Բուժիչ նամակներ

14/07/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Փրփրուկ

Ջրովի մարգագետիններում, լեռնային մացառաթփուտներում, անտառային բացատներում աճում է ծաղկահյութով եւ ծաղկափոշով հարուստ փրփրուկը։ Տարածված է նաեւ չոր մարգագետիններում եւ սարալանջերին, տափաստաններում։ Այլ անվանումներն են` գինարբ, ծաղկի պսակ։ Լատիներեն գիտական անվանումն է` Filipendula, բարդ բառ է` filum=թել եւ Pendulus= կախված։ Անվանումը կապված է շեղ աճող կոճղարմատից դուրս եկող բարակ արմատների վրա աճող պալարների հետ։ Պալարները հաճախ անվանում են գետնընկույզ, դրանք ունեն հաճելի համ, հարուստ են օսլայով եւ դաբաղանյութով։

Փրփրուկների ենթաընտանիքն ընդգրկում է 10-13 բազմամյա տեսակներ, պատկանում են վարդազգիների ընտանիքին։ Տարածված են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում։ Մարոկկոյում, Եվրոպայում, Փոքր Ասիայում եւ Ասորիքում (Սիրիա) հաճախ հանդիպող բույսերից է F. ulmaria տեսակը (Փ. ծփատերեւ)։

Կախված պայմաններից` բարձրությունը կարող է տատանվել 20-150 սմ, աճում է միայնակ կամ կազմում մարգագետիններ։ Ցրտադիմացկուն, լուսասեր բույս է, դիմանում է երաշտին, նախընտրում է չափավոր խոնավ կլիման, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցողունը ուղղաձիգ է, մերձարմատային տերեւները` խոշոր երկարավուն, փետրաձեւ կտրտված` տերեւաթիթեղով։ Ցողունային տերեւները մանր են, նոսր տեղակայված, նույնպես փետրաձեւ կտրտված, տրորելիս արձակում են սուր հոտ։ Ծաղկաթերթիկները հինգն են (երբեմն` վեցը` F.hexapetala), առէջքները ավելի երկար են (մինչեւ 2 անգամ), քան թերթիկները։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երբեմն` բաց վարդագույն` հավաքված հուրանանման կամ վահանաձեւ ծաղկաբույլերում, ունեն հեռվից լսելի մեղրի բույր` բույսի անգլերեն անվանումն է` Meadowsweet=մարգագետնային բուրմունք։

Խավապատ պտուղը բաղկացած է 10-15 միասերմ` պարուրաձեւ ոլորված հատվածներից։ Ծաղկում է` մայիս-օգոստոս, պտղաբերում` հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Սկանդինավյան երկրներում օգտագործում են գարեջրի եւ գինու արտադրությունում։ Մատղաշ ճյուղերը եւ պալարներն ուտելի են։ Խոտը լավ անասնակեր է։ Կիրառվում է կաշվեգործության մեջ` որպես դաբաղող եւ ներկանյութ։

Պարունակում է կումարին, ֆլավոն, թթուներ (էլլագի եւ սուրճի), կատեխին, վանիլին, կամֆորա, սալիցիլային ալդեհիդ, մեթիլսալիցիլատ։ Արմատը պարունակում է (30 մգ` 100 գ հումքի մեջ) գլիկոզիդներ գաուլտերին եւ սպիրեին, տերեւները` մի փոքր ավելի շատ, եւ նաեւ կապտաթթվի (ցիանի միացություն) հետքեր, կարոտին, ասկորբինաթթու, եթերային յուղեր, տանիդներ։ Սերմում կա մինչեւ 6 տոկոս ճարպայուղեր։ Ընդգրկված է մի շարք արեւմտաեվրոպական երկրների դեղաբանական ձեռնարկներում։

Ունի հակաբորբոքային, լեղամուղ, միզամուղ, կապող, հականեխիչ, հակահելմինտային, հիպոտենզիվ, արյունարգել, քրտնամուղ, ցավամոքիչ, հանգստացնող հատկություններ։ Նպաստում է թույների հեռացմանը օրգանիզմից։ Օգտագործում են արմատը, ծաղկման սկզբում հավաքված ծաղկաբույլերը։ Չորացած արմատը կարելի է պահպանել` 3, իսկ ծաղկաբույլերը` 1 տարի։ Բուժիչ հատկություններ ունի նաեւ մեղրը, օգտագործում են լուծի, մրսածության, գրիպի դեպքում։ Հետաքրքիր հնարքի են դիմում մեղվապահները։ Նրանք գիտեն, որ եթե փրփրուկի խոտը քսեն փեթակի ներքին պատերին, ապա ավելանում է մեղրատվությունը` մեղուները ավելի շատ նեկտար եւ ծաղկափոշի են բերում։

Պետք է զգուշանան հիպոտոնիայով եւ հաճախակի փորկապությամբ ուղղորդվող կոլիտով հիվանդները։

Ունի լայն կիրառում ժողովրդական բժշկության մեջ։

Վերջին տարիներին հայտնաբերվել են բույսի հակավիրուսային հատկությունները` ինչը թույլ է տալիս կանխարգելել գրիպը, բուժիչ ջրծաղիկը, շուրթերի եւ նույնիսկ սեռական բնույթի հերպեսը։

Հակավիրուսային թուրմ. Մանրացրեք, խառնեք փրփրուկի եւ վաղենակի չոր ծաղիկները (4։1)։ Հումքի 50 գրամը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք 500-ական մլ զտված ջուր եւ օղի, կիպ փակեք։ Տարան դրեք 90C աստիճան ջերմության ջրով լցված արծնապատ կաթսայի մեջ, թրմեք 30 րոպե, գոլացած ջուրը թափեք, լցրեք տաքը եւ կրկին թրմեք 30-60 րոպե։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` առավոտյան եւ ցերեկը սնվելուց առաջ եւ նախքան քնելը։

Հետաքրքիր եւ շատ կարեւոր զեկույց է հրապարակել ռուս դեղագործ Ն. Ֆադեեւը «Ապտեկա-2006թ.» մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում` «փրփրուկի ծաղիկների ազդեցությունը ավելի հզոր է քան «Տանական» դեղամիջոցինը։ Հայտնի է, որ «Տանականը» բարձրացնում է երակների տոնուսմը, կանխարգելում թրոմբների առաջացումը, նվազեցնում այտուցվածությունը, լավացնում արյան միկրոշրջանառությունը վերջույթներում եւ ուղեղում։ Այդ պատճառով փրփրուկը կիրառելի է ետինսուլտային, գանգուղեղի ծանր վնասվածքների, հիշողության անկման դեպքում»։

Վարիկոզ.
– 2ճ/գ թարմ ծաղիկը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, լուծեք 10-20 գ շաքար։ Խմեք 20-25 գ` սնվելուց առաջ։
– 30 գ չոր ծաղիկը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 1-2-ական թ/գ, օրը 2-4 անգամ։ Շարունակեք 20 օր։ Միջոցը փոխարինում է ասպիրինին։

Կանացի անպտղություն – Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ փրփրուկի, լորենու եւ երեքնուկ կարմիրի ծաղիկներ, ավելացրեք 1 լ եռջուր, ծածկեք կափարիչով, թրմեք 2 ժամ։ Խմեք 200 ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Շատ համեղ եւ բուրումնավետ փրփրուկի ծաղիկներից պատրաստված թեյը օգտակար է հոդատապի, ռեւմատիզմի, երիկամների եւ միզապարկի բորբոքումների, հիպերտոնիայի, նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ընթացքում։

– 2թ/գ ծաղիկը 3-4 ժամ թրմեք 300 մլ նախօրոք եռացրած սառը ջրում։ Խմեք 70-ական մլ` օրը 4 անգամ։

Ցավեր որովայնում. 1 ճ/գ ծաղիկները 15 րոպե թրմեք 250 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրվա ընթացքում։

Ուռուցքներ. 4 ճ/գ մանրացրած չոր արմատը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 1 լ եռջրում։ Թրմեք մինչեւ գոլանալը։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։

Հեպատիտ. 1 ճ/գ չոր խոտը (ծաղկաբույլերը) 3 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք 2 ժամ։ Քամեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Մազարմատներն ամրացնող.
3 ճ/գ ծաղիկը կես ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Օրը 1 անգամ ցայեք մազերը։ Շարունակեք 10 օր։

Վերք, խոց, չիբան. 2 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում տաք տեղում։ Կատարեք լվացում։

Կոմպոտ. Մանրացրած կոճղարմատը պարկիկով իջեցրեք եփվող կոմպոտի մեջ (20-30գ` 1լ ջրին)։