Հայ հեղինակը` «Publish America»-ում

14/07/2012

Երիտասարդ գրող Երեմեյ Գրիգորյանը 22 տարեկան է: Նրա ասելով` դեռեւս ոչ մի «լուրջ» քայլ չի արել գրականության ասպարեզում, բացի այն, որ վիրտուալ տարածքում իր բլոգն ունի: Չնայած իր տարիքին, նա առաջին երիտասարդ գրողն է, ում գիրքը` «Անցյալի երգը» («The song of the past»), տպագրվելու է «Publish America» հրատարակչության կողմից: Այս հրատարակչությունը հայտնի տպագրատներից է ԱՄՆ-ում, որը հրատարակել է շուրջ 50.000 հեղինակների աշխատանքներ: Երեմեյի խոսքով` ինքը եւս անակնկալի էր եկել նշյալ առաջարկի համար: «Քանի որ առաջին հեղինակն եմ մեր տարածաշրջանում, որ դիմել էր նրանց գրքի հրատարակելու համար, մտավախություն կար, որ հնարավոր էր` գիրքը չընկալվեր ամերիկյան հասարակության կողմից: Սակայն գրքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, նրանք համոզվեցին, որ գիրքն ամբողջությամբ արտահայտում է ամերիկյան միջավայրը, վեպի հերոսները բնակվում են Ամերիկայում, վեպի գործողությունները տեղի են ունենում ամերիկյան միջավայրում, եւ այն, ասես, գրված է հենց իրենց համար: Չնայած դրան, նշեմ, որ վեպում նույնիսկ կան հայկական արմատներով հերոսներ, կան գործողություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- ասաց Երեմեյը: Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ հեղինակը երբեւէ չլինելով ԱՄՆ-ում, գրել է ամերիկյան միջավայրի մասին: Իսկ դրա պատճառը, ըստ նրա, ամերիկացի գրողների ազդեցությունն է: Ընդ որում` գրքում տեղ են գտել նաեւ Երեմեյի գրած 15 երգերը, որոնք համահունչ են վեպի սյուժեին: Հեղինակը նաեւ հույս ունի, որ առաջիկայում ֆիլմ կնկարահանվի իր վեպի սյուժեի հիման վրա: Երեմեյը նաեւ հույս ունի, որ իր վեպը հավանության կարժանանա նաեւ ամերիկյան հասարակության կողմից: «Մենք շատ երիտասարդ տաղանդավոր գրողներ ունենք Հայաստանում, որոնց, սակայն, պակասում է այն ուժը կամ ձեռքը, որ կարող է առաջ տանել նրանց: Մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել Հայաստանում, եւ ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմել ենք պետական տարբեր մարմինների, որոնց անունները տեսնում ենք այս կամ այն ցուցապաստառի վրա` ինչ-որ միջոցառում հովանավորողի դերում, սակայն որեւէ աջակցություն չենք ստացել նրանց կողմից: Ավելին` իմ վեպի թարգմանությունը հովանավորելու համար դիմեցի տեղի պետական մարմիններին, սակայն մերժում ստացա: Հայաստանում չկա այն ուժը, որը կօգնի երիտասարդներին առաջ գնալու համար: Այս պահին երիտասարդ գրողներն իրենց ուժերով են գրքեր հրատարակում, բայց նրանց գրքերի վաճառքի ցուցանիշն էլ ցածր է: Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանում գիրք շատ քիչ են կարդում»,- նշեց Երեմեյը, ով այս պահին ունի եւս երեք վեպեր, որոնք դեռեւս չի ներկայացրել որեւէ հրատարակչության: Նա հույս ունի, որ իր առաջին գրքի հրատարակումը մեծ ուղի կհարթի իր գրական ստեղծագործության համար: