«ՀՀ պետական նպաստների մասին» օրենքի համաձայն` ընտանեկան նպաստ եւ միանվագ օգնություն տրամադրելիս պետական կառույցները պարտավոր են առաջնորդվել վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածով, որը սահմանում է` «Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա»:
Որպես ընտանիք` օրենքը դիտարկում է միեւնույն բնակության վայրում հաշվառված եւ (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաեւ, միայնակ բնակվող քաղաքացին: Բացի դա, ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են` հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները: Մի խոսքով` ընտանեկան նպաստ համակարգը կանոնակարգվում է օրենքի դրույթներով, եւ, եթե հաշվի առնենք, որ մշտապես համակարգում «բարեփոխումներ» են իրականացվում, պետք էր ենթադրել, որ ընտանեկան նպաստ համակարգի շահառուները եւ համակարգի կառավարման մոդելն ապահովագրված են «մախինացիաներից» եւ թերություններից: Բայց արի ու տես, որ այս համակարգը շարունակում է սոցիալական ոլորտի կոռուպցիոն որջերից մեկը հանդիսանալ, որը տարիների ընթացքում ենթարկվելով բազմաթիվ փոփոխությունների, այդուհանդերձ, խոցելի է, եւ աղքատների պետական նպաստը միշտ չէ, որ տրամադրվում է հասցեատերերին: Մենք արդեն կոնկրետ փաստերով ներկայացրել էինք այդ նպաստի տրամադրման շահառու-տեսուչ-գրասենյակի պետ ստվերային համագործակցության մասին փաստեր: Շատ դեպքերում պետական նպաստ ստանում են աղքատ այն ընտանիքները, որոնց անապահովության գնահատման բալերը թեեւ համապատասխանում են սահմանված չափորոշիչներին, այդուհանդերձ, նրանք զրկվում են նպաստից, եթե մի քանի ամսվա գումարը չեն թողնում Սոցիալական աջակցության ծառայության գրասենյակի աշխատակիցներին: Մինչդեռ, այսօր կներկայացնենք մի խնդիր, որը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «բարեփոխման» անվան տակ «ներմուծեց» այս ոլորտ` հասցեականության ճշգրտման նկատառումներով, որի արդյունքում բազմաթիվ ծայրահեղ անապահով մարդիկ զրկվեցին պետական նպաստ ստանալու իրավունքից: Նախ նշենք, որ «Պետական նպաստների մասին» օրենքում նշվում է. «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանում է ՀՀ կառավարությունը»: Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. Կառավարության կողմից կատարված փոփոխությունների վերաբերյալ նպաստառուները բողոքի ալիք բարձրացրին: Այդ փոփոխությունները վերաբերում էին մասնավորապես նպաստառու ընտանիքների հաշվառման վայրին: Համաձայն նոր կարգի` ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկվելու համար բնակչին տեղեկանք տրամադրվում է ըստ փաստացի հաշվառման վայրի: Ընդ որում, տեղեկանքների տրամադրման գործառույթը հանձնվել է անձնագրային բաժանմունքներին, ինչը նշանակում էր, որ նպաստառուի փաստացի բնակության վայրը պետք է համապատասխանի նրա անձնագրային նշումներին: Մեր թերթում տպագրված հարցազրույցներից մեկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանից հետաքրքրվել էինք, թե անօթեւան, մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներն արդյո՞ք այս փոփոխություններից հետո դուրս չեն մնա ընտանեկան նպաստ համակարգի հաշվառումից, մանավանդ, երբ մեր հանրապետությունում բազմաթիվ են նաեւ փողոցներում «բնակվող» մարդիկ: Վերջինս պատասխանել էր, թե անկախ նրանից` մարդը տուն ունի՞, թե՞ ոչ, նա կարող է տարածքի թաղային տեսուչից տեղեկանք վերցնել, համաձայն որի` բնակվում է փողոցի այդ հատվածում, որի հիման վրա անձնագրային բաժնում նրան կհաշվառեն որպես փաստացի բնակվող անձ: Վերջինս էլ այդ փաստաթղթով կարող է դիմել Սոցիալական ծառայության գրասենյակ: Մինչդեռ տեւական ժամանակ է` մեր խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք անձնագրային բաժնում հաշվառվելու կամ փաստացի գրանցման խնդիրներից ելնելով, զրկվել են ապրելու միակ եկամտից` պետական նպաստից: Որպես օրինակ` նշենք Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 3ա հանրակացարանի ժամանակավոր բնակիչներ Մարինա եւ Համլետ Բալաբեկյաններին:
Անօթեւան ամուսիններն իրենց չորս անչափահաս երեխաների հետ, արդեն մի քանի տարի է` բնակվում են սարսափելի աղքատության մեջ, անգամ էլեկտրականություն չունեն: Նախկինում նույն հանրակացարանի սենյակներից մեկում բնակվել են վարձակալի սկզբունքով, սակայն չկարողանալով վարձը վճարել` նրանց փողոց են շպրտել, որից հետո ամուսիններն իրենց 4 երեխաների հետ ապրել են հանրակացարանի միջանցքում: Արդեն քանի ամիս է` նույն շենքի մի սենյակում են ապրում` մոմի լույսով: Ի դեպ, Մարինա Բալաբեկյանի 4 երեխաների դպրոցական տարիքը վաղուց լրացել է, սակայն նրանցից ոչ մեկը դպրոցական չէ: Ականատես լինելով նրանց ծայրաստիճան աղքատ պայմաններին` մենք նրանց բազմիցս հորդորել ենք դիմել Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակ` ընտանեկան նպաստ համակարգից օգտվելու համար: Իսկ հիմա ներկայացնենք, թե ինչ արգելքների է հանդիպում այս ընտանիքն այդ համակարգում ընդգրկվելու համար: Օրեր առաջ Հ. Բալաբեկյանը դիմել է հանրակացարանի պարետին` խնդրելով տեղեկանք տրամադրել այն մասին, թե ո՞ր ամսաթվից սկսած է իր ընտանիքը ժամանակավոր բնակվում հանրակացարանում: Ընդ որում, այդ տեղեկանքը պահանջել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները` ինչպես ընտանեկան նպաստ համակարգում հաշվառելու, այնպես էլ` երեխաների դպրոց գնալու գործընթացը կազմակերպելու համար: Այդ տեղեկանքի հիման վրա Բալաբեկյանների ընտանիքը պետք է դիմեր անձնագրային բաժին` փաստացի բնակության վայրի կարգավիճակ ձեռք բերելու համար, որից հետո հնարավոր կլիներ ընտանեկան նպաստ համակարգում հաշվառվել:
Մեզ հետ զրույցում հանրակացարանի պարետը նշեց, որ հանրակացարանը պատկանում է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայությանը, եւ մինչեւ իրեն ծառայությունից չհրահանգեն` տեղեկանք չի տրամադրելու: Պարետը մեզ նաեւ ասաց, որ Միգրացիոն ծառայության աշխատակից Մուրադ Մեժլումյանն է այդ հարցերով զբաղվում: Մենք զանգահարեցինք Մ. Մեժլումյանին` պարզելու համար, թե ինչո՞ւ այդ ծայրահեղ աղքատ ընտանիքին տեղեկանք չեն տրամադրում, հատկապես, երբ այդ երեխաները սովամահ են լինում, եւ պետական նպաստը նրանց «օդ ու ջրի» պես անհրաժեշտ է: Պարզվեց` Մ. Մեժլումյանը չի էլ պատրաստվում այդ տեղեկանքի համար պարետին հանձնարարություն տալ` պատճառաբանելով, որ Բալաբեկյանները փախստականի կարգավիճակ չունեն, իսկ հանրակացարանը փախստականների համար է: Վերջինս ամեն ինչ անելու է, որ Բալաբեկյանները անձնագրային բաժնում փաստացի գրանցում չստանան, քանի որ նրանց այդ սենյակում ժամանակավոր բնակեցնելը բարի կամքի դրսեւորում է իր կողմից: Մենք Մ. Մեժլումյանին հիշեցրեցինք, որ այդ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, ու նրանք ծնողների հետ ՀՀ քաղաքացիներ են, որոնք կրկին հայտնվելու են փողոցներում: Վերջինս սկսեց պատմել, թե ինքը ինչ լավն է, ինչ բարի է, որ խղճացել է իր այս հայրենակիցներին ու թույլ է տվել ժամանակավոր ապրել այդ սենյակում այն դեպքում, երբ փախստականի կարգավիճակ չունեն: Ստիպված եղանք Մ. Մեժլումյանին հիշեցնել, որ այս ընտանիքը նույն հանրակացարանի սենյակներից մեկը վարձակալել էր, որի համար ամսական վարձ էր վճարում: Մ. Մեժլումյանից հետաքրքրվեցինք` «Ձե՞զ, թե՞ Միգրացիոն ծառայությանն էին վճարում: Չէ՞ որ հանրակացարանը պատկանում է ՏԿՆ-ին եւ նախատեսված է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար: Վարձը չվճարելու համար նրանց դուրս էիք շպրտել, որի արդյունքում հանրակացարանի միջանցքում էին գիշերում: Ասում եք` իրավունք չունեք փախստականի կարգավիճակ չունեցող անձանց տեղեկանք տրամադրել, թույլ տալ այդ սենյակում բնակվել, կներեք, բայց փախստականների համար նախատեսված այդ սենյակները վաճառում եք, չէ՞: Ուզո՞ւմ եք նաեւ փաստեր կհրապարակենք, որ սենյակները վաճառում եք նման կարգավիճակ չունեցող անձանց»,- ասացինք Մ. Մեժլումյանին: Վերջինիս նյարդերն, անշուշտ, տեղի տվեցին, եւ նա, առանց պատասխանելու մեր հարցադրումներին, մեզ հորդորեց դիմել Տարածքային կառավարման նախարարություն` ասելով, թե միեւնույն է` Բալաբեկյաններին տեղեկանք չի տրամադրելու: Մենք ՏԿՆ դիմելու փոխարեն` կփորձենք կոնկրետ փաստեր ներկայացնել փախստականների համար նախատեսված հանրակացարանի սենյակների վաճառքի, դրանց կոնկրետ գների եւ նոր սեփականատերերի վերաբերյալ, ինչի մասին, կարծում ենք` տեղյակ են նաեւ Մ. Մեժլումյանի վերադասները: Իսկ թե 4 մանկահասակ երեխա ունեցող այս ընտանիքը որքան ժամանակ կարող է գոյատեւել ծայրաստիճան աղքատության մեջ` դժվար է ասել: Մեր պետությունը, այնուամենայնիվ, նման ընտանիքների համար բազում պետական նպաստներ եւ արտոնություններ է սահմանել, սակայն սահմանելը մի բան է, դրանցից օգտվելը` մեկ այլ բան: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամեն տարի ամփոփելով սոցիալական ոլորտը, աղքատների թիվն արհեստականորեն կրճատում է: Բալաբեկյանների ընտանիքը ծայրահեղ աղքատ է, բայց որեւէ փաստաթղթում գոյություն չունի, քանի որ մի երկու «կոպեկ» պետական նպաստ հատկացնելու համար մի տրցակ փաստաթուղթ են ուզում: Իսկ Աստղիկ Մինասյանը մեզ վստահեցնում էր, որ անգամ փողոցում ապրող մարդը կարող է փաստացի բնակության մասին տեղեկանք ներկայացնել: Բալաբեկյանների նման հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք, թեեւ մեր կողքին են, այդուհանդերձ, բնակչության աղքատությունը բնորոշող տվյալների ցուցակում գոյություն չունեն: Հետեւաբար, մեր երկրում աղքատների թիվն այսպես սահուն «նվազում է»: