«Դոլարի արժեւորումը միանշանակ կարող է խթանել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը»,- այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` այսօր ՀՀ-ն վարում է դոլարի արժեքի զսպման քաղաքականություն, ինչը տարօրինակ է: Վերջին ժամանակներում դոլարի գնի կտրուկ թանկացումներ կամ էժանացումներ չեն նկատվում, սակայն որքանո՞վ է այդ ամենը նպատակաուղղված տնտեսության զարգացմանը` պարզ չէ: Որպես կանոն, ՀՀ կառավարությունը մշակում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրեր, սակայն, եթե մենք այդ մեխանիզմները միավորենք` դրանք իրենց էֆեկտիվությամբ անգամ 1% չեն կազմի: «ՀՀ-ն արտահանող երկիր կդառնա այն ժամանակ, երբ արտադրությունը` որակի տեսանկյունից, կապահովի միջազգային ստանդարտներ: Կան շատ արտադրատեսակներ, որոնք Եվրոպա չեն արտահանվում, քանզի դրանք արտադրված չեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Պարզ է, որ պետք է արտադրանքը համապատասխանեցնել միջազգային ISO ստանդարտներին, ապա նոր արտադրել: ISO-ն իրենից ներկայացնում է կառավարման համակարգի վերակառուցում: Բացի այն, որ մենեջմենթն ամբողջությամբ փոխում է, այն նաեւ թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին ներկրել ձեր արտադրանքը եւ այն ներկայացնել միջազգային շուկաներում: Այսօր Հայաստանում գործում է 7-8 պտուղ-բանջարեղենային արտադրանք ունեցող ընկերություն, սակայն իրականում թղթի վրա դրանց թիվը հասնում է 20-ի: Իրականում հարկավոր է զարգացնել եւ խթանել արտադրությունը` արտահանող երկիր դառնալու համար, սակայն մինչ օրս դեռեւս հակառակ գործընթացն է տեղի ունենում»,- ասաց Գ. Մակարյանը: