Ֆիլմ-բանաստեղծություն. «Ժաննան եւ ձայները»

14/07/2012

«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի հայկական մրցութային ծրագրում ներկայացված է ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը: Դերերում` Արմինե Անդա (Աբրահամյան), Միքայել Վաթինյան: Պրոդյուսեր` Արմինե Անդա (Աբրահամյան): Մինչեւ երեւանյան պրեմիերան` ֆիլմը մասնակցել է Պուսանի, Գյոթեբորգի, Սիեթլի եւ Վիեննայի կինոփառատոներին:

Իր բոլոր պատմությունները պատմելուց հետո մարդը բանաստեղծության միջով վերստին դառնում է միֆին, որտեղից սկսել էր: Այս տարածությունների մեջ ու դրանց միջեւ անցումներով է ընթանում ֆիլմը: Այն, ըստ էության, ֆիլմ-բանաստեղծություն է, եւ դա ոչ թե լոկ պատկերների արտաքին գեղեցկության ու թրթռունության բնորոշում է, որը կա, բայց որը այս դեպքում ֆիլմի բանաստեղծականությունն է, այլ ներքին, բուն կառուցվածքային հատկանիշն է` իբրեւ արվեստի գործ ստեղծվելու ու հավաքվելու, ապա իմ` իբրեւ հանդիսատեսի ներսում «ետ բացվելու» կերպը, մեխանիզմը, ժանրը:

Այն հիմնականում եռատող հյուսվածք է.

Առաջին տողում աշխարհի հորինած անհամար անելանելիություններից մեկում բանտարկված, հուսահատության շեմին գտնվող մի տղամարդ է, որի ենթագիտակցությունն է, թերեւս, փրկության իր կանչը հղում նրան, իր «մյուսին», ում, ըստ հեքիաթի, միֆի, մենք միշտ ճանաչում ենք, անկախ նրանից` գիտե՞նք նրան արտաքին աշխարհում, թե՞ ոչ: Եվ ի՜նչ կա ավելի բնական, քան այն, որ այդ կանչը ոգեղեն (էզոթերիկ) ուղիներով գտնում է նրան: Ու սկսվում է ճանապարհը…

Սա բանաստեղծության երրորդ տողն է: Այն բացարձակի չափման մեջ ապրվողն է ֆիլմում: Մեկ ու միակ արարքի արարումը: Ֆիլմի տարբեր ձգողություններն ու էներգետիկ դաշտերը կիզակետող ու միֆականին միտող է այն, եւ իբրեւ այդպիսին ընկալվելիս է բնական դառնում այն թվացյալ ստատիկությունը, որ բացարձակի էության հատկանիշներից է:

Այդ փոքրիկ, շատ փոքրիկ կինը, որ անցնում է ֆիլմով ու այդքան մեծ աշխարհի անհամար ու գնալով ավելի դժվարին դարձող ճանապարհներով: Կինը, որի ապրումների արտաքնացումներ դուք գրեթե չեք տեսնի: Նախ` նա իր ներսում տարածություն ունի այդ ամենի համար, եւ երկրորդ` մարդկանց հանդեպ սիրո ու խենթացնող կապույտ քնքշանքի իր խորքից նա պարզապես չի կարող չխնայել դիմացինին եւ իր բաժին ծանրության նվազագույն մաս իսկ դնել նրա վրա: Կամքի մաքրության եւ առ մաքրություն կամքի եզակի կրողների մարմնավորումներից մեկն է այս կերպարը, որոնց «մարդկայնացնելու», սովորական ու թեական դարձնելու մեր «հարուստ ավանդույթը» նրանց դիմաց մեզ անհանգիստ դարձնող մեր թաքուն ամոթը հաղթահարելու կամ գոնե թմրեցնելու տխուր փորձ է միշտ (որին նույնպես նրանք մեզ խնայող իրենց հայացքով են նայում): Նման դերը, անշուշտ, «խաղալով» չես խաղա. այն քո էությունից պիտի բերես, որը կամ ունես, կամ` ոչ: Սա այն է, ինչի համար ռեժիսորը պարզապես փնտրում է տիպարի` իր ժամանակի մեջ ապրող իսկականին, օրիգինալին: Բայց կա դեռ երկրորդ տողը. մարդկանց աշխարհը` այդ երկուսի միջեւ: Այն պատերազմով անցած կամ գուցե դեռ անցնող երկիր է մեր առջեւ բացում: Մարդիկ անասելի դժվար են ապրում եւ ժպտում են երեւի թե միայն անցյալը հիշելիս, կամ` երբ համարձակվում են դեռեւս երազել…

Եվ սակայն` երեխաները…

Բայց չէ՞ որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ մի ինչ-որ ժամանակ հավանաբար արդեն ասել է` փրկիր ինձ: Եվ մյուսն, իհարկե, ասել է` գալիս եմ, դիմացիր: Եվ ֆիլմով անցնում է նման մի զուգահեռ` Ժաննա դգԱրկի մասին հիշողությունը: Նրանք երկուսն էլ անցնում են նույն ճանապարհը` միեւնույն հարցերին տալով միեւնույն պատասխանները` փաստելով, որ… Պրոյեկցիոն այս ցանցը, որն առանձին տող չէ, այլ զարկերակի ռիթմով անցնում է ողջ ֆիլմ-բանաստեղծության միջով, շատ մշակված, դինամիկ, հագեցած ու խիստ ֆունկցիոնալ է ֆիլմում:

Եվ խորագիրը` «Ժաննան եւ ձայները». ես ուզում եմ հետո չմոռանալ, թե ինչ լավ ես տեսնում, թե մարդն ինչ է ասում, երբ… տեսնում ես նրան:

Եվ հետո, երազը իր օրենքներն ունի…

«Ժաննան եւ ձայները» իրականությունը ներքնատեսորեն, բանաստեղծության բացարձակության մեջ վերստեղծող ֆիլմ-մեդիտացիա է:

Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ