Ասում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
– Երեկ ՀԱԿ խմբակցությունն ԱԺ-ից ձեւաթուղթ էր վերցրել հուլիսի 17-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության համար` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով, սակայն, անհրաժեշտ 44 ստորագրությունները չհավաքվեցին: Ձեր կարծիքով` ի՞նչն է դրա պատճառը:
– Ճիշտն ասած` ես ԱԺ պատգամավոր չեմ եւ ներքին անցուդարձի մասին այնքան էլ տեղյակ չեմ, սակայն, կարծում եմ, որ եթե այդ 4 խմբակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») անդամները ստորագրեին, բնականաբար, 44 թիվը կապահովվեր, բայց ենթադրում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) կհրաժարվի ստորագրելուց:
– Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» չի ցանկանում աջակցել այս նախաձեռնությանը, միգուցե ԲՀԿ-ն դեռեւս տատանվո՞ւմ է իշխանության եւ ընդդիմության միջեւ:
– «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ մեր կուսակցության դիրքորոշումը մնացել է նույնը` ԲՀԿ-ն չի էլ կարող ընդդիմություն դառնալ: Հիմա որոշ գործընթացներ են տեղի ունենում, եւ ենթադրում եմ, որ այդ գործընթացներն ուղղորդվում են իշխող վարչակարգի կողմից, որպեսզի, ինչպես նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի գործոնը օգտագործեցին եւ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասը հանձնեցին ԲՀԿ-ին, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ նույնպես փորձեն արդյունավետորեն օգտագործել այդ գործոնը:
– Այսինքն, Ձեր կարծիքով, ԲՀԿ-ի նման պահվածքը պայմանավորված է իշխանությունների ուղղորդմա՞մբ:
– Մենք բազմիցս արտահայտել ենք այդ մտավախությունը եւ այսօր էլ մնում ենք նույն կարծիքին:
– Պարոն Մակեյան, երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն արդեն, կոպիտ ասած, բաժանել են պաշտոնները միմյանց միջեւ` ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք միասնական թեկնածուի հաղթանակի դեպքում (ըստ այդ լուրերի` ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության համաձայն` Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ կդառնա Ռ.Քոչարյանը, ՀԱԿ-ին նույնպես խոստացվել է մասնաբաժին. Լ.Զուրաբյանին` փոխվարչապետ, Գ.Ջհանգիրյանին` գլխ. դատախազ, եւ եւս մի քանի նախարարական պաշտոններ): Այս տեղեկատվությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
– Կարծում եմ, դա իրականության հետ որեւէ առնչություն չունի: Եթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վ.Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայն դեպս, կդադարի ՀԱԿ լինելուց:
– Վ.Օսկանյանը շատերի կողմից համարվում է ամենակոմպրոմիսային տարբերակը` որպես ընդդիմության միասնական թեկնածու: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
– Գիտեք, այն կոնֆիգուրացիան, որը նշվեց, այսինքն` Վ.Օսկանյան` նախագահ, Ռ.Քոչարյան` վարչապետ, դրան աջակցելը կնշանակի` ընդունել Ռ.Քոչարյանի եւ նրա վարչակարգի կողմից մարտի 1-ի սպանդը: Սա որեւէ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, ոչ բարոյական, ոչ քաղաքական եւ ոչ էլ մարդկային: Կարծում եմ` Կոնգրեսում մեծամասնություն են կազմում այն առողջ ուժերը, ովքեր երբեք չեն գնա այդ քայլին:
– Այսինքն` ՀԱԿ-ը երբեք չի գնա ԲՀԿ-ի հետ դաշինքի:
– Ես նման բան չասացի, ես նկատի ունեի վերոհիշյալ կոնֆիգուրացիան: Եթե ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարը, ով ժողովրդին մեծագույն զրկանքներ է պատճառել, քանի որ օլիգարխիան երկրի այս վիճակի հիմնական պատճառն է, իսկ ԲՀԿ-ի ղեկավարը թիվ 1 օլիգարխն է Հանրապետությունում, հրապարակավ ներողություն խնդրի եւ աջակցի ընդդիմության միասնական թեկնածուին (այս դեպքում դա կարող է լինել ՀԱԿ-ի ներկայացուցիչը), այդ դեպքում կարելի է նրանց հետ համագործակցել: Այդ տրամաբանությամբ դաշինքը հնարավոր է, քանի որ բոլորս էլ սխալական ենք:
– Իսկ արդյոք ԲՀԿ-ի հետ այդ մերձեցո՞ւմը չի դարձել մի շարք հայտնի գործիչների` ՀԱԿ-ի շարքերը լքելու պատճառը:
– Ես, իհարկե, չեմ կարող ուրիշների տեղը պատասխանել, սակայն, իմ տպավորությամբ, ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը նշում են նաեւ այդ համագործակցության մասին: Իմ անձնական կարծիքով` ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ՀԱԿ-ը լուրջ կորուստներ է կրել, իսկ օգուտներ, չգիտեմ, կունենա՞, թե՞ ոչ:
– Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում ՀԱԿ-ն ամեն կերպ ձգտում մերձենալ ԲՀԿ-ի հետ:
– Երբ ՀԱԿ-ը սկսեց համագործակցությունը ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ մյուս ուժերի հետ, նպատակ ուներ մեկուսացնել Հանրապետական կուսակցությանը եւ նրան դարձնել միակ պատասխանատուն երկրում ստեղծված կացության համար: Այդ նպատակով է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, սակայն պետք է ասել, որ այդ համագործակցությունից առայժմ միայն ԲՀԿ-ն է շահել, քանի որ Կոնգրեսի ընտրազանգվածի մի զգալի մասը կարծեց, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է, իսկ այն արմատական ընտրողները, ովքեր երկրի ծանր վիճակի համար պատասխանատու են համարում նաեւ ԲՀԿ-ին, երես թեքեցին Կոնգրեսից: Այսինքն` այս ամբողջ գործընթացից առայժմ օգտվել է ԲՀԿ-ն: Նա մայիսի 6-ին իշխանությունների կողմից ազատ հնարավորություն ստացավ, տնտեսագիտական լեզվով ասած` քվոտա գնելու այն ընտրազանգվածին, որը ոչ մի կերպ ձայն չէր տա Հանրապետականին եւ նրա կցորդ «Օրինաց երկրին» (ՕԵԿ) եւ կարող էր տարրալուծվել մնացած քաղաքական ուժերի եւ, հատկապես, ՀԱԿ-ի միջեւ: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ 2007թ. ընտրություններին Ռ.Քոչարյանի ամբողջ վարչական ռեսուրսներից օգտվելու հնարավորության պայմաններում` ԲՀԿ-ն 2 անգամ ավելի քիչ ձայն ստացավ, քան հիմա:
– Դուք հնարավոր համարո՞ւմ եք միասնական թեկնածուի առաջադրումը եւ ո՞ւմ եք տեսնում այդ դերում:
– Ես, որպես ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցության ղեկավար, բնականաբար, միասնական թեկնածուի դերում տեսնում եմ Կոնգրեսի ներկայացուցչին, ով, բնականաբար, կլինի Լ.Տեր-Պետրոսյանը: Սակայն ՀԱԿ-ը այսօրվա ստանդարտ իրավիճակում քիչ հնարավորություն ունի միասնական առանցքը դառնալու համար, դրա համար պետք է քայլեր ձեռնարկվեն ընդդիմադիր դաշտի համախմբման ուղղությամբ, այլապես իշխող վարչախումբն, առանց լուրջ խնդիրների, «ազատ եւ արդար» ընտրություններով 2013թ. կրկին կհռչակի իր նախագահին: