«Ես մրցակցելու եմ ինքս ինձ հետ»

17/07/2012 Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ ԲՀԿ-ն չցանկացավ աջակցել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ մյուս խմբակցությունների նախաձեռնությանը` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին:

– Հարցն ընդամենը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր, ինչը ԲՀԿ-ին ժամանակ շահելու հնարավորություն է տալիս: Չնայած, եթե ԲՀԿ ղեկավարությունը քաղաքական հեռատեսություն ցուցաբերեր, ապա հաշվի կնստեր այն իրողության հետ, որ հարցի լուծումը հետաձգելու` իր կողմից բերվող պատճառաբանությունը` «ԲՀԿ-ականները վայելում են վաստակած ամառային արձակուրդ», սեպտեմբերին իրենց կդնի կրկնակի «գլխացավանքի» տակ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին ԲՀԿ-ն, եթե արտահայտվի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օգտին, կզրկվի Աբովյանում եւ Սիսիանում քաղաքապետերի պաշտոնների պահպանման հարցերի շուրջ հանրապետականների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունից: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես այդ քաղաքներում, այնպես էլ ամենուրեք, կվերածվեն ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի, ինչը լիովին բխում է ՀԱԿ-ի մարտավարության հիմնանպատակից` վերջնականապես փչացնել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, իսկ ԲՀԿ-ին գցել հանրապետականների «քացու տակ»: Հաշվարկը պարզից էլ պարզ է. հանրապետականների հարվածների տարափի տակ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու` ՀԱԿ-ի ջանքերը միանգամայն պահանջված եւ նույնիսկ արժեքավոր կդիտվեն: Չէ՞ որ ՀԱԿ-ն իր գոյությունն այսօր

ԲՀԿ-ին պաշտպանելու դերով է արդարացնում: Բացի այդ, տեսականորեն չի բացառվում, որ հայտնվելով հանրապետականների հարվածների տակ` ԲՀԿ-ն կարող է մոռանալ թե «Սիվիլիթասի» գործով թիրախ դարձած Վարդան Օսկանյանի, եւ թե Ռոբերտ Քոչարյանի «ականջների» մասին, ինքնաբուխ նետվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրկը: Այստեղ է, որ Լ.Տեր-Պետրոսյանի համար կարող է ԲՀԿ-ի կողմից պաշտպանվող «միասնական թեկնածու» դառնալու դուռ բացվել: Մյուս կողմից, ԲՀԿ ղեկավարության «արձակուրդային» կարճատեսության շնորհիվ ՀԱԿ-ը լրացուցիչ մեկուկես ամսվա ժամանակ ստացավ` ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գաղափարի նկատմամբ հանրությանն էլ ավելի «տաքացնելու» եւ դրանով ԲՀԿ-ի նահանջի ճանապարհը մինչեւ սեպտեմբեր վերջնականապես փակելու համար: Սեպտեմբերին հանրային կրքերը կհասնեն «եռման կետին», եւ եթե ԲՀԿ ղեկավարությունը հրաժարվի միանալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ապա կդառնա ժողովրդի «աչքի գրողը»: Ասեմ նաեւ, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը կանաչ լույս տալով, ԲՀԿ ղեկավարությունը պետք է լրջորեն նախապատրաստվի «Ժառանգության» գրոհին: Չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը հակված է նույն հարթակի վրա տեսնել Ռուբեն Հայրապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Ժառանգությունը» առիթը բաց չի թողնի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը ներկայացնելու նաեւ ԲՀԿ-ի կարկառուն դեմքերի «դոսյեները»: Այնպես որ` ԲՀԿ ղեկավարությունը հայտնվել է աննախանձելի վիճակում, որը կարելի է բնութագրել հայտնի ռուսական ժողովրդական ասացվածքով. «ձախ կգնաս` գլխից կզրկվես, աջ կգնաս` նժույգդ կկորցնես»…

– Անցած շաբաթ մամուլում լուրեր էին հայտնվել, ըստ որոնց` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն արդեն, կոպիտ ասած, բաժանել են պաշտոնները միմյանց միջեւ` ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք միասնական թեկնածուի հաղթանակի դեպքում (ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության համաձայն` Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ կդառնա Ռ.Քոչարյանը, ՀԱԿ-ին նույնպես խոստացվել է մասնաբաժին` Լ.Զուրաբյանին` փոխվարչապետ, Գ.Ջհանգիրյանին` գլխ. դատախազ, եւ եւս մի քանի նախարարական պաշտոններ): Ձեր կարծիքով` այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Հայերս ոչ պակաս իմաստուն ժողովրդական ասացվածքներ ունենք. «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում»: Իշխանության համար պայքարում, մանավանդ, եթե այդ պայքարում համախմբվում են նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած եւ իշխանության քաղցրությունը ճաշակած դեմքեր, քաղաքական գաղափարական նկատառումները մղվում են ետին պլան, իսկ առաջին պլանում է հայտնվում իշխանության խմբակային նվաճման նպատակը: Այնպես որ, թեկուզ` տեսականորեն, ես չեմ բացառում նման պայմանավորվածությունների ձեռքբերումը: Չէ՞ որ այդ թվարկված դեմքերը պետական հիերարխիայում ոչ վաղ անցյալում զբաղեցրել են ամենաբարձր պաշտոնները, եւ նրանց այսօր համախմբում է ռեւանշի հասնելու ընդհանրական ձգտումը: Սակայն սրանք քաղաքագիտական դատողություններ են, եւ չունենալով հավաստի ինֆորմացիա` ես ավելին ասել չեմ կարող:

– Դուք նախորդ շաբաթ Ձեր տված հարցազրույցում հավանական էիք համարել Գ.Ծառուկյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու` դրա պատճառ համարելով ՀԱԿ-ի կողմից Վ.Օսկանյանին Ռ.Քոչարյանի հետ նույնացնելը եւ Ծառուկյանի` ապաքաղաքական ֆիգուր լինելը: Սակայն ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ ընդդիմադիր ուժերը կաջակցեն Ծառուկյանի թեկնածությունը, չէ՞ որ նրան նույնպես նույնականացնում են Քոչարյանի հետ:

– Բոլորը, բացի Լ.Տեր-Պետրոսյանից, քանզի առաջին նախագահը ցանկալին իրականություն ներկայացնելու սովորություն ունի: Հիշո՞ւմ եք` ինչպես էր նա 2008թ. փետրվարյան բուռն օրերին Ազատության հրապարակի հարթակից հավաստիացնում, որ «Ռ.Քոչարյանը խելագար չէ եւ ցուցարարներին ցրելու նպատակով ուժ չի գործադրի»: Դուք ինքներդ լավ գիտեք, որ այս բարեհոգի կանխատեսումների համար առաջին նախագահը մարտի 1-ին ծեծվածներին եւ սպանվածների ծնողներին ոչ մի բացատրություն չի տվել: Ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ առանձնապես բարդույթավորվելու է, երբ բոլորին հայտնի «գաղտնիքը» կբացահայտվի: Լավագույն դեպքում կներկայացնի մի նոր «քաղաքագիտական վերլուծություն» կամ նորից կհիշի Եղիազար Այնթապցուն…

– Իսկ ինչո՞վ է Վ.Օսկանյանը արեւմտամետ, ինչպես Դուք էիք նշել, առավելեւս, եթե հաշվի առնենք, որ նա շատերի կողմից համարվում է ռուսական կողմնորոշում ունեցող Ռ. Քոչարյանի ներկայացուցիչը ԲՀԿ-ում:

– Ռուսներն իրենք չգիտեն, թե իրենցից ովքեր են ռուսամետ կամ արեւմտամետ, իսկ Դուք ի՞նչ եք պահանջում Ռ.Քոչարյանից: Երբ Էդուարդ Շեւարդնաձեն օրենքով Ջաբա Իոսելիանիի միջոցով իշխանությունը Վրաստանում զավթեց, նա ռուսամետ էր, իսկ երբ իշխանությունը հետո հանձնեց Սահակաշվիլիին, արեւմտամետ էր եւ Արեւմուտքի ծրագրերն էր կյանքի կոչում: Հետխորհրդային տարածքում այդ աշխարհաքաղաքական խառնաշփոթն այսօր էլ է շարունակվում, եւ դրա վերջը դեռ չի երեւում, բայց օրերից մի օր ամեն ինչ կընկնի իր տեղը:

– Այսօր համացանցում տարածված լուրերի համաձայն` Դուք առաջադրվելու եք թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում որպես թեկնածու ԱԺ մեծամասնական ընտրություններում: Այսինքն` այս երկու ընտրատարածքներից ո՞ր մեկում եք առաջադրվելու:

– Ժամանակ դեռ կա, կորոշեմ: Որտեղ ավելի պահանջված լինի ծառայությունս, այնտեղ էլ կառաջադրվեմ:

– Դուք այժմ որեւէ կապ չունեք ԲՀԿ-ի հետ եւ չեք ստանալու վերջինիս աջակցությունը սույն ընտրություններում, այդպե՞ս է:

– Արդեն 12 տարի է, ինչ ես անկուսակցական եմ, որպես անկուսակցական հանրային գործիչ` հրավիրվել եւ ընդգրկվել եմ ԲՀԿ ընտրացուցակում, սակայն ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո հրաժարվել եմ մանդատից` վերագտնելով ազատ եւ անկաշկանդ, հանրային շահերի սպասարկման իմ ընկալումներին հարիր գործելու հնարավորությունը: Դա իմ նվաճումն է, որը կամբողջականանա, եթե ես, ինքնուրույն ապավինելով անկուսակցական զանգվածների աջակցությանը, ընտրվեմ ՀՀ ԱԺ պատգամավոր:

– Իսկ ո՞ւմ եք տեսնում` որպես Ձեր ամենահավանական գլխավոր մրցակից, հատկապես իշխանության կողմից:

– Ես եղել եմ Կարեն Դեմիրճյանի ամենամերձավոր զինակիցը, մեծ քաղաքականություն նրա վերադարձից հետո նրա աջ ձեռքը` տեղակալը: Կ. Դեմիրճյանի հետ միասին` երկրորդ համարով եմ ես մտել ԱԺ: Նրա ողբերգական մահից հետո` առ այսօր ես փնտրտուքի մեջ եմ, ձգտում եմ վերագտնել այն ճանապարհը, այն ուղին, որը մենք նախագծել էինք եւ որն ընդհատվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Այդ ուղին վերագտնելու խնդիրն է իմ իրական «մրցակիցը», այդ խնդրի լուծումն է այն հաղթանակը, որին ես ձգտում եմ հասնել: Մնացյալը միջոցներ են: Վերջին հաշվով` ես մրցակցելու եմ ինքս ինձ հետ` ընդդեմ այս տասներկու տարիների իմ սխալների, հիասթափությունների, կորուստների, հանուն սպանված իմ միակ քաղաքական ղեկավարի բարձր վստահության արդարացման…