ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին։ Մասնավորապես, այն դիտարկմանը, որ դրամի արժեզրկումն ավելացնում է նաեւ պարտքի սպասարկման բեռը, փոխնախարարը պատասխանել է. «Ճիշտ է, որ արժեզրկումը արտարժույթով պարտքի սպասարկման բեռն ավելացնում է, սակայն, եթե հասկանանք, որ բյուջեն հոսքերի աղյուսակ է, հետեւաբար` արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը այնպես, ինչպես ազդում է արտարժույթով ելքերի վրա, այնպես էլ պետք է ազդի նույն արտարժույթով մուտքերի վրա: Հետեւաբար` միայն այն փաստը, որ մենք զուտ արտարժութային միջոցներ ներգրավող ենք (արտարժութային մուտքերը գերազանցում են ելքերին), հակառակն է փաստում»։ Նա նաեւ նշել է, որ դրամի արժեզրկումը հանգեցնում է ներմուծումից գանձվող հարկերի ավելացման։ Կարճ ասած, ստացվում է, որ դրամի արժեզրկումից պետական պարտքի վիճակը չի վատանում։ Մինչդեռ նույն Ֆինանսների նախարարության կայքում զետեղված՝ պետական պարտքի 2011թ. հաշվետվության մեջ նշված է. «2011թ.-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը 2010թ.-ի նկատմամբ աճել է 177.5 միլիարդ դրամով, որից մոտ 80.0 միլիարդ դրամը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ»։