Ռ.Հայրապետյանը հիմա իր առաջ դրել է «ազգային ֆուտբոլը զարգացնելու խնդիրը»:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նույնպես ասաց, թե այդ ուղղությամբ քննարկումներ չեն ունեցել: Իսկ ՀՅԴ Բյուրոյի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե իրենց կուսակցությունը ընտրություններին բոլոր տարածքներում ակտիվ լինելու մոտեցում ունի: Սակայն Ավանում սեփական թեկնածու ունենալու կամ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի հարց դեռ չեն քննարկել: Նա նաեւ ավելացրեց, որ աշնանը թե Ավանում, թե ողջ հանրապետությունում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունը բավականին կարեւոր է 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: «Կարծում եմ, որ այդ ընտրություններն ավելի կկարեւորվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից, որովհետեւ դա ինչ-որ տեղ նաեւ ուժերի ստուգատես է լինելու, ուժերի փորձարկում է լինելու դիրքերի վերահաստատման կամ պահպանման համար: Այնպես որ, կարծում եմ, որ այդ ընտրությունների ժամանակ բավականին թեժ մրցակցություն է սպասվում մեզ»,- ավելացրեց Ա.Համբարձումյանը: