ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որում նախատեսվող որոշ դրույթներ արդեն հասցրել են աղմուկ բարձրացնել հասարակության շրջանում: Մասնավորապես, եթե նախկինում աղջկա ամուսնության համար տարիքը համարվում էր 17 տարեկանը, ապա այժմ այն կլինի 18-ը: Այսկերպ` փորձ է արվում այս հարցում վերացնել խտրականությունը երկու սեռերի միջեւ, ինչպես նաեւ` բարձրացնել կանանց ամուսնության տարիքային շեմը: Միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանի խոսքով` այս փոփոխությունները նախեւառաջ պայմանավորված են միջազգային կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաեւ Հայաստանը: «Երեխաների իրավունքների մասին» եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիաներով Հայաստանի առջեւ դրվել է աղջիկների եւ տղաների ամուսնական տարիքը հավասարեցնելու խնդիրը»: ՀՀ առողջապահության նախարարությունն, իր հերթին, դրական եզրակացություն է տվել օրինագծին` նշելով, թե փոփոխությունները բարենպաստ ազդեցություն կունենան կանանց վերարտադրողական առողջության վրա:
Իսկ ինչ վերաբերում է անչափահասների գիտակցական մակարդակին, ապա մանկավարժները, քրեաբաններն ու հոգեբանները պնդում են, որ անչափահասների շրջանում ընտանիքի գաղափարը դեռեւս այնքան լուրջ եւ ամուր նստվածք չունի, որպեսզի թույլ տա լիովին գիտակցել այդ պատասխանատվությունը: Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով, այսօր երիտասարդության շրջանում նկատվում է աքսելերացիա: «Երբ ուսումնասիրում ենք նրանց հետաքրքրությունների շրջանակը, զարգացածությունը, հայացքները, ապա տեսնում ենք, որ կա տեղաշարժ: Ընդ որում՝ անպայման չէ, որ անձինք հասնեն չափահասության տարիքի, որ լինեն հասուն եւ գիտակից: Կան 18 տարեկաններ, որոնք ավելի գիտակից են, քան 40-ը, սակայն սա շատ անհատական եւ եզակի դրսեւորում է: Իսկ, ընդհանուր առմամբ, արեւմտյան հետազոտությունները վկայում են, որ գիտակից եւ կշռված ամուսնության տարիքը պետք է լինի 20-21-ը, քանի որ մինչ այդ հաստատված կապերը գուցե եւ ամուր են, գուցե եւ կա հոգեբանական կապվածություն, ձգողություն, զգացմունք, բայց դա բավական չէ ամուր ընտանիք կազմելու համար»,- ասում է Կ. Նալչաջյանը: Իսկ հարցին` արդյոք աղջիկների համար ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարո՞ղ է դեմոգրաֆիկ բացասական հետեւանքներ ունենալ, Կ. Նալչաջյանը պատասխանեց. «Գիտեք, երբ տարիքային շեմն իջեցվում է, դա կարող է դեմոգրաֆիկ դրական տեղաշարժի բերել, սակայն դա նաեւ նշանակում է, որ այդպիսի ամուսնությունները հիմնականում հիմնված չեն լինի ամուր եւ հասուն գիտակցության վրա: Ուստի հետագայում կարող ենք ունենալ հակառակ միտումը` միայնակ մայրերի մի զանգված, որոնք մենակ են դաստիարակելու իրենց երեխաներին, քանի որ երիտասարդ տարիքում ամուսնացել եւ նույնքան էլ վաղ ամուսնալուծվել են»: