Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ» վերնագրով հրապարակումից հետո պետական կառույցների որոշ աշխատակիցներ խուճապի են մատնվել:
Հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 30 հասցեում բնակվող երեք երեխաների մայր Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ընտանեկան նպաստ համակարգի վերաբերյալ կոնկրետ փաստեր էր ներկայացրել: Այսինքն` մի բան, որի մասին մասնավոր զրույցներում խոսում են նպաստառու բազմաթիվ քաղաքացիներ, բայց, այնուամենայնիվ, վախենում են փաստեր հրապարակել` մտավախություն ունենալով, որ ընդհանրապես կզրկվեն պետական նպաստներից: Այսպիսով, Ա. Հարությունյանը մեզ պատմել էր (ի դեպ, նա այսօր էլ պատրաստ է փաստեր տրամադրել համապատասխան մարմիններին), որ թեեւ իր ընտանիքը ծայրահեղ աղքատ է, ապրում է վագոն-տնակում եւ բոլոր օրինական փաստաթղթերով համարվում է նպաստառու, այդուհանդերձ, իրենից Սոցիալական աջակցության ծառայության գրասենյակից պահանջում են տարվա կտրվածքով 2-3 ամիս նպաստը տրամադրել գրասենյակի աշխատակիցներին: «Բոլորդ էլ գիտեք, որ այս համակարգում այդ բարքերն են տիրում: Ես երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին, բայց այլեւս չեմ կարող: Փաստորեն, պետական աջակցությունն աղքատներին փոխանցելու համար մենք նրանց պետք է բաժին հանենք: Եթե ես մի քանի ամսվա 35.000 դրամ նպաստը նրանց չթողնեմ` ինձ ընդհանրապես կզրկեն նպաստից: Դա արվում է շատերի հետ եւ նորություն չէ: Որքան էլ օրինական կերպով ինձ նպաստ հասնում է` ամեն դեպքում, եթե ես այդ գումարն իրենց չթողնեմ` կզրկեն»,- մեզ հետ զրույցում վստահեցրել էր Ա. Հարությունյանը, ով այդ 35.000 դրամ միակ եկամուտով երեք երեխա է մեծացնում: Երեկ մեզ զանգահարեց Ա. Հարությունյանը եւ տեղեկացրեց, որ հրապարակումից անմիջապես հետո գրասենյակի աշխատակիցներն այցելել են իրենց տուն եւ սպառնացել: Թեեւ Ա. Հարությունյանն այդ պահին տանը չի եղել, այդուհանդերձ, սոցծառայության ներկայացուցիչներն ընտանիքի անդամներին փորձել են վախեցնել` ասելով, որ եթե Ա. Հարությունյանը շարունակի այդ մասին խոսել, ապա նա ոչ միայն կզրկվի նպաստից, այլեւ` «քո համար վատ կլինի»: «Վախեցրել են, որ եթե ես օրինական ամուսնալուծված չեմ, դա կազդի, որ նպաստ չստանամ: Մի խոսքով` ուզում են ասել, որ կկտրենք նպաստդ, գիտեն, որ դա իմ խոցելի տեղն ա, երեխաներս սովամահ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը: Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության գրասենյակները գործում են թաղապետարանների ենթակայության տակ, ընտանեկան նպաստ համակարգի մեթոդաբանությունը մշակում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (որի գործունեությանը կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում), իսկ նման կոռուպցիոն դեպքերի մասին ահազանգերին պարտավոր է արձագանքել ՀՀ գլխավոր դատախազությունը: Առայժմ նշյալ երեք կառույցների կողմից որեւէ գործողություն չի կատարվել, իսկ գրասենյակից միայն փորձել են Ա. Հարությունյանի «բերանը» փակել: Ընդ որում` դա փորձում են անել շանտաժի միջոցով: Սակայն նույն գրասենյակի աշխատակիցները մոռանում են, որ փաստերն արդեն հրապարակված են, եւ ցանկացած պարագայում գրասենյակի գործունեությունն է անօրինական դաշտում: Այսինքն` անօրինական է թե՛ մի քանի ամսվա ընտանեկան նպաստի գրպանումը, թե՛ առանց օրինական փաստաթղթերի նպաստ ձեւակերպելը: Այնպես որ, ծայրահեղ աղքատ այս ընտանիքին «հաթաթա» տալով` գրասենյակի աշխատակիցներն իրենց ստվերային գործունեությունը չեն կարողանալու «մաքրել», եւ մենք հետամուտ ենք լինելու այս գործի բոլոր մանրամասների բացահայտմանն ու ուշադիր հետեւելու ենք դրա շուրջ ընթացող զարգացումներին:
Երեկ մենք զրուցեցինք նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սոցիալական ծառայության գրասենյակի պետ Ռուզաննա Գեորգիսյանի հետ` ճշտելու համար` արդյո՞ք թերթում տպագրված փաստերի հետքերով գրասենյակի ղեկավարը գնացել է: Ռ. Գեորգիսյանը նախ մեզ մեղադրեց առանց իրենց լսելու նման փաստեր հրապարակելու մեջ, այնուհետեւ առանձնապես ոչ մի հակափաստարկ չներկայացրեց, ուստի պարզ դարձավ, որ հրապարակումից առաջ նրան դիմելը նույնպես ոչինչ չէր փոխելու: Նշենք, որ նման կոնկրետ փաստեր հրապարակելիս` մենք գրասենյակի պետերից մեկնաբանություն չենք խնդրում, քանի որ այդ ժամանակ գրասենյակի պետերը սովորաբար շատ օպերատիվ կերպով փորձում են «մշակել» այն մարդկանց, ովքեր հանդգնում են կաշառակերության մասին տվյալներ հրապարակել: Տվյալ դեպքում, մենք ունենք փաստ, եւ Ա. Հարությունյանն այսօր էլ պատրաստ է հիմնավորել իր հնչեցրած խոսքերը: «Տիկին Գեորգիսյան, մենք հիմա ենք Ձեզ զանգահարել. հրապարակված փաստից անցել է մի քանի օր, արդյո՞ք ուսումնասիրել եք այդ փաստերը, ի՞նչ եք բացահայտել»,- հարցրեցինք գրասենյակի ղեկավարին: Վերջինս նախ սկսեց նկարագրել, թե նման ընտանիքների հետ ինչպիսի դժվարին աշխատանք են կատարում: Մենք ստիպված Ռ. Գեորգիսյանին հիշեցրինք, որ նման աշխատանք իրականացնելով, իրենք բարեգործություն չեն կատարում, եւ, որ դա իրենց պարտականությունն է: Հետո նա մանրամասն նկարագրեց, որ այցելել են Ա. Հարությունյանի տուն, նոր տվյալներ են ձեռք բերել, նրանց փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ են արել, մասնավորապես` Ա. Հարությունյանի հիվանդ եղբոր անձնագիրը ձեռք բերելու ուղղությամբ օգնության ձեռք են մեկնել, եւ այլն: Մի խոսքով` ամեն ինչ արել են, բացի գրպանած գումարի վերաբերյալ որեւէ նոր բան բացահայտելուց: Ուստի հարց է ծագում. հրապարակումից առաջ Ռ. Գեորգիսյանին զանգահարելու դեպքում նա ինչ-որ բան ասելո՞ւ էր Ա. Հարությունյանից գրպանած նպաստի վերաբերյալ, եթե նա հոդվածի հրապարակումից օրեր անց էլ ասելիք չուներ: Ի դեպ, Ռ. Գեորգիսյանը նաեւ նշեց, որ այդ տարածքը սպասարկող տեսուչը գտնվում է արձակուրդում, հետեւաբար` հիմա չեն կարող որեւէ բան պարզել, բայց Ռ. Գեորգիսյանը Ա. Հարությունյանին առաջարկել է այցելել գրասենյակ եւ դիմում գրել: Ուշագրավ է նաեւ այն, որ նման դեպքերում սոցծառայության ղեկավարները լրագրողներին մշտապես հորդորում են կոնկրետ փաստեր ներկայացնել: Տվյալ դեպքում ոչ միայն կոնկրետ փաստը կա, այլեւ փաստը հիմնավորողը, ինչը ներկայացված է մեր հրապարակման մեջ: Սակայն պարզվում է` քաղաքացու կողմից կոնկրետ փաստի հրապարակումը բավարար չէ Ռ. Գեորգիսյանին, այլապես նա մեզ չէր հարցնի. «Դուք կոնկրետ փաստ ունե՞ք»: Մեր դիտարկմանը, թե «ահազանգող քաղաքացին այսօր էլ պատրաստ է այդ տեղեկատվությունը տրամադրել, ուզում եք գումարը գրպանելու տեսարանը գաղտնի լուսանկարենք, որ փա՞ստ համարեք», Ռ. Գեորգիսյանը պատասխանեց. «Այո, եթե կարող եք` նկարեք»: Այսինքն` գրասենյակի պետը ոչ թե փորձում է նախ ստուգել հրապարակված կոնկրետ հանցավոր փաստի մասին հայտարարությունը, այլեւ սկսում է կասկածի տակ դնել այն` անուղղակիորեն ասելով, թե քանի դեռ գողին դեպքի վայրում գողություն կամ կաշառակերություն կատարելիս չենք բռնել, ուրեմն` գողին կարելի է փրկել` զոհի «բերանը փակելով»:
Մի խոսքով` գրասենյակի պետն ամեն ինչ արեց` տպավորություն թողնելու համար, թե ինքը նմանատիպ ստվերային գործունեությունից գաղափար անգամ չունի, մնում է նույն բանը կրկնի տեսուչը, ով առանց խղճի խայթի վերցնում է պետության տրամադրած այն 35.000 դրամը, որով մի սոսկալի վագոն-տնակում գոյատեւում են երեք երեխաները, բուժօգնության կարիք ունեցող Անուշ Հարությունյանը, նրա` էպիլեպսիայով հիվանդ եղբայր Արմեն Հարությունյանն ու նրանց հայրը:
Հ.Գ. Ի դեպ, «Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ»` մեր այս հրապարակմանը անմիջապես արձագանքեց ՀՀ առողջապահության նախարարությունը` խնդրելով մեզ տրամադրել այս ընտանիքի տվյալները: Նախարարությունից փոխանցեցին, որ ընտանիքի բոլոր անդամների առողջական խնդիրներով կզբաղվեն, եւ բոլոր` նույնիսկ թանկարժեք բուժզննման ծառայությունները կկազմակերպեն անվճար հիմունքներով: