Լցնովի պաղպաղակի «առավելությունները»

17/07/2012

Երեւանյան ամառվա շոգին փողոցներում առավել հաճախ են հանդիպում, այսպես ասած` լցնովի պաղպաղակի վաճառակետեր։ Շո՞գն է ազդում, թե՞ պատրաստման «ուրույն տեխնոլոգիան», դժվար է ասել, սակայն դրանք շատերին «թարմ» ու գայթակղիչ են թվում։ Դա` ընդամենը առաջին հայացքից:

Պաղպաղակ գնում են բոլորը` թե մեծերը, եւ թե հատկապես փոքրերը (կամ՝ փոքրերի համար), ու հենց այդ պատճառով արտադրողներն ու սպառողները պետք է առավել ուշադիր լինեին, քանի որ երեխաների առողջության հետ գործ ունեն: Սակայն այսօր շատ քիչ ընկերություններ կան, որոնք պահպանում են արտադրման կանոնները եւ թողարկում անվտանգ պաղպաղակ: Մասնավորապես` խոսքը վերաբերում է լցնովի պաղպաղակներին, որոնք վաճառվում են դրսում. սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն, չունեն արտադրման նորմեր, եւ արդյունքում՝ պարունակում են մի շարք մանրէներ։ Կարճ ասած՝ վտանգավոր են առողջության համար։ «Ես կարծում եմ, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն կանխելու համար նման ապրանքատեսակների վաճառքը, քանի որ ստացված վնասներն առավել կարող են լինել, քան իրականում մենք պատկերացնում ենք»,- մեզ հետ զրույցում նշեց սննդի անվտանգության փորձագետ Լենա Հարությունյանը: Լցնովի պաղպաղակի անվտանգության վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետի մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից։ Վերջինիս խոսքով, դեռեւս հունիս ամսվա ընթացքում պետք է կատարվեին ստուգումներ, որոնց արդյունքում անվտանգ սննդամթերք արտադրող ընկերությունները պարզ կդառնային սպառողին: «Սակայն հունիսի կեսերին եղանակային առումով Հայաստանում պաղպաղակի սպառման ցուցանիշներն անկում ապրեցին, կազմակերպությունները ողջ հունով չէին արտադրում արտադրանք, բնականաբար, ստուգումները ժամանակավորապես դադարեցվեցին»,- նշեց Բ. Պիպոյանը։ Նաեւ հավելեց, թե գործընթացը ոչ թե պոպուլիստական նպատակներ է հետապնդում, այլ իրենք փորձում են վերահսկողություն իրականացնելով լայն սպառում ունեցող ապրանքների արտադրման նկատմամբ՝ քաղաքացիներին ապահովել անվտանգ սննդամթերքով: Վերջին շրջանում, սակայն, խնդիրներ առաջանում են ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանների առումով, այլ, օրինակ՝ հումքի որակի։ Բ. Պիպոյանից փորձեցինք ճշտել` Սննդամթերքի անվտանգության տեսչությունն արդյո՞ք չի վերահսկում պատրաստման արդյունքում օգտագործված հումքը` պարզելու համար, օրինակ, օգտագործվել է կաթի փոշի՞, թե՞ բնական կաթ: «Ակնհայտ հնարավոր չէ որոշել կաթի կամ կաթի փոշու առկայությունը, քանի որ իրականում մի շարք կազմակերպություններ կան (չեմ ցանկանում նշել այդ կազմակերպությունների անունները), որոնք իրենց արտադրանքի համար օգտագործում են իրականում բարձր որակի կաթ` ըստ այդմ ապահովելով արտադրանքի բարձր որակը: Կան նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք, իրենց հերթին, օգտագործելով կաթի փոշի, նույնպես ունենում են բարձր որակի արտադրանք: Պետք չէ միանշանակ նշել, կաթի փոշո՞ւց է պատրաստված պաղպաղակը, թե՞ ոչ: Չոր կաթի օգտագործումով եւ բնական կաթի օգտագործումով արտադրանքը գնային առումով գրեթե չի տարբերվում, դրա համար մատնանշել, որ լցնովի պաղպաղակները չոր կաթից են պատրաստված, դրա համար վատն են` չենք կարող»,- ասաց նա:

Լցնովի պաղպաղակի արտադրությամբ զբաղվողները պետք է անցնեն փորձաքննություն եւ փորձաքննության արդյունքում ստանան թույլտվություն: Եթե նման փորձաքննության եզրակացությունը բացակայում է, ապա դա օրենքի խախտում է, որի համար կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։ Սակայն դժվար է ասել՝ լցնովի պաղպաղակի գործող կետերից քանի՞սն են անցել համապատասխան ստուգումները, եւ որքանո՞վ է անվտանգ նրանց վաճառածը։ Հարկ է նաեւ նշել, որ այս դեպքում գործ ունենք հիմնականում անհատ ձեռնարկատերերի հետ, որոնց հետ պետությունը խիստ վարվել չի ցանկանում։ «Ի սկզբանե օրենսդրական դաշտը մշակում ենք այնպես, որ փոքր եւ միջին բիզնեսի գործունեությանը չխանգարենք: Լինում են դեպքեր, երբ բողոք է գրանցվում, մենք տեղում անցկացնում ենք ստուգում, եւ երբ հայտնաբերում ենք խախտում, արձանագրում ենք այն եւ ենթարկում ենք վարչական պատասխանատվության: Մեր քաղաքականությունն էլ այնպիսին է, որպեսզի խթանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, եւ տնտեսությունն էլ զարգացում ապրի եւ ոչ` ընդհակառակը»,- մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը:

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ