«Կապիտալը երբեք հակասության մեջ չի մտնում իշխանությունների հետ, որովհետեւ նրանք նույն վեկտորով են շարժվում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` ավելացնելով. «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ես ասել եմ, որ կան որոշ մարդիկ, որոնք կուտակել են որոշ հնարավորություններ, եւ այս երեւույթը, բնականաբար, թույլ չի տալու, որ նրանք գնան առճակատումների իշխանության հետ»: Նա հրաժարվել է մասնավորեցնել, թե կոնկրետ ում նկատի ունի, ասելով, թե ինքը խոսում է իր մասին. «Իմ մասին եմ ասում, որովհետեւ, եթե իմ հայտարարագիրը տեսնեք, ի տարբերություն բազմաթիվների հայտարարագրերի, այնտեղ ամենաշատ եկամուտներից մեկը ես ունեմ»: Բոստանջյանն ասում է, որ իշխանությունների հետ առճակատման գնալը ինքնանպատակ չէ, ամեն մի մտածող մարդ ցանկանում է երկիրը ավելի բարգավաճ տեսնել, եւ հիմա բոլոր այդ մարդիկ ինչի՞ համար պետք է գնան առճակատման:
«Առճակատման գնում են չբավարարվածները, ինչ-որ շատ բան ուզողները եւ դրան չհասնողները, չհիմնավորվածները, ամբիցիոզները: Կարող են լինել հիվանդ մարդիկ, որոնք ամեն ինչից դժգոհ են, իսկ իրենց անձից շատ գոհ են: Դրա համար ես չեմ կարող առճակատման գնացող մարդկանց շարքին դասել նրանց, որոնք նպաստում են մեր երկրի բարեկեցության զարգացմանը»,- նշել է Բոստանջյանը: Ըստ նրա, ներկայումս Հայաստանում կապիտալի կուտակման սկզբնական փուլն է, բայց, պետք է տարբերություն դնել կապիտալի կուտակման ձեւի մեջ, քանի որ երկրներ կան, որ սարսափելի արյունահեղությամբ է ուղեկցվել այդ շրջանը, իսկ մեզ մոտ չկա նման բան, քանի որ հայ միտքը շրջահայաց է: Անդրադառնալով «այլընտրանք» լինելու մասին ԲՀԿ-ի հայտարարությանը, Բոստանջյանն ասել է, թե իշխանություններին կամ ընդդիմությանը այլընտրանք չի լինում: «Գուցե ես սահմանափակ մտածողություն ունեմ, բայց ես չեմ կարող հասկանալ դա: Բառարաններում շատ ման եմ եկել, չեմ գտել նման բան: Գուցե դեռ չեն հասցրել տեղադրել բառարաններում»,- հայտարարել է նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում իր ապագա գործունեությանը, ապա. «Ցուցակների կազմելուց հետո չեն հրավիրում քննարկումների: Ես չեմ խզել, էդպես ստացվեց: Իմ օրակարգում չի կուսակցությունից դուրս գալու հարցը, թող իրենք մտածեն»: Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր միասնական թեկնածուի մասին, Վ. Բոստանջյանն ասել է, որ ոչ մի միասնական թեկնածու չի կարող էական նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման համար, իսկ ներկայիս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել հասնել այն մակարդակին, որ իրենք արտահայտեն հասարակության լայն զանգվածների սպասումները: Ուստի, այս պայմաններում, ըստ նրա, միասնական թեկնածուն պետք է լիրիկական բնույթ կրի: Հիշեցնելով, որ ՀՀԿ-ն ամենաշատն է ձայներ ստացել խորհրդարանական ընտրություններում, Բոստանջյանն ասել է, թե հասարակությունը կարող է իրեն երջանիկ զգալ ժամկետանց ձեթեր ստանալուց. «Ի՞նչ վատ է: Ուրեմն, մենք արտահայտում ենք իրենց իղձերն ու ցանկությունները: Իրատեսական չէ, որ միասնական թեկնածուն կհաղթի ընտրություններում»: Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին` ինչո՞վ է այժմ զբաղվում, Բոստանջյանը պատասխանել է. «Աշխատանք չունեմ, շատ դժվարության մեջ եմ, փողոցներն եմ թափառում…»: