ԲՀԿ-ի թեկնածուն Ս.Սարգսյանն է

12/07/2012

«Հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաեւ այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որեւէ մեկը, եթե չցանկանա պաշտպանել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա: Առայժմ այդ 3 ուժերից որեւէ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով 2011թ. փետրվարի 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին: Հիշեցնենք, որ հուշագրի պայմաններից էր 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը: Սակայն դրանից հետո ԲՀԿ-ն չի հստակեցնում, թե իր այդ խոստումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: «Իհարկե, եթե հակառակ հայտարարություն չի եղել, բնականաբար, ուժի մեջ է»,- ասել է Գ.Սահակյանը: Եվ քանի որ ԲՀԿ-ն 2011թ. կոալիցիոն հայտարարությամբ խոստացել է պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը եւ մինչ այժմ հակառակ հայտարարություն չի արել, դա նշանակում է, որ 2013-ին այդ կուսակցության թեկնածուն Ս.Սարգսյա՞նն է: «Առայժմ այդպես է»,- ասել է Գ.Սահակյանը: