Հատել են սահմանը

12/07/2012

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ հատել են այն` հատուկ ականազերծված հատվածով: ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, պլանային դիտարկումն անցկացվել է շփման գծի Ասկերանի ուղղությամբ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների կողմից: Երեկ համանախագահներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, Բ.Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է եւ բանակցային խեղաթյուրված ձեւաչափը: Այս առումով նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել շարունակել իրենց աշխատանքը` Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ: