– Նախկինում Դուք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տնօրենն էիք, այսօր ղեկավարում եք Գործատուների միությունը։ Նման կառույցներն այսօր Հայաստանում այնքան շատ են, եւ դրանց տված օգուտը` քիչ տեսանելի, որ դրանք սկսում են ընկալվել որպես պետական մարմինների նման կառույցներ։ Այս առումով՝ ո՞րն է Գործատուների միության դերն ու կարեւորությունը։
– Ոչ, մեր կառույցը պետական չէ եւ չի կարող այդպիսին ընկալվել: Մենք մասնավոր կառույց ենք, սակայն մեր միությունը հիմնադրվել է համաձայն «ՀՀ Աշխատանքային օրենսդրության» եւ «Գործատուների Միությունների» մասին օրենքի պահանջների: Մեր կառույցի բուն նպատակն է՝ աշխատողների համար ստեղծել աշխատանքի համար արժանապատիվ միջավայր: Հայաստանում բացակայում է բիզնես էթիկան, սակայն, միեւնույն ժամանակ, մեր կառույցի առաքելությունն է` բարելավել այդ միջավայրը, փորձի փոխանակում կատարել այլ երկրների հետ: Փորձում ենք համախմբել գործարար ոլորտները եւ ստեղծել ընդհանուր բիզնես միջավայր: Մենք ջատագով ենք, որպեսզի Հայաստանն անդամագրվի արեւմտյան գործընկերության շրջանակում, եւ տնտեսությունը զարգացում ապրի, քանզի, եթե մեր իշխանությունները քայլեր չանեն, շատ մոտ ապագայում Հայաստանը կլինի զարգացող Եվրոպայի համար պարզապես աշխատուժ եւ հումք մատակարարող երկիր:
– Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների Միությունը, որի գործադիր տնօրենն էիք երկար ժամանակ, նույնպես կոչված էր Ձեր նշած խնդիրները լուծելուն։ Ինչո՞ւ հեռացաք։ Հնարավոր չէ՞ր Ձեր առաջադրած նպատակներին հասնել այնտեղի աշխատանքով։
– Պարզապես չդիմացա նման մթնոլորտին: Ըստ էության, այդ կառույցը հիմնականում խրախուսում էր խոշոր բիզնեսի զարգացումը եւ այդ քայլով կործանում էր փոքրը եւ միջինը: Ես հիմնականում դեմ էի հանդես գալիս այդ դիրքորոշմանը, ինչի արդյունքում նեղանում էին: Նման միջավայրում աշխատելը, հավատացեք, անհնարին էր: Հետաքրքիր է, որ շատերն են բողոքում Արդյունաբերողների եւ գործարարների միությունից` մեկնաբանելով, որ այն վերածվել է «ակումբի» եւ կորցրել է իր բուն գործունեության էությունը: Փոքր բիզնեսն ընդհանրապես բացակայում է այդ կառույցում, մերժվածի դերում է հայտնված: Հիմա էլ, որ նայում ենք, չենք տեսնում աշխատանք` կատարված իրենց կողմից:
– Կառավարությունը շարունակ խոսում է կատարված ու կատարվելիք բարեփոխումների մասին, սակայն գործարար ոլորտի ներկայացուցիչները դժգոհում են ներկայիս վիճակից: Դո՞ւք ինչպես եք գնահատում ներկայիս բիզնես միջավայրն ու բարեփոխումների արդյունքը:
– Այսպես կմեկնաբանեմ. որոշ ասոցիացիաների ոչ կոնստրուկտիվ աշխատանքը նույնիսկ վնասում է: Օրինակ` երբ ՀՀ կառավարությունը տարվա սկզբին պետք է իր բյուջեն ավելացներ 101 մլրդ դրամով, այդ քննարկմանը հրավիրել էր 20-25 խոշոր արդյունաբերողների, որոնք լռակյաց սկզբունքորեն համաձայնեցին վարչապետի հետ, տվեցին իրենց համաձայնությունը։ Ինչո՞ւ պետք է հենց այդ գումարով ավելանար բյուջեն, եւ ինչո՞ւ այդ 20-25 հոգի ձեռնարկատերերը որոշում կայացրին ամբողջ մասնավոր սեկտորի անունից: Եվ այն, որ մեկնաբանում էին, որ այդ գումարը չի «կոտրվի» փոքր եւ միջին բիզնեսի գլխին, նույնպես թյուր էր, քանզի այդ ամենի արդյունքում մաքսատուրքեր ավելացան, ակցիզային հարկը թանկացավ: Կառավարությունը հաճախ օգտվում է առիթից եւ հրավիրում է նման հարցերի քննարկմանը այնպիսի տնտեսվարողների, ում համաձայնությունը ստանալը առավել քան հեշտ է: Օրինակ, մեր կառույցը չի եղել ներկա այդ քննարկմանը: Ներկա լինելով՝ մենք կբարձրաձայնեինք առկա խնդիրների մասին: Ինչ վերաբերում է բիզնես միջավայրի գնահատականին, ապա չի կարելի չնկատել, որ իրոք տեղի են ունենում փոփոխություններ։ Հատկապես ճգնաժամի պայմաններում կառավարությունը քայլեր արեց, ֆունդամենտալ փոխեց իր դիրքորոշումը որոշ հարցերի շուրջ, սակայն այսօր այնքան քաոսային իրավիճակ է օրենսդրության ոլորտում, որ այդ քայլերը դեռեւս բավարար չեն արդյունքի հասնելու համար: Կատարված բարեփոխումները գնահատում եմ դրական, սակայն համարում եմ, որ մեր բավարարվածությունը դեռեւս ցածր է: Ոչ թե կառավարության աշխատանքն եմ գնահատում անբավարար, այլ գործարար միջավայրը համարում եմ անբավարար: Անհավասար մրցակցությունը, կոռուպցիան, խորհուրդների ոչ բարձր արդյունավետությունը, տեսչական կառույցների ստուգումները, ձեռնարկությունների ցածր արտադրողականությունը, հազիվհազ գոյատեւումը, աջակցող մեխանիզմների սկզբունքորեն բացակայությունը, բանկերի կողմից տրամադրող վարկերի անհասանելիությունը կամ բարձր տոկոսայնությունը, կամայականությունը ստուգող կառույցների կողմից հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչների հանդեպ, փոքր բիզնեսի վախեցածությունը, նրանց կաշկանդվածությունը ես համարում եմ անբավարար: Եթե մենք նայենք մեր արտահանման եւ ներմուծման «թոփ 25-ը», կտեսնենք, որ այնտեղ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են, եւ փոքր բիզնես չկա: Ովքե՞ր են արտադրում ալկոհոլային խմիչքներ՝ հիմնականում խոշոր արտադրողները, հանքարդյունաբերությունը նույնպես խոշորների ձեռքում է, ովքե՞ր են զբաղվում ոսկու արդյունահանմամբ` հիմնականում խոշորները: Եթե մենք հանում ենք խոշորներին, եւ մնացած մասը բաժանում 1000 միջին կամ անգամ փոքր ձեռնարկատերերի միջեւ, ստացվում է չնչին գումար:
– Դրամի արժեզրկումը կարո՞ղ է օգտակար լինել տեղական արտադրության եւ արտահանման համար:
– Անշուշտ, պարզապես դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տեղի ունենար գների զսպում: Տրանսֆերտներ ստացող քաղաքացիների պարագայում դրամի արժեզրկումը նույնպես կարող էր օգտակար լինել, սակայն, եթե գներն աճում են, ուղարկվող գումարը չի արդարացնում իրեն: Ամբողջ աշխարհում գների անկում էր տեղի ունենում, Հայաստանում հակառակն էր: Հետաքրքիր է, որ դեռեւս Եվրոպայում մի շարք ապրանքների գներ չէին թանկացել, Հայաստանում նախորդ քանակության համար արդեն թանկացել էր: Գործարարները պատճառաբանում էին նրանով, որ հաջորդ քանակությունը պետք է բերվեր ավելի բարձր գնով` ինչը եկամտաբեր չէ: Պետությունը պետք է զսպման քաղաքականություն իրականացնի, եթե, մանավանդ, ցանկություն կա դառնալու տուրիստական երկիր:
– Բենզինի դեպքում ինչո՞ւ գնաճ չարձանագրվեց։
– Որովհետեւ այս դեպքում ազդեցին միջազգային գները: Գները իջան, այստեղ էլ չթանկացավ: Ես դեռեւս այն ժամանակ էի առաջարկել, որպեսզի ստեղծվի գների ուսումնասիրություն կատարող մի կառույց, որը կզբաղվի կոնկրետ գների կանխատեսումով, ով կկարողանա առնվազն մեկ տարվա համար 50/50 հարաբերականությամբ կանխատեսել գները: Եթե վարկը վերցվում է դոլարով, մարման ժամանակ խնդիրն առկա է: Այսինքն` տնտեսվարողը, օրինակ, դոլարի 10% թանկացման պարագայում չի կարողանա վարկը մարել:
– Բանկային համակարգը որքանո՞վ է ներգրավված տնտեսության մեջ։ Հնարավո՞ր է, արդյոք, բիզնես սկսել եւ զարգացնել վարկավորման ներկայիս պայմաններով:
– Բանկերն այսօր փոքր բիզնեսի հետ խուսափում են աշխատել: Աշխատանքն ու չարչարանքը նույնն է, ինչ խոշորի հետ աշխատելիս: Խոշոր բիզնեսն ավելի կանխատեսելի է, ավելի ձեռնտու է: Բանկերը նոր բիզնեսմենին դժվարությամբ են վարկ տրամադրում: Բանկային համակարգը փակ ցիկլի պես վարկավորում է միեւնույն կազմակերպություններին: Եվ մի կարեւոր բան եւս` խոշոր ձեռնարկատերերը հիմնականում հանդիսանում են նաեւ որոշ բանկերի ղեկավարներ, եւ բնական է, որ մրցակիցներին չէին ֆինանսավորելու միեւնույն շահավետ պայմաններով: Բանկերը նաեւ ցանկանում են ռիսկը զրոյացնել։ Ես դեմ եմ այդ մոտեցմանը եւ կարծում եմ, որ բանկերը պետք է իրենց ռիսկը կիսեն տնտեսվարողի հետ, որպեսզի ստացվի համագործակցություն: Սակայն բանկերը չեն հասկանում, որ իրականում մենեջմենթ ասվածը ժամանակ է պահանջում: Կան ոլորտներ, որոնց ֆինանսավորման արդյունքում սպասվող շահույթը պահանջում է ժամանակ, իսկ հայկական մենթալիտետում «սպասել» բառը բացակայում է:
– Դուք բազմաթիվ խնդիրներ նշեցիք։ Այդուհանդերձ, կա՞ն ճյուղեր, որոնք հեռանկարային են, եւ եթե` այո, որո՞նք են դրանք։
– Միանշանակ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինժեներիան եւ սննդի արդյունաբերությունը: Դրանք այն կարեւորագույն ճյուղերն են, որոնց զարգացումը կարող է նպաստել ողջ արդյունաբերության զարգացմանը: Կառավարությունը, ցավոք, չի օգտագործում իր ունեցած պոտենցիալը, որպեսզի հասնի արդյունքների: Չի քննարկում առկա խնդիրները, չի կատարում քայլեր՝ խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի իրական բարեփոխումներ տեղի ունենան: Մեր պարագայում նախ արվում է ռեֆորմ, հետո դրա հիման վրա կատարվում է վերլուծություն:
Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ