Մեր հասարակությունը դեմոգրաֆիկ ճգնաժամ է ապրում

17/07/2012

2008թ. հիմնադրված` Fertilty Center մարդու պտղաբերության կենտրոնը Հայաստանում զբաղվում է զույգերի վերարտադրողական ֆունկցիայի կարգավորմամբ: Հայաստանում այսօր, ի տարբերություն մի շարք երկրների, անպտղության տոկոսը շատ բարձր է: Սա Հայաստանի առջեւ ծառացած բավական ծանր սոցիալական, ռազմավարական նշանակության խնդիր է: Անպտղության, դրա պատճառների եւ խնդրի հաղթահարման արդի մեթոդների շուրջ զրուցեցինք Fertilty Center կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի հետ:

– Կարո՞ղ ենք ասել, որ այսօր հայ հասարակությունն առողջ է:

– Ընդհանուր առմամբ, իհարկե, չենք կարող ասել, որ առողջ է, բայց որոշ խնդիրներ կան, որոնք մեզ մոտ ավելի արտահայտված են: Օրինակ` վերարտադրողական խնդիրները` անպտղությունը: Հայաստանում, ցավոք, մի քիչ ավելի բարձր տոկոս է կազմում, քան այլ երկրներում: Այս խնդիրը մեզ համար մտահոգիչ է: 18 տարեկանից մինչեւ 44 տարեկան զույգերի մոտ վերարտադրողական խնդիրներ կան: Հայաստանում ամեն 6-րդ զույգ անպտղությամբ է տառապում:

– Անպտղությունը ո՞ր տարիքից է ի հայտ գալիս, եւ զույգերից առավել հաճախ ո՞ւմ մոտ է այն պատահում:

– Պտղաբերությունը բնական պրոցես է, որ սկսվում է 16-18 տարեկան հասակում: Խոսքս ավելի շատ աղջիկների մասին է, որովհետեւ այստեղ առավել արտահայտիչ է պտղաբերության կորը: Կորը բարձրանալով` մաքսիմում կարող է հասնել 23-25 տարիներին, 30 տարեկանից հետո կանանց մոտ սկսում է պտղաբերության պոտենցիալի անկում: Դա ձվարանների ֆունկցիայի հետ կապված խնդիր է: 38 տարեկանից հետո անկումն ավելի ակնհայտ է դառնում: Իսկ 44 տարեկանից հետո ուղղվում է դեպի 0-ի: 50 տարեկան կանանց մոտ պտղաբերությունը, որպես կանոն, հավասար է 0-ի: Ամենախիստ կորն ի հայտ է գալիս 44 տարեկանից հետո, եւ պրակտիկորեն շատ դեպքերում բժշկությունը կարողանում է հղիության հասնել: Առողջ կնոջ մոտ ամսվա կտրվածքով հղիանալու շանսերը բարձրանում են` հավասարվելով 20-22 տոկոսի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տղամարդն էլ է առողջ, ապա պտղաբերության ինդեքսը 20-22 տոկոս է: Կախված հիվանդություններից` այս ցուցանիշը զույգերի մոտ կարող է նվազել:

– Ի՞նչ խնդիրներից ելնելով զույգը չի կարողանում երեխա ունենալ:

– Պատճառները շատ են: Տասնյակ պատճառներ կան, ինչպես կանանց մոտ, այնպես էլ տղամարդկանց: Խնդիրը կբաժանեի երեք մասի` հորմոնալ, ինֆեկցիոն եւ գենետիկ խնդիրների: Երկու տասնյակից ավելի պատճառներ կան կանանց մոտ, եւ գրեթե երկու տասնյակից ավելի պատճառներ կան հայտնաբերված տղամարդկանց մոտ: Եթե խնդիրները բաժանենք խոշոր խմբերի` դրանք կլինեն ինֆեկցիոն, հորմոնալ խանգարումները եւ գենետիկ ու վիրաբուժական որոշ խանգարումները:

– Ինչպե՞ս կարելի է կանխարգելել այդ խնդիրները:

– Աղջիկների մոտ հորմոնալ խանգարումները կարելի է կանխարգելել առաջին հերթին` ծնողների միջոցով: Մայրերը պետք է ուշադիր լինեն իրենց աղջիկների սեռական հասունացման տարիքում` 12-14 տարեկան, մինչ 20-21 տարեկան հասակը` ամուսնության օրերը, որպեսզի խանգարումների դեպքում կարողանան իսկույն միջամտել: Խանգարումները կարող են ի հայտ գալ մազածածկույթի առատության, դաշտանի խանգարման, կրծքերի թերի զարգացման տեսքով: Իսկ տղամարդկանց մոտ այդ խնդիրը առավել շատ կապված է ինֆեկցիաների հետ: Այս դեպքում պետք է աշխատել չունենալ հիվանդություններ: Այսինքն, մեր տղամարդիկ պետք է ճիշտ սեռական կյանքով ապրեն: Եթե որեւէ ինֆեկցիա, հիվանդություն կա` պետք է իսկույն դիմեն մասնագետներին: Տղամարդկանց անպտղության գերակշիռ մասն առաջանում է ինֆեկցիաների պատճառով:

– Ի՞նչ ելքեր է առաջարկում այսօրվա հայաստանյան բժշկությունը անպտղությունը բուժելու համար:

– Պետք է իմանանք, որ բոլոր անպտղությունների գրեթե 50 տոկոսն ի հայտ է գալիս կանանց մոտ, 40 տոկոսը տղամարդկանց հետ է կապված, իսկ 10 տոկոսի պարագայում խնդիրներն առկա են զույգերից միաժամանակ երկուսի մոտ: Տղամարդկանց հետ կապված խնդիրների համար այսօր Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ հետազոտական կենտրոնները, որոնք հագեցած են բարձր որակի սարքավորումներով, լաբորատորիաներով: Հետազոտելուց հետո հաջորդ քայլը դառնում է հիվանդին բուժելը: Սա կապված է խնդրի բարդության հետ: Եթե ուղղակի հորմոնալ խանգարումներ են տղամարդու, կամ ավելի շատ` կանանց մոտ, մենք, բնականաբար, բուժում ենք հորմոնալ խանգարումները: Եթե կան ինֆեկցիոն կամ այլ խնդիրներ, ապա բուժումը նշանակվում է խնդրին համապատասխան: Ներկայիս բժշկությունը զույգերին առաջարկում է վերարտադրողականությունն ապահովելու արհեստական եղանակներ:

– Որո՞նք են դրանք:

– Արհեստական մեթոդները բաժանում ենք երկու մեծ խմբերի` ներարգանդային ինսեմինացիա եւ արտամարմնային բեղմնավորում: Ներարգանդային ինսեմինացիան կատարվում է այն դեպքում, երբ տղամարդու սերմի քանակը, որակն ու աշխուժությունը ցածր է: Հատուկ նյութերով եւ մեթոդներով այդ սերմնահեղուկը զտում են օտար մարմիններից եւ ակտիվացնում: Այնուհետեւ արդեն ակտիվացած սերմերը տեղադրվում են կնոջ արգանդի խոռոչում: Սա առաջին ցուցումն է այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ ցածր են լինում սերմնաբջջի տոկոսները: Մենք խտացնում ենք, ակտիվացնում եւ տեղադրում ենք արգանդի մեջ, որպեսզի հղիությունը տեղի ունենա: Երկրորդը, երբ անհայտ պատճառների կամ իմունոլոգիական պատճառների հետեւանքով վերարտադրողական ֆունկցիան չի կատարվում: Այսինքն` կնոջ մարմինը հակամարմիններ է առաջացնում իր ամուսնու, իր զույգի սերմնահեղուկի նկատմամբ: Այս դեպքում նույնպես կատարվում է հակամարմիններից լվացում, մաքրում, եւ մաքուր սերմնաբջիջները տեղադրում ենք արգանդի մեջ: Սա բուժական մեթոդներից ամենատարածվածն է, եւ բավական էֆեկտիվ է: Արհեստական բեղմնավորումների երկրորդ մեթոդը կոչվում է արտամարմնային բեղմնավորում: Այն աշխարհում ի հայտ է եկել վերջին տասնամյակներում: Հայաստանյան մի քանի կենտրոններ այսօր զբաղվում են այս միջամտությամբ: Սա բավական լուրջ եւ բարդ միջամտություն է:

– Բեղմնավորման արհեստական եղանակները հասանելի՞ են բոլորին:

Հայաստանում զույգերի գրեթե 70 տոկոսը, որոնք արտամարմնային բեղմնավորման կարիք ունեն, այդ մեթոդին դիմելու հնարավորություն չունեն: Պատճառը` մեթոդի թանկ լինելն է: Սա շատ տխուր պատկեր է: Մեթոդն արժե 3000-3500 դոլար: Մի հասարակության մեջ, որտեղ բնակչության 70 տոկոսը աղքատության շեմին է գտնվում կամ ցածր եկամուտ ունի, բնականաբար, չեն կարող դիմել այդպիսի մեթոդի: Եթե հաշվի առնենք նաեւ, որ մեթոդի հաջողության շանսերը բավականին քիչ են` 40 տոկոս, ապա մեր պայմաններում, շատերը անգամ չեն էլ դիմի: Սա բավական ծանր խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Սակայն արտասահմանյան մի շարք երկրներում նման զույգերի համար պետության կամ ապահովագրական կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցություն է տրամադրվում, որը Հայաստանում դեռ չկա: Մենք մեր ասոցիացիայի կողմից աշխատում ենք այս հարցերի ուղղությամբ, որպեսզի ինչ-որ մի ապահովագրական մեթոդ ներդրվի, կամ որեւէ կերպ կարողանանք նմանատիպ զույգերին օգնել: Վերարտադրողական բժշկության խնդիրները միայն ընտանիք բուժելը չէ, սա ամուր պետականություն ունենալու խնդիրն է: Մեր հասարակությունը դեմոգրաֆիկ ճգնաժամ է ապրում: Այսինքն` մեր բնակչության քանակը պակասում է, քանի որ պտղաբերության ինդեքսը շատ ցածր է: Անպտղության տոկոսը շատ բարձր է: Եթե մենք այս կերպ շարունակենք, ապա, որպես ազգաբնակչություն, վատ ապագա կունենանք: Մեր բնակչության քանակը քիչ է, անպտղաբերությունը շատանում է, իսկ նրանք, ովքեր պտղաբեր են` շատ քիչ երեխաներ ունեն: Սա Հայաստանի առջեւ ծառացած բավական ծանր սոցիալական, ռազմավարական նշանակության խնդիր է:

– Արհեստական եղանակով բեղմնավորված կանայք` ի՞նչ շանսեր ունեն ինքնուրույն ծննդաբերելու:

– Կինը գրեթե 100 տոկոսով շանսեր ունի: Եթե այլ պատճառներ չեն եղել` նա կարող է ինքնուրույն երեխա ունենալ:

– Երեխա ունենալու մի եղանակ էլ համարվում է սուռոգատ մայրության մեթոդը: Ի՞նչ կասեք այս մեթոդի մասին:

– Սուռոգատ մայրությունը գրեթե ամբողջ աշխարհում ընդունված` զույգերին օգնելու մեթոդներից մեկն է; Մենք նման պարագայում պետք է հաշվի առնենք ոչ թե հասարակ մարդկանց, քաղաքագետների, հարեւան-բարեկամների կարծիքը, այլ զույգի, ով երեխա չունի, եւ նրանց` երեխա ունենալու խնդրի միակ լուծումը` սուռոգատ մայրն է:

– Ո՞րն է Ձեզ այցելող հիվանդների միջին տարիքային շեմը:

– Եթե առաջներում 30-35 տարեկան կանայք էին դիմում երեխա ունենալու համար, ապա այսօր 40-45 տարեկանները եւս դիմում են: Կարծում եմ` դրական տենդենց է այն, որ կինը կարող է գալ եւ ասել, որ թեպետ ամուսին չունի, սակայն իր երեխան է ցանկանում ունենալ` հաշվի չառնելով հասարակության կարծիքը: Արդեն այն վախը, թե հարեւանն ու ծանոթները ինչ կասեն` հետին պլան է մղվում:

– Գոյություն ունի «Սերմերի բանկ» հասկացությունը: Ի՞նչ է դա:

– Դոնորական սերմերի բանկ հասկացություն գոյություն ունի, որը շատ կենտրոններում կա, այդ թվում` եւ մեր կենտրոնում: Եթե զույգ է գալիս կամ միայնակ կին, ով դոնորական սերմի կարիք ունի` օգտվում ենք սերմերի այդ բանկից: Սերմերը պահվում են սառեցված ազոտի մեջ, -270 աստիճան սառնության պայմաններում: Սերմերը կարելի է տասնյակ տարիներով պահել եւ օգտագործել ըստ անհրաժեշտության:

– Fertility Centr մարդու պտղաբերության կենտրոնն ի՞նչ գործունեություն է ծավալում եւ ունի՞ արդյոք միջազգային համագործակցություններ:

– Ես 3 տարի Փարիզում եմ աշխատել, 10 տարի` Բոստոնում, եւ իմ այլազգի ընկերները, որոնց հետ մենք համագործակցել ենք` մեզ հյուր են գալիս: Մենք մի շարք ծրագրեր ունենք: Որոշ ծրագրերի շրջանակում ցանկանում ենք բուժօգնությունը մատչելի դարձնել, հիվանդներին ենք հետազոտում շրջաններում, օգնում ենք բժշկական կենտրոններ բացել կամ բժիշկների պատրաստվածության մակարդակը բարձրացնել: Այս ամենը կատարվում է ասոցիացիայի շրջանակներում: Մենք, որպես կենտրոն, անում ենք այն ամենը, ինչ այսօր հնարավոր է անել: Այն բոլոր հնարավորությունները, որ անհրաժեշտ է զույգերին օգնելու համար` մեր կենտրոնն ունի:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ