Երեքը խմբում` գումարած ԲՀԿ-ն

12/07/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ չորս խմբակցությունները` ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը» երեկ որոշում են կայացրել աշխատանքային խումբ ստեղծել, որը զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործի հետաքննության հետ կապված` իրավապահ մարմիններին ուղղված հարցաշար կպատրաստի:

Երեկ առավոտյան այս խմբակցությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են «Ժառանգություն» խմբակցությունում, որոշել, որ այդ գործի նախաքննությունն, այնուամենայնիվ, պետք է պահեն ուշադրության կենտրոնում, թեեւ երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու մասին իրենց դիմումը: Հիշեցնենք, որ իրեն ուղղված այս չորս խմբակցությունների դիմումին ի պատասխան` Հ.Աբրահամյանը հայտարարել էր, թե ինքը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: «Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից»,- գրել էր նա:

Սակայն պատգամավորի լիազորությունները հնարավորություն են տալիս նման դեպքերում գրավոր հարցապնդում ուղղել պետական կառույցներին, այդ թվում եւ` իրավապահ մարմիններին: Եվ երեկ այդ խմբակցությունները որոշել են օգտագործել այդ հնարավորությունը: Նրանք նաեւ որոշել են, թե իրենցից ով պետք է մասնակցի հարցերը պատրաստող խմբի աշխատանքներին: ՀԱԿ-ից մասնակցելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը, եւ ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը: Երեկ այս որոշումից հետո թե չորս խմբակցությունների ղեկավարները եւ թե աշխատանքային խմբի անդամները մեզ հետ զրույցում չմանրամասնեցին, թե Վ.Ավետյանի մահվան գործի հետ կապված կոնկրետ ինչ հարցեր են ուղղելու իրավապահներին: Արդյո՞ք հարցերը լինելու են միայն «Հարսնաքարի» դեպքի հետ կապված, թե՞ խմբակցություններն ու նրանց ձեւավորած աշխատանքային խումբը կբարձրացնեն նաեւ այլ պաշտոնյաների կամ օլիգարխների հարազատների, թիկնապահների հետ կապված աղմկոտ սպանությունների, ծեծուջարդերի եւ նման բազմաթիվ միջադեպերի համար պատասխանատվության հարցը: «Հարցաշարում պետք է հարցեր լինեն ուղղված իրավապահ մարմիններին, որոնք պետք է որոշ պարզաբանումներ տան ոչ միայն այս դեպքի հետ կապված, այլ ընդհանրապես պետության մեջ իրավիճակի հետ կապված: Եվ սա ավելի մեծ մասշտաբ է իր մեջ ընդգրկում, որովհետեւ հարցերը ոչ թե անհատական են, այլ դառնում են մի տասնյակ պատգամավորների հարցադրումներ»,- ասաց Ռ.Հակոբյանը:

«Ընդհանրապես եկեք չմոռանանք, որ սա առաջին ու երկրորդ դեպքը չէ, որը կապված է Ռ.Հայրապետյանի անվան հետ: Սա նշանակում է, որ մենք այստեղ գործ ունենք սիստեմատիկ կրկնվող բռնությունների հետ, որոնք հովանավորվում եւ ղեկավարվում են Ռ.Հայրապետյանի կողմից, ով օգտագործում է իր ազդեցությունն այդ գործերը կոծկելու համար: Եվ ով, իր հերթին, ի դեմս Սերժ Սարգսյանի` հովանավորվում է ՀՀ իշխանությունների կողմից: Եվ ես կարծում եմ, որ այս դեպքերը կարող են առիթ դառնալ, որ ընդհանրապես քաղաքական ուժերը դնեն ՀՀ-ում տիրող անպատժելիության, ապօրինությունների, որոշ անձանց կողմից արդարադատության յուրացման եւ այդ ամբողջի համար իշխանությունների պատասխանատվության հարցը»,- ավելացրեց Լ.Զուրաբյանը:

Աշխատանքային խումբն այսօր արդեն կհանդիպի եւ կքննարկի իրավապահներին ուղղվելիք հարցերի ցանկը: Գ.Ջհանգիրյանը նույնպես չցանկացավ բացահայտել, թե ինչ հարցեր են իրենց մտահոգում: Ընդամենը մոտավոր նշեց դրանց բնույթը: «Հարցերից մի քանիսը` կվերաբերվեն օբյեկտիվությանը, մի քանիսը լրիվությանը, մի քանիսն էլ` բազմակողմանիությանը: Մեկ-երկու օրվա ընթացքում կավարտենք, այդքան բարդ չէ, եւ դրանք կներկայացնենք թե ձեզ, թե իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

Իսկ ի՞նչ են ձեռնարկելու այս չորս խմբակցությունները հարցաշարն իրավապահ մարմիններին ուղարկելուց կամ այնտեղից դրանց պատասխանները ստանալուց հետո: Արդյո՞ք Վ.Ավետյանի մահվան գործի հետ կապված խորհրդարանում լսումներ կամ արտահերթ նստաշրջան հրավիրելու, ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու պահանջ կներկայացնեն: Կամ` միջոցառումների ուրիշ ի՞նչ տարբերակ կմտածեն: Մեր զրուցակիցներն ասացին, որ իրենց հետագա անելիքները պայմանավորված կլինեն իրավապահ մարմինների պատասխաններով: «Ըստ պատասխանների լրջության` մենք արդեն կգնահատենք, թե ինչքանով իշխանությունները լուրջ են մոտենում այդ գործի քննությանը, ինչքանով են թափանցիկ, ինչքանով է երաշխավորված գործի ամբողջական բացահայտումը: Եվ ըստ դրա էլ` կորոշենք մեր հետագա քայլերը»,- պատասխանեց Լ.Զուրաբյանը: