Հիշո՞ւմ եք հայտնի հումորը` Հայաստանում միայն հարուստներն են հանգստանում: Ըստ նույն անեկդոտի` միջին խավը գերադասում է արտերկրում հանգստանալ: Որտե՞ղ են այս տարի նախընտրում հանգստանալ հայերը: Պարզվում է` նախասիրությունները չեն փոխվել: Հիմնականում հանգստի են մեկնում Անթալիա, Վրաստան, Հունաստան, Կիպրոս: Հնարավորության դեպքում մեկնում են Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ եվրոպական այլ երկրներ: Տուրիստական գործակալություններից մեզ տեղեկացրեցին, որ այս տարի եվրոպական երկրներում հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է: Պատճառը վիզաների հետ կապված տարատեսակ քաշքշուկներն են: Հայերն այս տարի մեկնում են առավել մոտ երկրներ եւ ավելի քիչ ժամկետով: Ինչպես միշտ, այս ամառ եւս պատմամշակութային կոթողներով հարուստ երկրների հանդեպ հայերի կողմից հատուկ սեր չի գրանցվել: Ըստ «Tourcenter» տուրիստական գործակալության` հայերը պատմական նշանակություն ունեցող երկրներից հաճախ նախընտրում են Եգիպտոսը: Հանգստյան համար նախատեսված հյուրանոցների, հանգստի գոտիների գները ոչ միայն Հայաստանում են թանկացել, այլեւ արտերկրում, սակայն հայերը շարունակում են հանգստավայրեր փնտրել այլ երկրներում: Հայաստանցիները տարբեր երկրներում հանգստավայրեր փնտրելիս ոչ միայն առաջնորդվում են մատչելիությամբ, տեսարժան մշակութային վայրերով, այլեւ առաջնային են համարում ծովի առկայությունը: Մեզ հետ զրույցում Անթալիա մեկնած հայ զբոսաշրջիկներից մեկը նշեց, որ ծովափնյա երկրներում հանգիստը սովորաբար ավելի ժամանցային է, հատկապես երիտասարդների համար` արեւ, ծով, ծովափնյա խնջույքներ, կինոդիտումներ, տարատեսակ խաղեր: Այս տարի տուրիստական գործակալությունները հայ զբոսաշրջիկներին առաջարկում են հիմնականում նույն հանգստավայրը` փոքր-ինչ փոփոխված գներով: Օրինակ, Դուբայում 770 դոլարի դիմաց ցանկացողները կարող են մեկշաբաթյա հանգիստ անցկացնել` բարձրակարգ երկտեղանոց հյուրանոցով եւ մեկանգամյա սնունդով: Անթալիա մեկնող մեր հայրենակիցները 865 դոլարի դիմաց կարող են անցկացնել մեկշաբաթյա լիարժեք հանգիստ: Բուլղարիա մեկնող հայ զբոսաշրջիկները մեկշաբաթյա հանգստի համար պետք է վճարեն 1000 եվրո, իսկ Իսպանիա եւ Իտալիա մեկնողներին մեկշաբաթյա հանգիստը առաջարկվում է 1300 դոլարով: Վրաստանն այս տարի եւս զբաղեցնում է հանգստյան ամենապահանջված գոտիների առաջին հորիզոնականը: Մեկ մարդու 7-օրյա հանգիստը Վրաստանում սկսվում է 50.000 դրամից, ներառյալ` հյուրանոցի օրավարձը, սնունդը եւ ճանապարհածախսը: