ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 100 մլն դրամ է հատկացրել երիտասարդ գիտնականների ծրագրերի իրականացման համար: Նշենք, որ սա 2011թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի տված խոստումն էր, ըստ որի` յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կտրամադրվի 100 մլն դրամ: Իսկ թե ի՞նչ ուղղությամբ կծախսվեն գումարները. Ս. Սարգսյանը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել էր քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղությունները եւ ընթացակարգերը: Ֆինանսավորման ուղղություններն արդեն հայտնի են: ՀՀ ԳԱԱ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանի խոսքով` ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է 4 հիմնական ուղղություններով, դրանք են` դրամաշնորհների տրամադրում, միջազգային գիտաժողովների մասնակցության ֆինանսավորում, գիտաժողովների եւ ամառային դպրոցների կազմակերպման ֆինանսավորում եւ տարբեր անվանակարգերում գիտական մրցանակաբաշխության ֆինանսավորում: «Նշված չորս ուղղությունները խոսում են այն մասին, որ ֆինանսավորումը բազմաֆորմատ է լինելու, ուստի շատ երիտասարդ գիտնականներ կկարողանան օգտվել ֆինանսավորումից եւ իրականացնել իրենց գիտական մտահղացումները»,- ասաց Գ. Վարդանյանը` նշելով, որ երիտասարդ գիտնականներին տրված ֆինանսավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի երիտասարդ գիտնականներն ինչ-որ չափով կարողանան մնալ Հայաստանում եւ զբաղվել ոչ թե այլ աշխատանքով, այլ գիտությամբ` միեւնույն ժամանակ հոգալով իրենց սոցիալական խնդիրները: ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանի խոսքով` յուրաքանչյուր ուղղության գծով չափորոշիչներ են մշակված, օրինակ` գիտական գործուղումների համար տրամադրվող մրցույթի չափորոշիչները էապես տարբերվում են երիտասարդական գիտաժողովների կազմակերպման մրցույթի չափորոշիչներից: Կ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ չափորոշիչները բավական հստակեցված են` մրցույթի սուբյեկտիվությունը նվազագույնի հասցնելու եւ խոսակցություններից զերծ մնալու համար: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության աջակից, երիտասարդ գիտնականների ֆինանսավորման ծրագրի ավագների խորհրդի անդամ Արթուր Իշխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի այս քայլը ողջունելի է, եւ չնայած նրան, որ բուն գումարները փոքր են եւ, բնականաբար, արմատական փոփոխություններ մտցնել չեն կարող, սակայն, մյուս կողմից, ծրագիրը հնարավորություն կտա նոր մշակույթ ձեւավորող տարատեսակ ծրագրեր նախաձեռնել: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել քայլեր, որոնք իրենց ետեւից շղթայական ռեակցիայի ձեւով կարող են բերել այլ քայլերի եւ այսպիսով լավացնել վիճակը գիտության ոլորտում»,- ասաց Ա. Իշխանյանը: Ըստ նրա` այդ քայլերից է, օրինակ, համաֆինանսավորման մեխանիզմը, որը կիրառվելու է մրցույթում, այսինքն` բոլոր ծրագրերում նախապատվությունը պիտի տրվի այն հայտերին, որոնք ձեռք են բերել որոշակի համաֆինանսավորում այլ աղբյուրներից: Ա. Իշխանյանը նշում է, որ համաշխարհային պրակտիկայում եւս այդպես է:
Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ