Ազգային ժողովում երեկ տապալվեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը, որը նախատեսում էր ստեղծել «Հարսնաքարի» գործի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
Ընդդիմությանը չհաջողվեց այդ նպատակով 24 ժամվա ընթացքում ստանալ անհրաժեշտ 44 պատգամավորների ստորագրություն: Արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաչափի տակ ստորագրել էին դրա կեսից պակաս թվով` ընդամենը 21 պատգամավոր` ՀԱԿ-ի բոլոր 7 պատգամավորները, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգության» 5 պատգամավորներից չէր ստորագրել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ԲՀԿ 37 հոգանոց խմբակցությունից ստորագրել էին ընդամենը 7 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Հովհաննիսյանը: Մամուլում հրապարակում եղավ, թե Ր.Հովհաննիսյանի օգնականը ասել է, որ նա ԿԸՀ-ից չի վերցրել իր մանդատը, իրեն պատգամավոր չի համարում, հետեւաբար, չի կարող միանալ այս նախաձեռնությանը: Ավելի ուշ այդ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե անհեթեթությունն է այդ մեկնաբանությունը, եւ անհայտ է, թե ով է արել: Եվ, որ Ր.Հովհաննիսյանը այս նախաձեռնության հեղինակներից է, իսկ նրա ստորագրության բացակայությունը ընդամենը տեխնիկական էր: Պարոն Հովհաննիսյանը բացակայում էր Երեւանից:
Ն.Զոհրաբյանն էլ, արդեն մի քանի օր է, զգուշացնում է, որ իրենց խմբակցության պատգամավորների մի մասը Հայաստանում չեն, հետեւաբար` իրատեսական չէ 44 ստորագրություն հավաքելը: Նա նաեւ ավելացրել է, որ «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության հարցի հետ կապված իրենք խմբակցության որոշում չունեն: Այս 7 պատգամավորներից բացի, երեկ ԲՀԿ այլ պատգամավորներ եւս Հայաստանում էին, բայց նրանք, ըստ երեւույթին, չեն ցանկացել ստորագրել ընդդիմության նախաձեռնության տակ: Իհարկե, եթե ԲՀԿ-ին անհրաժեշտ լիներ, իր պատգամավորներին կկարողանար բերման ենթարկել` կենթարկեր: Բայց միգուցե «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի եւ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքերը դատապարտող այդ կուսակցությունը չցանկացավ, որ նույն գործի հետ կապված արտահերթ նիստը կայանա: Թեեւ ընդդիմադիր ՀՅԴ-ից ու «Ժառանգությունից» 3 պատգամավորներ նույնպես չէին ստորագրել այդ նախաձեռնության տակ, սակայն այս դեպքում որոշիչը մեծաքանակ ԲՀԿ-ն էր: Բայց մյուս կողմից էլ, եթե ԲՀԿ-ն լիարժեք աջակցեր ընդդիմությանը` 44 ստորագրությունը հավաքելու ու արտահերթ նստաշրջանը հրավիրելու նախաձեռնությանը, միեւնույն է, իշխող կուսակցություններն իրենց մեծամասնությամբ արդեն նիստի ժամանակ դեմ կքվեարկեին եւ կտապալեին արդեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու այդ նախագիծը:
Իսկ երեկ խորհրդարանում այս ստորագրահավաքի շուրջ ընթացող զարգացումների ժամանակ լարվել էին ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հարաբերությունները: Ռ. Հակոբյանը հայտարարում էր, թե ինքը տեղյակ չի եղել, որ նախօրեին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պետք է հանդիպեր լրագրողներին եւ ներկայացներ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին նախագիծը: Եվ եթե իրենք նախապես իմանային, այդ նախագծին իրենց կողմից որոշ առաջարկություններ կներկայացնեին: Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն, իր հերթին, նման հանձնաժողով ստեղծելու մեկ այլ նախագիծ էր մշակել եւ այդ մասին տեղյակ պահել նաեւ ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին: Պատգամավորի խոսքերով` 2 խմբակցությունից էլ դրական արձագանք է ստացել, պարզապես առաջնահերթ է եղել արագ տեմպերով ներկայացնել ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը: Լ.Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ոչ մի նման քննարկում չի եղել: «Ես պատահաբար լսել եմ նրանից, բայց ինստիտուցիոնալ բանակցություններում, որոնք տարվել են 4 խմբակցության մեկական ներկայացուցիչների միջոցով, նման բան երբեք չի քննարկվել»,- ավելացրեց ՀԱԿ համակարգողը:
Երեկ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարել էր, թե արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն ի սկզբանե պատկանում էր իրենց խմբակցությանը: «Հիմա թուղթը ֆորմալ առումով վերցրել է ՀԱԿ-ը: Պայմանավորվել ենք, որ ՀԱԿ-ն իր վրա է վերցնելու այս հարցի տեխնիկական սպասարկումը»,- ասել էր նա:
«Անպարկեշտ հայտարարությունները չեմ մեկնաբանում»,- Ա.Արզումանյանի հայտարարությունը մեկնաբանելու մեր հարցին ի պատասխան` ասաց Լ.Զուրաբյանը:
Ինչեւէ, «Հարսնաքարի» գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը երեկ տապալվեց: Առաջիկայում պարզ կդառնա, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը ԱԺ շրջանակներում այս առումով ուրիշ ինչ նախաձեռնություններով հանդես կգան: Առայժմ հայտնի է միայն Զ.Փոստանջյանի մշակած նախագիծը, որը ծրագրում է ավելի ծավալուն ուսումնասիրություններ իրականացնող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, եւ որը, պատգամավորի խոսքերով, կարող է ներկայացվել ԱԺ աշնանային նիստերի քննարկմանը: Զ.Փոստանջյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի կողմից ընդդիմության նախաձեռնությանը լիարժեք չաջակցելու հանգամանքին:
– Շատ եմ ցավում, որ այդպիսի պատկեր ունեցանք, քանի որ սա նաեւ հասարակության պահանջն է: Իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր հանձնաժողովը ոչ միայն պետք է ուսումնասիրի «Հարսնաքարի», այլ նախկին բոլոր նման դեպքերը, որոնք արմատավորեցին այս արատավոր երեւույթը: Այս ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի սկիզբը դրեց 2001թ. Պողոս Պողոսյանի սպանությունը, որի մեջ ներգրավված էին ՀՀ նախագահի ինստիտուտը ներկայացնող անձի թիկնազորի ներկայացուցիչները: Այդ մարդիկ պետք է արժանի պատիժ կրեին, սակայն չկրեցին, եւ արդար դատաքննություն տեղի չունեցավ: Իհարկե, անպատժելիությունը սկսվեց դեռ 90-ական թվականներից, երբ մենք չկարողացանք ունենալ այնպիսի Սահմանադրություն, որով պետք է ստեղծվեր հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ, որով պետք է երաշխավորվեր անկախ դատական համակարգը:
– Ձեր մշակած նախագիծն առաջարկում է ուսումնասիրել նաեւ նախկինո՞ւմ տեղի ունեցած նման դեպքերը եւ պատասխանատվությա՞ն ենթարկել հեղինակներին:
– Կան գործեր, որոնք այս պահի դրությամբ կասեցված են եւ համապատասխան արդար դատական ընթացակարգով քննության առարկա չեն դարձել: Դրա համար մենք առաջարկում ենք, որ ժամանակավոր հանձնաժողովը չսահմանափակվի միայն «Հարսնաքարի» ցավալի ողբերգական դեպքով: Պետք է ուսումնասիրի Պ.Պողոսյանի սպանության, գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ եղած բոլոր հանցագործությունների հանգամանքները:
– Արդեն մեկ ամիս է, ինչ տեղի է ունեցել «Հարսնաքարի» դեպքը, եւ դրա շուրջ առաջացել է հասարակական պայքար: Միգուցե հենց այս շարժման շրջանակներում էլ պետք է բարձրացնել Ձեր նշած բոլոր նախորդ դեպքերի արդար քննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջը:
– Մենք պետք է լինենք արդարացի, եւ ամեն ինչ պետք է ասվի ճշմարտության ներքո: Վ.Ավետյանի սպանությունը ծառի մի ճյուղ է, բայց դրա արմատները շատ խորն են: 2001թ. Պ.Պողոսյանի սպանությունից հետո պետք է այդ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական տար: Եթե մենք ունենայինք նման համախմբված հասարակական գործընթաց, միգուցե հնարավոր լիներ հասնել այդ անձի հրաժարականին: Բայց դա տեղի չունեցավ նաեւ այն պատճառով, որ կար տեղեկատվության տարածման խոչընդոտ: Այժմ հնարավոր չէ տեղեկատվությունը թաքցնել, ինչն իր դերակատարությունն ունի այսօրվա պահանջատիրության համար: Նաեւ ինչ-որ չափով սերնդափոխություն է տեղի ունեցել:
– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել Ձեր նախագիծը:
– Մենք առայժմ խորհրդատվությունների միջոցով ցանկանում ենք, որ սա լինի միասնական նախագիծ, որտեղ ներառենք նաեւ մեր գործընկերների առաջարկները: Հասկանում ենք, որ արտահերթ նստաշրջանը կյանքի կոչելու մեր փորձերն այս պահին արդյունավետ չեն: Եթե ինչ-որ պահի տեսնենք, որ այն հնարավոր է, կարող ենք նորից նախաձեռնել: Իսկ եթե ոչ` սա կարող ենք դնել շրջանառության մեջ արդեն սովորական ընթացակարգով: Եվ աշնանային նստաշրջանում դարձնել լիագումար նիստի քննարկման առարկա:
– Ամեն դեպքում ընդդիմության նախագծերը տապալվում են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկում:
– Մենք չպետք է ետ կանգնենք այս պայքարից, պետք է առաջ գնանք: Շատ հաճախ մեր հասարակության մոտ տիրում է այնպիսի տրամադրություն, թե իմաստ չունի որեւէ բան ձեռնարկել, որովհետեւ ոչինչ չի փոխվելու: Ես կարծում եմ, որ ամեն ինչ կարող ենք փոխել, կարեւոր է, որ ձեռնարկենք ու առաջ գնանք: