Լրագրողը` ԱԱԾ-ում

12/07/2012

Երեկ Aravot.am-ի, «Առավոտ» օրաթերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը հրավիրվել է հարցաքննության` Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանի մոտ: Ըստ Aravot.am-ի, քննիչը տեղեկացրել է, որ լրագրողը ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի` ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանը տեղեկացել է, որ հարցաքննության է կանչվել Ս. Հովհաննիսյանի գործով, հրավիրել է որպես վկա իր ներկայացուցչին` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նարինե Ռշտունուն: Նարինե Ռշտունու ներկայությամբ նա հարցաքննվել է, որը տեւել է 4 ժամ: Ռ. Մինասյանից եւ փաստաբանից քննիչը վերցրել է ստորագրություն` այս գործով նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին: Aravot.am-ը, այդուհանդերձ, տեղեկացնում է, որ Ռ. Մինասյանը հարցաքննվել է ՔԿՀ վարչության նախկին պետի հետ ունեցած հեռախոսազրույցների, շփումների մասին: Ռուզան Մինասյանը դեռ 2006թ.-ին առնչվել է 12 տարի ազատազրկման դատապարտված Ջամալ Սլոյանի գործին: «Սպանություն` շահադիտական շարժառիթով» հրապարակմամբ Ռուզան Մինասյանը ներկայացրել էր նույն թվականի ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում 48-ամյա ազատամարտիկ, Հայաստանի քաղաքացի, Ոստիկանության օպերատիվ աշխատակից, կապիտան, 3 երեխաների հայր Ահմադ Շարոյանի դանակահարությունը եւ սպանությունը: Քննիչը նաեւ հարցեր է տվել այս հրապարակման հետ կապված: