Հայտնվել են փակուղում

12/07/2012

Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է ստեղծվել` կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ: Ավելի քան 2 շաբաթ է` այդ գործի ընթացքի վերաբերյալ որեւէ նոր տեղեկատվություն չի հրապարակվել, եւ Վ.Օսկանյանը չի հրավիրվել հարցաքննության: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն բավարար փաստեր չունի ապացուցելու, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ, ինչի առիթով մայիսի 25-ին հարուցել էր այդ քրեական գործը: ԱԱԾ լրատվության պատասխանատու Արծվին Բաղրամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել որեւէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունները: Ընդամենն ասել է, թե «նախաքննության գաղտնիությունից ելնելով` ոչինչ չի կարող ասել»: Հիշեցնենք նաեւ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Սիվիլիթասի» հաշվապահական գործունեությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունում: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե իր տեղեկություններով` որեւէ լուրջ խախտում չի հայտնաբերվել: Նաեւ ավելացրել է, թե առաջիկա օրերին այդ գործի հետ կապված ասուլիս կհրավիրեն հիմնադրամի պաշտպան Արթուր Գրիգորյանի հետ միասին: