«Հայկական գարունը» ստեղծված քաղաքացիական հասարակությունն է

12/07/2012

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե` հնարավո՞ր է «արաբական գարունը» հասնի Հայաստան, եւ կարելի՞ է արդյոք ակնկալել «հայկական գարուն», ասել է. «Այն արդեն իրականություն է, Հայաստանը փոխվում է եւ չի դադարում փոխվել»: Նրա խոսքով` երկրում պահպանվում են որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց առաջընթաց երկրում կա: Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներում է առաջընթաց նկատվում, դեսպանը պատասխանել է. «Երբ ես սկսում էի իմ առաքելությունը Հայաստանում, այստեղ կար քաղբանտարկյալների խնդիր, մարդիկ, ովքեր անազատության մեջ էին հայտնվել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո: Այժմ նման հարց չկա»: Անրի Ռենոյի խոսքով, փոփոխություններ նկատվեցին վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում, եւ բոլոր դիտորդները համակարծիք էին, որ առաջընթաց կա` հատկապես լրատվամիջոցներով քարոզարշավի լուսաբանման առումով: Հարցին էլ` տեղյա՞կ եք արդյոք «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին, որտեղ ծեծելով մարդ էին սպանել, Ա. Ռենոն պատասխանել է. «Իհարկե, տեղեկացված եմ կատարվածի մասին: Բայց լինելով դեսպան, ես իրավունք չունեմ մեկնաբանել իրավիճակը: Այդուհանդերձ, այն շարժումը, որը ստեղծվել է այդ միջադեպի համապատկերում, նույնպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծման վկայություն է: Դա հենց այն է, ինչ ես նկատի ունեմ` ասելով «հայկական գարուն»»: