Բանակցե՞լ են կրոնական կազմակերպությունների հետ

12/07/2012

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում նախընտրական շրջանում, բացի ՀՀԿ-ից, ՀԿԿ-ից եւ ՕԵԿ-ից, մյուս կուսակցությունները բանակցությունների մեջ են եղել տարբեր կրոնական կառույցների հետ: Ըստ նրա` այդ բոլոր կրոնական կառույցները ֆինանսավորվում են արտերկրից, ինչն օրենքով արգելվում է: «Սակայն դրա համար, չգիտես թե ինչու, աղանդավորների նկատմամբ պատիժ չի կիրառվում»,- ասել է Ամարյանը: «Ես դրա մասին տեղյակ եմ պահել համապատասխան կառույցներին: Իրենք էլ իրենց հերթին` կուսակցության առաջնորդներին նամակ են ուղարկել եւ տեղեկացրել, որ իրենք տեղյակ են այդ ամենից»,- հավելել է Ա.Ամարյանը: Նրա փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, 2010թ. տվյալներով` Հայաստանում բնակվում է ավելի քան 3 մլն բնակիչ, եւ երկրի 90%-ը հետեւորդն է պետական կրոնի` Հայ Առաքելական եկեղեցու, իսկ 10%-ը, որը մոտավորապես կազմում է 360.000 մարդ, այլ կրոնների է հարում: Ավելին, Ա. Ամարյանը երեկ նաեւ հայտարարել է, թե այսօր Հայաստան կոսմետիկայի հայտնի ապրանքանիշերի ներկրողները տարբեր կրոնական կառույցների ներկայացուցիչներ են։ «Օրինակ, հայտնի «Մերի Քեյ» կոսմետիկայի ընկերությունը, «Ֆաբերլիկը» աշխատում են ցանցային մարկետինգի շնորհիվ, որն իրականացվում է եկեղեցական կառույցների միջոցով: Նրանց առաջնորդներից շատերը հենց տարբեր կրոնական շարժումների ներկայացուցիչներ են»,- ասել է նա: