Արտադրված է Հայաստանում

12/07/2012

Եթե հավատանք մեր պաշտոնյաների հայտարարություններին, տեղական արտադրությունն օրեցօր զարգանում է: Այդ մասին իր ելույթներում պարբերաբար նշում է թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե՛ կառավարության անդամները։

Պարբերաբար կազմակերպվում են բիզնեսի զարգացման ծրագրերի քննարկումներ՝ ոլորտի զարգացման ուղղությամբ, սակայն հիմնականում խոսքը գործի չի վերածվում։ Ինչպես բազմիցս նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հայաստանյան ներկայիս թեթեւ արդյունաբերության ոլորտի վերլուծությունը ցույց է տալիս, որ զարգացման դրական միտումներ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, ոլորտում առկա են խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում ճյուղի զարգացման վրա: Խնդիրներ, որոնք դեռեւս «ջրի երես են հանվում», սակայն դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլեր չեն նկատվում:

Այդուհանդերձ, վերջին շրջանում հայկական արտադրության որոշակի ապրանքներ սկսել են երեւալ Երեւանյան խանութներում: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությանը, որը թեթեւ արդյունաբերության կարեւորագույն բաղադրիչներից է։ Եթե նախկինում տեղական շուկայում հնարավոր էր գտնել միայն թուրքական կամ չինական արտադրության հագուստ, ապա այսօր արդեն առավել հաճախ ենք տեսնում «made in Armenia» գրությունը տաբատի կամ վերնաշապկի վրա: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում Հայաստանը զարգացում է ապրել` թեկուզ եւ քիչ, սակայն այդ զարգացումը տեսանելի է: Հայաստանում արդեն գործում են տեղական արտադրության հագուստ վաճառող բրենդային խանութներ, ինչպիսիք են «Զատիկ Ստուդիո» խանութը, «Նինա Կուտյուրը», «Արս Ֆայնը», որը մասնագիտացված հատուկ համազգեստների արտադրմամբ է զբաղված, ինչպես նաեւ «Էյջ Բրոդերսը» (HBrothers): Խանութի մենեջերի հետ զրույցում հասկացանք, որ հումքը, որից նրանք պատրաստում են իրենց արտադրանքը, բերվում է Թուրքիայից, իսկ այստեղ հագուստների ստեղծման ուղղությամբ արդեն աշխատում է մի մեծ թիմ: Մեկ այլ հայտնի ապրանքանիշ է «Զատիկ Ստուդիոն»: Խանութի մենեջերը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին ժամանակներում Հայաստանում իր արտադրանքի ցուցադրություն չի ունեցել, իրենց ցուցադրությունները հիմնականում Ֆրանսիայում են կազմակերպվում, սակայն արտադրանքը հայաստանյան սպառողի համար է նախատեսված, իսկ արտերկիր առավել քիչ քանակությամբ է արտահանվում: «Զատիկ Ստուդիոն» իր հումքը հիմնականում բերում է Ֆրանսիայից եւ Իտալիայից եւ ապահովում է բարձր որակ ու յուրօրինակ ոճ։ Արդյունքում ընկերության արտադրանքը համեմատաբար թանկ է, սակայն անգամ այդ պարագայում իր գնորդը պատրաստ է վճարել: «Արս Ֆայն» ընկերությունը, որը մասնագիտացված հագուստ է արտադրում (համազգեստ), իր հումքը ներկրում է Դուբայից, Թաիլանդից, արտադրությունը կազմակերպվում է այստեղ, իսկ պատրաստի արտադրանքը արտահանվում է Ռուսաստան:

«Նինա Կուտյուր» խանութ-սրահի արտադրությունը, որը պատկանում է գործարար Վահագն Հովնանյանի դստերը` Նինա Հովնանյանին, հումքը ներկրում է ԱՄՆ-ից, իսկ արտահանում կազմակերպում են միայն պատվերի դեպքում:

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում հայտնի անուն է նաեւ «ՏՈՍՊ» արտադրական կարի ֆաբրիկան։ Ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ձեռնարկությունը նույնպես խնդիրներ ունի, որոնց լուծումները դեռեւս չի տեսնում: Հումքի առումով հիմնական գործընկերը Թուրքիան է, սակայն միջինասիական երկրներից նույնպես հումք են ներկրում: «Արտահանման հետ կապված արդեն իսկ մշակած երկու պայմանագիր ունենք, որոնք շատ շուտով կգործադրվեն, եւ մենք կսկսենք արտահանումը,- նշեց Բեկիրսկին, սակայն երկրների անունները դեռեւս չցանկացավ նշել,- Մինչ այդ մենք դեռեւս արտադրում ենք միայն հայաստանյան սպառողի համար»: Մրցակցության առումով կազմակերպության ղեկավարը նշեց, որ կոնկրետ իրենց ոլորտում ունեն բավականին լուրջ մրցակիցներ։ Սակայն Բեկիրսկին մրցակից է համարում միայն օրինական դաշտում աշխատող ձեռնարկություններին, այլ ոչ թե ստվերային դաշտում գտնվողներին։ «Կան որսագողեր եւ որսորդներ: Մրցակցությունը իրական է, երբ որսորդների հետ ես մրցում, իսկ որսագողերի հետ մրցելը անիմաստ է»,- ասաց Բեկիրսկին:

Վերջում ավելացնենք, ըստ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների` 2011 թվականին Հայաստանից արտահանվել է 7.2 մլն դոլարի ընդհանուր մաքսային արժեքի հագուստ, ինչը 2010 թվականի համեմատ աճել է 43,7%-ով: Սակայն ներկրումն ավելի մեծ է` 2011 թվականին 70 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով (նախորդ տարվա համեմատ աճը շուրջ 14,9% է: Հիշեցնենք, որ թեթեւ արդյունաբերությունը ներառվել է այն 11 ոլորտների մեջ, որոնք հեռանկարային են համարվում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի նախագծում:

Ե. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ