«Deutche Welle»-ը` ՀՀ-ում գրանցվող ինքնասպանությունների մասին

12/07/2012

«Deutsche Welle» պարբերականը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, թե ՀՀ բնակիչներն ինքնակամ հրաժարվում են կյանքից` նախեւառաջ տնտեսական խնդիրների պատճառով: Ըստ պարբերականի` վերջին կես տարում 47 ինքնասպանություն է գրանցվել ՀՀ-ում, ինչը համարյա կրկնակի գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի տվյալներին: «Deutche Welle»-ը նաեւ նշում է, թե զարմանալի չէ` Հայաստանի ինքնասպանությունների տնտեսական դրդապատճառների գործոնը. Հայաստանում գործազրկությունը 40 տոկոս է: «Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է ԱՊՀ-ում: Այլ տվյալներ փաստում են, որ արտագնա աշխատողները ավելի քիչ են սկսել օգնել Հայաստանում բնակվող հարազատներին: Չքավորության սանդղակի մյուս կողմում է հայտնվել երկրի ազգաբնակչության 30 տոկոսը: Երիտասարդների մեծ մասն իր ապագան Հայաստանում չի տեսնում»,- ընդգծում է պարբերականը: Հիշատակելով վերջերս տեղի ունեցած հայր եւ որդու (պարտքի պատճառով) ինքնասպանության, ինչպես նաեւ 21-ամյա աղջկա հղիության պատճառով իրականացված ինքնասպանության դեպքերը, պարբերականը` հղում անելով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանին, ընդգծում է, թե հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է:

Ըստ Գ.Պողոսյանի` աշխարհում տարեցտարի ինքնասպանությունների թիվը քիչ թե շատ կայուն է մնում, սակայն, երբ դրանց թվի կտրուկ աճ է նկատվում, ապա դա վկայում է սոցիալական միջավայրում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Նրա դիտարկմամբ` երբ տնտեսական ճգնաժամի կամ սոցիալական լարվածության պատճառով թուլանում է մարդու կապը սոցիումի հետ, նրա մոտ կյանքին վերջ տալու ցանկություն է հայտնվում: