ՏՏ նախարարության կարիք չկա,- ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը

14/07/2012

Վերջերս բուռն քննարկումների առարկա է դարձել Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հնարավոր ստեղծման հարցը: Իսկ երեկ լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի` «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հնարավոր է դառնա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) նախարար: Նշենք, որ ավելի վաղ ՏՏ ոլորտի ավելի քան 200 ձեռնարկությունների տնօրենների ստորագրությամբ նամակ-առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն, որով առաջարկվում է բացել նոր` Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Դեռեւս չձեւավորված նախարարության հնարավոր ղեկավարի նշանակման մասին լուրը ճշտելու համար դիմեցինք Հովիկ Մուսայելյանին:

– Մոտ 1 ամիս առաջ մեր թերթին տված հարցազրույցում նշել էիք, որ եթե ՏՏ նախարարությունը պետք է ստեղծվի, որպեսզի այն զբաղվի տարաբնույթ հաշվետվություններով եւ անարդյունավետ ժողովներով, ապա Դուք դեմ կլինեք նման նախարարության ստեղծմանը: Շարունակո՞ւմ եք մնալ նույն տեսակետին:

– Ասեմ ավելին, այս ընթացքում տեղի են ունեցել որոշ գործընթացներ, որոնք ընդհանրապես նման նախարարության ստեղծման համար այսօր օրակարգային խնդիր չեն առաջացնում: Մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի երկու փոխնախարարները կատարում են ֆունկցիաներ, որոնք պետք է համակարգեն ընդհանուր ՏՏ ոլորտը, ինչը, կարծում եմ, Էկոնոմիկայի նախարարության պոզիտիվ դիրքորոշումն է: Այս առումով, եթե հաշվի առնենք նաեւ, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում եւս կա փոխնախարար, որը զբաղվում է հեռահաղորդակցության ոլորտով, ապա կարող ենք ասել, որ այսօր կան ոլորտը համակարգող երեք փոխնախարարներ: Բացի այդ, ՀՀ վարչապետին կից գործում է ՏՏ աջակցման խորհուրդը, Էկոնոմիկայի նախարարությունում` ՏՏ ոլորտի վարչությունը եւ վերջապես` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որոնք բոլորը դաշտում որոշակի դերակատարումներ ունեն: Կարծում եմ, մենք պետք է փորձենք համագործակցել թվարկված մարդկանց եւ կազմակերպությունների հետ` փորձելով վեր հանել մեր խնդիրները եւ նրանց հետ միասին գտնել լուծման ճանապարհները: Եթե անցնի որոշակի ժամանակաշրջան, եւ մենք տեսնենք, որ առաջընթաց չկա, այդ ժամանակ միգուցե քննարկումներ անցկացնենք` պարզելու համար, թե ինչ է պետք անել, որպեսզի ոլորտի համակարգման առումով մենք ունենանք նոր մոտեցումներ եւ նոր մոդելներ: Բայց այսօր ՏՏ նախարարություն ունենալու անհրաժեշտություն չկա, եւ այսօր օրակարգում նման հարց չկա դրված, քանի որ կատարվել են քայլեր, որոնք, կարծում եմ, գործընկերային ճիշտ համագործակցության դեպքում կարող են դրական ազդեցություն ունենալ:

– Երեկ հրապարակում էր եղել, ըստ որի` Դուք մոտ 200 ընկերությունների ստորագրահավաք եք նախաձեռնել` ՏՏ նախարարություն ունենալու պահանջով: Արդյոք սա չի՞ հակասում Ձեր այս տեսակետին:

– Ես չեմ մեղադրում այդ անհեթեթությունը գրելու համար, ուղղակի պետք է գիտակցել, որ, եթե դու անում ես քո գործը եւ ակտիվ ես հանրային կյանքում, ապա հայտնվում են, այսպես ասած, «մուտիլովշչիկներ», որոնք տարբեր լրատվամիջոցների միջոցով փորձում են վարկաբեկել մարդկանց` նրանց վերագրելով մտքեր կամ նախաձեռնություններ, որոնք նրանք չեն արել: Ասեմ ավելին, ես` որպես օտարերկրյա ընկերության տնօրեն, առանձնակի պատասխանատվություն եմ կրում նման ակցիաների դեպքում, եւ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ես, ինչպես նաեւ այլ օտարերկրյա ընկերությունների ղեկավարներ, ստորագրեինք այդ փաստաթղթի տակ: Այսինքն` ես նույնիսկ չեմ ստորագրել այդ նամակ-պահանջի տակ: «Սինոփսիսին» դա հետաքրքիր չէ, եւ անտրամաբանական է, որ ես` որպես օտարերկրյա ընկերության տնօրեն, ստորագրեմ դա: Օտարերկրյա ընկերությանը հետաքրքիր չէ` Հայաստանում ՏՏ նախարարություն կլինի՞, թե՞ ոչ: Նրանց հետաքրքիր է ՀՀ-ում համապատասխան բիզնես միջավայրը` իրենց աշխատանքները եւ ինժեներական գործունեությունն իրականացնելու համար: Մեր ընկերությունը առավել քան գոհ է ՀՀ-ում մեր գործունեությունից եւ այն բիզնես միջավայրից, որը ստեղծվել է այստեղ:

– Դուք ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալել, Հանրային խորհրդի անդամ եք, պետական երեք հանձնաժողովների նախագահ եք, ապագայում Ձեզ չե՞ք տեսնում քաղաքական գործընթացներում կամ կառավարման համակարգում:

– Ինձ համար այսօր ամենակարեւորն այն ձեռքբերումներն են, որոնք ունի մեր ընկերությունը` ինչպես գլոբալ բիզնես գործընթացներում, այնպես էլ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում: Ես հպարտ եմ, որ նման բիզնես ընտանիքի անդամ եմ եւ ունեմ իմ համեստ լուման մեր ընկերության կայացման մեջ: Ընդհանրապես այն արժեքները, որ դավանում է «Սինոփսիսը», մասնավորապես` սոցիալական պատասխանատվության եւ կրթական ծրագրերի ներդրման առումով, ուղղակի օրինակելի է այլ ընկերությունների համար: Ի սկզբանե «Սինոփսիսը» երբեք իր առջեւ խնդիր չի դրել հատուկ առաքելություն ունենալ որեւէ երկրում, այդ թվում` Հայաստանում, որովհետեւ մեր ընկերության արժեհամակարգի համար ամենակարեւոր բաղադրիչը հաջողակ բիզնես իրականացնելն է, սակայն 2004թ.-ից ի վեր «Սինոփսիսը» մտել է Հայաստան եւ բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ է, եւ այդ նախաձեռնություններն այս տարիների ընթացքում նպաստել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը մեզանում հանդիսանում է տնտեսության գերակա ճյուղ: Մենք գիտակցում ենք, որ ես` որպես օտարերկրյա կապիտալ ունեցող ընկերության տնօրեն, հատուկ պատասխանատվություն ունեմ նման քննարկումների մասնակցելու եւ իմ կարծիքը արտահայտելու, էլ չեմ ասում` նման փաստաթղթերի տակ ստորագրելու համար: Օտարերկրյա որեւէ ընկերության համար կարեւորը տվյալ երկրի բիզնես միջավայրն է եւ ոչ թե որեւէ նախարարության լինել-չլինելու հարցը: Ընդհակառակը` ամեն մի նոր նախարարություն բյուրոկրատական մի նոր քաշքշուկ է ենթադրում:

– Ուրեմն ովքե՞ր են տարածում այդ լուրերը:

– Քամին գալիս է այն մարդկանցից, ովքեր, թերեւս, անձնական ինչ-ինչ ամբիցիաներ ունեն: Մեր ընկերությունը երբեք փակ չի եղել` պատրաստ ենք պատասխանելու բոլորի, բոլոր լրատվամիջոցների հարցերին: Որեւէ բան տպագրելուց առաջ գոնե կարող էին ճշտել:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ