Տպագիր հրատարակությունների բաժանորդագրություն եւ առաքում իրականացնող ընկերություններն անհանգստացած են, որ 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունված «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տպագիր հրատարակությունների տարածումը ենթարկվում է լիցենզավորման: Հիշեցնենք, որ 2004թ. «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարումը հանձնվել է «Կոնվերս Ինվեստին»: Այդպիսով, շատ շուտով «Հայփոստ» ՓԲԸ-ն կդառնա մոնոպոլիստ եւ շուկա թելադրող: Այդ թվում՝ տպագիր մամուլի: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի մեկնաբանությամբ՝ տպագիր մամուլի ներկրմամբ, բաժանորդագրությամբ եւ վաճառքով կարող են զբաղվել բոլոր ընկերությունները, սակայն դրանց փոստային առաքումը կիրականացնի այն ընկերությունը, որը լիցենզիա կունենա: Հետաքրքիրն այն է, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանում դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում մամուլի զարգացման համար, իսկ մեր կառավարությունն օրենքներ է անցկացնում՝ սահմանափակելու համար: Մամուլի տարածման փոքր ձեռնարկությունները, բնականաբար, լիցենզիա ստանալու համար ի վիճակի չեն լինի 5 մլն դրամ վճարել, հետեւաբար՝ կլուծարվեն: Ա. Մանուկյանն ասաց, որ լիցենզիայի համար ընկերությունը պետք է վճարի մեկ անգամ եւ ընդմիշտ: Իսկ Ա. Մանուկյանը խոստացավ մանրամասն պարզաբանումներ տալ մեր թերթի հաջորդ համարում: