Հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում Սիրիայից ժամանած սիրիահայերն իրենց դժգոհությունն էին արտահայտել Սիրիա-Հայաստան ինքնաթիռի տոմսերի արժեքի թանկացման վերաբերյալ: Ըստ սիրիահայերի` «Արմավիա» ընկերությունն առաջարկում է միայն երկկողմանի չվերթ` Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ: «Միակողմանի չվերթերն արժեն 150 դոլար ավելի թանկ, քան նախկինում էր, ու «Արմավիայի» ինքնաթիռն, արդեն մեկ տարի է` Հալեպ ուղղությամբ թռիչք չի ունեցել»,- այս մասին հայտարարել էր սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Հարութ Փալուլյանը, ով մեկ շաբաթ առաջ է եկել Հայաստան: Նրա խոսքով` սիրիական ավիաուղիներից հնարավոր էր ավելի մատչելի գնով տոմս ձեռք բերել, սակայն մինչեւ սեպտեմբեր նրանց բոլոր տոմսերը գնված են: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Արմավիա» ընկերությունից, սակայն ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան մեզ հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ հարցի վերաբերյալ` խոստանալով բոլոր հարցերին պատասխանել այսօր` հուլիսի 17-ին: