Ինքնաթիռից թռնելու ժամանակը

12/07/2012

Նախօրեին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել է գնել ռուսական «Սուխոյ» ընկերության արտադրած Sukhoi Superjet 100 երկրորդ ինքնաթիռը: Որպես հիմնավորում` նշվում են բազմաթիվ պատճառներ ու վարկածներ` սկսած պաշտոնապես ներկայացվող «պայմանների շուրջ համաձայնության չգալու մասին» պատճառաբանությունից, վերջացրած նրանով, որ այդպիսով ռուսական կողմը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` «Արմավիան» գնելու համար: Թե որոնք են երկրորդ Superjet 100-ից հրաժարվելու պատճառները, պարզ կդառնա առաջիկայում: Անկախ ամեն ինչից, սակայն, այդ տեղեկությունը գոնե ՀՀ քաղաքացիները պետք է ընդունեն որպես ավետիս: Ինչպես հայտնի է, Superjet 100 ինքնաթիռները միջազգային փորձաքննություն չեն անցել եւ, ըստ մասնագետների, տեխնիկական լուրջ թերություններ ունեն: Այդ մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես այս տարվա մայիսին Ինդոնեզիայում տեղի ունեցած աղետից հետո, երբ Superjet 100-ը փորձնական թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց, ու զոհվեց 45 մարդ: Ընդհանրապես «Արմավիայի» շուրջ կատարվող գործընթացները լավագույնս արտահայտում են հայ-ռուսական հարաբերությունների որակը, ավելի ճիշտ անորակությունը` հայկական կողմի համար: Եվ Superjet 100 օդանավի հետ կապված պատմությունը դրա լավագույն` խորհրդանշական վկայությունն է: Փաստորեն, ռուսական ավիաշինարարական ընկերություններն արտադրել է մի ինքնաթիռ, որը ոչ միայն փորձաքննություն չի անցել, այլ այն գնելու փորձ չեն արել նույնիսկ աշխարհի կողմից մեկուսացված, օդանավերի գնման խնդիր ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Վենեսուելան եւ այլք: Եվ Հայաստանը դառնում է այդ ինքնաթիռը շահագործող առաջին երկիրը. «Արմավիան» առաջին Superjet 100-ը շահագործում է ավելի քան մեկ տարի` 2011 թվականի ապրիլից: Այսինքն` մեկ տարուց ավելի Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները որպես փորձադաշտ են ծառայում ռուսական ավիաշինարարության տխրահռչակ մի արտադրանքի փորձարկման համար: Եվ պատահական չէ, որ ռուսական «Վնեշէկոնոմբանկը» առաջին Superjet 100-ը գնելու համար 24 մլն դոլար վարկ էր տրամադրել, պատրաստ էր «Արմավիային» վարկավորել նաեւ երկրորդ ինքնաթիռը գնելու համար: Այդպիսով, ռուսական պետական բանկը ֆինանսավորում է այդ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ավիաշինարարության ոլորտի փորձարկումները, որոնք, միայն ի բարեբախտություն մեզ, առայժմ դժբախտ հետեւանքներ չեն ունեցել: Ի դեպ, առաջին հայացքից կարող է տարօրինակ հնչել, սակայն այս թեման շատ ակտուալ է նաեւ մեր օրերում ծավալված քաղաքացիական շարժումների համատեքստում: Ամեն օր քաղաքացիների կյանքը ենթարկվում է շատ որոշակի` ֆիզիկական վտանգի, սակայն դրա դեմ բողոքի որեւէ ալիք չի բարձրանում: Տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ` հասկանալի է, որ այդ մասին չեն բարձրաձայնում, հանձնաժողովներ ստեղծելու պահանջ չեն ներկայացնում նաեւ քաղաքական ուժերը: Ձայն չհանելու դրդապատճառները նույնն են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի պարագայում. այն, ինչ կապված է Ռուսաստանի հետ, գրեթե տաբու է մեր քաղաքական դաշտի համար: