Ֆիննական Nokia ընկերությունն ԱՄՆ-ում 50%-ով կրճատել է մի քանի շաբաթ առաջ թողարկած Lumia 900 սմարթֆոնի գինը` վաճառքի «աղետալի» ցածր ցուցանիշների պատճառով. հայտնում է Associated Press-ը: Կանխատեսվում էր, որ 4.3 դյույմանոց էկրանով, 1.4 գեգահերց պրոցեսորով եւ 8 մեգապիքսել տեսախցիկով համալրված հեռախոսի միջոցով Nokia-ին կհաջողվեր վերջիվերջո հավասար մրցակցություն ապահովել iPhone-ի եւ Samsung Galaxy S-ի հետ: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում բջջային հեռախոսների շուկայում առաջնային դիրք զբաղեցնելուց հետո Nokia-ին, այնուամենայնիվ, չհաջողվեց այնպիսի սմարթֆոն արտադրել, որը կմրցակցեր իր հիմնական մրցակիցներ Apple-ի, Samsung-ի եւ HTC-ի հետ: Այժմ Lumia 900-ի գինը 99 դոլարից նվազել է`դառնալով 49.99 դոլար: Nokia-ն նաեւ հայտարարել է, որ սմարթֆոնների շուկայում կատաղի պայքարի հետեւանքով պատրաստվում է 10 հազար աշխատատեղ կրճատել: Բացի այդ, կանխատեսվում է, որ ընկերությունն այս տարվա 2 եռամսյակի ընթացքում մեծ կորուստներ կգրանցի:
Երեք գլխավոր վարկանշային գործակալություններ Nokia-ի վարկանիշն արդեն իջեցրել են նվազագույն մակարդակի: