Այն, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումները արտաքին պարտքի վերաբերյալ հավակնում են դառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակների շարունակությունը, պարզ էր դեռ Ֆինանսների նախարարության պատասխանից հետո։
Սակայն երեկ այս «էվոլյուցիան» վերջնական տեսք ստացավ, քանի որ Օսկանյանին պատասխանեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Նույն Արամյանը, ով պատասխանում էր նաեւ Բագրատյանին։ Չի բացառվում, որ հեռակա բանավեճն այս դեպքում էլ շարունակվի։ Ամենեւին չհավակնելով պատասխանելու իրավունքը պրն Օսկանյանից խլել` այդուհանդերձ, անդրադառնանք փոխնախարարի արտահայտած մի քանի մտքերի։ Այն պարզ պատճառով, որ դրանց կողքով պարզապես անհնար է անցնել։ Խոսքը հիմնականում վերաբերում է արտարժութային ռիսկին։ Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանը նշել էր. «Օրեցօր հայկական դրամն արժեզրկվում է, մինչդեռ արտաքին պարտքի սպասարկումն արտարժույթով է: Դա նշանակում է, որ օրեցօր ավելանում է նաեւ պարտքի սպասարկման բեռը»։ Նախ նշենք, որ արտարժութային ռիսկը պաշտոնապես ֆիքսված է հենց պաշտոնական ռազմավարության մեջ. «Փոխարժեքի ռիսկեր եւս առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասն արտարժույթով է` չնայած սթրես-թեստերի միջոցով ստացված գնահատականներով, ազգային արժույթի մինչեւ 20% արժեզրկման պարագայում` պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա»։ Ազգային արժույթի 20% արժեզրկումը, առաջին հայացքից, քիչ հավանական սցենար է, սակայն հաշվի առնելով նախկին փորձը եւ վերջին 2 ամսվա ընթացքում դրամի արժեզրկման տեմպը՝ բավականին իրատեսական է դառնում։
Ինչ վերաբերում է արտաքին պարտքի վրա փոխարժեքի ազդեցությանը, ապա դա նույնպես կարելի է տեսնել պաշտոնական փաստաթղթում։ Օրինակ` Ֆինանսների նախարարության կայքում զետեղված՝ պետական պարտքի 2011թ. հաշվետվության մեջ։ Այնտեղ նշված է. «2011թ.-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը 2010թ.-ի նկատմամբ աճել է 177.5 միլիարդ դրամով, որից մոտ 80.0 միլիարդ դրամը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ»։
Ինչեւէ, Օսկանյանի այս դիտարկմանն Արամյանը պատասխանում է հետեւյալ կերպ. «Ճիշտ է, որ արժեզրկումն արտարժույթով պարտքի սպասարկման բեռն ավելացնում է, սակայն, եթե հասկանանք, որ բյուջեն հոսքերի աղյուսակ է` հետեւաբար, արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը այնպես, ինչպես ազդում է արտարժույթով ելքերի վրա, այնպես էլ պետք է ազդի նույն արտարժույթով մուտքերի վրա: Հետեւաբար, միայն այն փաստը, որ մենք զուտ արտարժութային միջոցներ ներգրավող ենք (արտարժութային մուտքերը գերազանցում են ելքերին), հակառակն է փաստում: Երկրորդ, բյուջեի վրա արժեզրկումն անուղղակի ազդեցություն է ունենում նաեւ ներմուծումից հարկային մուտքերի ավելացման միջոցով, քանի որ հարկման ենթակա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կամ հարկման բազան արժեզրկման արդյունքում աճում է` հանգեցնելով ներմուծումից գանձվող հարկերի ավելացման: Երրորդ, արժեզրկումը եւս մեկ անուղղակի ազդեցություն է ունենում բյուջեի վրա` այս անգամ արդեն երկարաժամկետ հատվածում, քանի որ այն հանգեցնում է արտահանման աճի, ինչն էլ նպաստելով տնտեսական աճին` բերում է նաեւ բյուջեի հարկային մուտքերի ավելացման: Պարոն Օսկանյանը պատկերը սովորաբար ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է հարմար, ինչի արդյունքում ճշմարտությունը կորչում է»։
Սկսենք երկրորդ մասից։ Այն առավել քան պարզ է եւ հիմնավորված։ Ասել է թե՝ ներմուծող երկիր լինելն այս պարագայում օգուտ է տալիս, քանի որ ավելանում են հարկերը։ Սակայն առաջին մասն ավելի հետաքրքրական է։ Մենք արտարժույթ ներգրավող երկիր ենք։ Սա անուղղակիորեն նշանակում է, որ ակամայից պարտքի սպասարկման համար հույսը դնում ենք ոչ թե ներքին ռեսուրսների, այլ՝ ներգրավված միջոցների վրա։ Պարզ ասած՝ պարտք ենք վերցնում՝ հին պարտքերի մարումները կատարելու համար։ Սա նույնպես բյուջետային ուղերձից է. «2012 թվականի ընթացքում, ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 506 մլն ԱՄՆ դոլար` այդ թվում, ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 331 մլն ԱՄՆ դոլարի արտաքին միջոցներ: 2012 թվականի ընթացքում Արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել մոտ 265.3 մլն ԱՄՆ դոլար»։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ պետությունն արտաքին պարտքի սպասարկման մեծ մասը նախատեսում է ապահովել արտաքին մուտքերի հաշվին։ Բավական ուշագրավ է նաեւ այն հատվածը, որտեղ փոխնախարարը պատասխանում է այն մեղադրանքին, որ ներգրավված միջոցները արդյունավետ չեն ծախսվել, չեն հանգեցրել տնտեսական աճի եւ դիվերսիֆիկացիայի։ Ապացուցելու համար, որ դա այդպես չէ, Վ. Արամյանը հիշեցնում է, որ 2008-2011թթ.-ին կառուցվել եւ վերանորոգվել է 1158 կմ երկարությամբ ճանապարհ, եւ, որ «հասարակության համար հույժ կարեւոր խմելու ջրի համակարգերի վրա 2008-2011թ.-ին ծախսվել է 4 անգամ ավելի միջոց, քան 2005-2007թթ.-ին, արդյունքում` ջրամատակարարման միջին տեւողությունը հանրապետության տարածքով հասցվել է 21.1 ժամի»: Թե ի՞նչ կապ ունի այդ ամենը տնտեսական աճի հետ, փոխնախարարը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Ներգրավված արտաքին միջոցների զգալի մասն ուղղվել է տնտեսության ենթակառուցվածքներին, ինչն անմիջապես տնտեսական աճի է բերում»։ Պարզապես նշենք, որ նման բացատրությամբ կարելի է գումարներ ծախսել ամեն ինչի վրա, քանի որ տնտեսության հետ կապ չունեցող բան չկա։ Եվ, բացի այդ, հիշեցնենք, որ 2008 թվականին ունեցել ենք նախատեսվածից մի քանի տոկոսային կետով ցածր աճ՝ 6.7%, 2009թ.՝ երկնիշ անկում, իսկ հաջորդ տարի` համեստ աճ՝ 4%-ի շրջակայքում։