Ամեն սեւ բան Օթելլո չէ

14/07/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ակնկալիքը, թե Հայաստանում համաժողովրդական ընդվզման ալիք կբարձրանա` շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների, ժամանակի հետ փոքրանում է: Բողոքի յուրաքանչյուր ակցիայից հետո օդում հարցեր են մնում` ինչո՞ւ ողբերգական ոչ մի իրադարձություն ձեռք չի բերում համաժողովրդական նշանակություն եւ փողոց չի հանում բոլորին: Ինչո՞ւ են բողոքի ալիքները լոկալ եւ, որպես կանոն, ոչ այնքան մարդաշատ: Եվ դա` այն դեպքում, երբ անխտիր բոլորը սգում են բանակում զոհված յուրաքանչյուր զինվորի, «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանի մահը: Երբ բոլորը զգում են` մեր երկրում ինչ-որ շատ կարեւոր բան այնպես չէ:

«Հարսնաքարում» ծեծից մահացած Վահե Ավետյանի մահը ոտքի հանեց ակտիվ քաղաքացիներին. սպայի մահվան յոթերորդ օրը բողոքի ակցիա տեղի ունեցավ «Հարսնաքարում», ապա` եւ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ: Ակցիայից անմիջապես հետո, սակայն, սոցիալական ցանցերում գնահատականներ հնչեցին` նրանք, ովքեր չեն մասնակցել մոմավառությանը, գնում են կամավոր ստրկության, վախկոտներ են, եւ այլն: Ավելի մեղմ գնահատականներ եւս կային` ովքեր չեն մասնակցում ակցիային, անտարբեր մարդիկ են, ում մեղքով եւ տեղի են ունենում նման դեպքերը: Նկարագրությունները, թե ինչպես էին մոմավառության ժամանակ իրենք` մասնակիցները, թրջվում անձրեւից, եղանակն էլ քամոտ էր, հիշեցնում է այն պաս պահողին, ով բոլորին ներկայացնում է պասից կրած իր անհարմարությունները: «Մինչ մնացածները պլանավորում են իրենց թաքուն փախուստը երկրից, դուք ստեղծում եք վաղվա օրը»,- մոմավառության ակցիայի մասնակիցներին էր դիմել ֆեյսբուքի օգտատերերից մեկը: Ավելի ուշ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն արդեն սկսեցին քննարկել միմյանց գործողությունները մոմավառության ժամանակ: Սկսեցին փնտրել Ոստիկանության հետ բախումների պատճառ դարձած գործիչներին եւ գտան. ով փնտրում է, գտնում է: Նրանց համարեցին իշխանության ներդրած ականներ` իրենց շարքում:

Մոմավառությանը հաջորդած օրերին հայտարարություն արեցին նաեւ Ազգային բանակում խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների հարազատները: Նրանք կիսում էին Վահե Ավետյանի մահը սգացողների վիշտը, խոնարհվում են քաղաքացիական ակցիայի մասնակիցների առաջ, բայցեւ իրենց տարակուսանքն էին հայտնում` ինչո՞ւ ամեն հինգշաբթի, երբ իրենք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում, իրենց շարքերն այնքան նոսր են, ինչո՞ւ իրենց զավակների մահը նման շարժման չի վերածվում: Այս հարցն ուղղված է բոլորիս: Պատասխանը ցինիկ է հնչում` մահվան վաղեմության ժամկետը բթացնում է սգալու եւ սգակրին կարեկցելու զգացողությունը: Մարդիկ շտապում են ապրել:

Ժամանակին Մաշտոցի պուրակից երիտասարդ բնապահպանները եւս ֆեյսբուքով ակնարկում կամ ուղղակի մեղադրում էին նրանց, ովքեր չեն միանում իրենց շարժմանը: Երիտասարդ բնապահպանների եւ շատ երեւանցիների ջանքերով Մաշտոցի պուրակը փրկվեց: Թվում էր` ահա, սա այն շարժումն է, որը կարող է իր ետեւից տանել անգամ անտարբերներին: Եվ հանկարծ օրերս բնապահպան Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայերը վրացիների եղունգի կեղտն անգամ չարժեն»` նկատի ունենալով այն, իբր վրացիների պայքարի արդյունքում Վրաստանում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատանքը: Կոնտեքստից գուցե թե կտրված այս մեկ նախադասությունն անգամ բավական է, որ ոմանք վերանայեն իրենց մասնակցությունն այն շարժումներին, ուր ներկա է Մարիամ Սուխուդյանը` կարծելով, թե այդպիսով ստորագրում կամ «լայք» են տալիս նրա այդ մտքին:

Դժվար է մոռանալ ՀԱԿ-ի հանրահավաքներում հնչած մտքերը` ով մեզ հետ չէ, ուրեմն թաթար-մոնղոլների ու ավազակապետերի հետ է, ով մեզ հետ չէ, ուրեմն չի ցանկանում, որ Հայաստանում իշխանափոխություն լինի: Նման գնահատականներից հետո ընդդիմության շարքերը նկատելիորեն նոսրացան, քննադատները շատացան: Քաղաքացիական շարժումը, որպես կանոն, միջին խավի, ազատ, իշխանություններից որեւէ կախում չունեցող մարդկանց շարժում է: Կենցաղային, մանր-մունր կրքերը, միմյանց եւ այլոց հասցեին անհարգալից գնահատականները պատճառ են դառնում, որ շատերը նախընտրեն իրենց տանը սգալ զոհված յուրաքանչյուր զինվորի մահը, քան դուրս գալ փողոց` մտավախությամբ, թե ինչ-որ մեկն իր ներկայությունը կարեւորելու է կամ նկատելու` իր բացակայությունը: Քաղաքացիական շարժումը մեկ քաղաքացու պայքար է, եւ այս դեպքում մարդահամարն ամենեւին արդարացված չէ:

Կարծում եմ` կա եւս մեկ պատճառ, թե ինչու բանակում յուրաքանչյուր զինվորի մահ կամ Վահե Ավետյանի սպանությունը մարդկանց չեն ստիպում դուրս գալ բողոքի զանգվածային ակցիաների: Այդ դեպքում պետք է հիմնավորեն, թե ինչու մարտի 1-ի տասը հանցագործները դեռեւս ազատ շրջում են, իսկ մենք մեր տանը հանգիստ նստած ենք: Ինչո՞ւ փողոց դուրս չեկանք խորհրդարանական ընտրություններից հետո:

Խոշոր հաշվով, մեկը մյուսին վախկոտության կամ անտարբերության մեջ մեղադրելը գայթակղություն է, որին տրվելու որոշումը եւս խիստ անհատական է: Պարզապես այն, ինչ ոմանք համարում են վախկոտություն կամ անտարբերություն, ուղղակի հուսահատություն է: Կամ, որ ավելի հավանական է, անվստահություն: Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Աչքի ծայրով հետեւել, թե ով է ներկա բողոքի այս կամ այն ակցիային, ով բացակա, չափազանց նեղացնում է բողոքող մարդու նպատակը: