Ծառուկյանի դեմ

12/07/2012

Երեկ առավոտյան Աբովյան եւ Չարենցավան քաղաքների 10 երթուղիների մոտ 100 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Երթուղի դուրս չի եկել թվով 45 տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան, ինչպես նաեւ` ներքաղաքային երթուղիները: Երթուղիները պատկանում են «Քինգ դելյուքս» ընկերությանը, որի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկն է` Արթուր Հարությունյանը («Պալաչ» մականունով): Գործադուլի հիմնական պատճառն այն է, որ վերջին շրջանում ԲՀԿ-ի հովանավորությամբ այդ ուղղություններում գործում են անվճար ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, ինչի արդյունքում, ըստ «Քինգ դելյուքսի» վարորդների, իրենք աշխատում են վնասով, քանի որ իրենց ավտոբուսներից շատ քիչ թվով մարդիկ են օգտվում: Ընկերության ղեկավարությունը այդ վնասը գնահատում է շուրջ 800 հազար դոլար: «Քինգ դելյուքսը» պահանջում է, որպեսզի Գ. Ծառուկյանի` անօրինական կերպով երթուղի մտած ավտոբուսները դադարեցնեն իրենց աշխատանքը: Այսօրվանից ավտոբուսի վարորդների գործադուլին կմիանան նաեւ շուրջ 120 տաքսիների վարորդներ: