Ինչպես հայտնի է` «Գրանդ սան» ընկերության գործարանից խոշոր չափի գույքի յուրացման եւ վատնման կասկածանքով հուլիսի 6-ին կալանավորվել է «Գրանդ սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: ՀՀ ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ, հուլիսի 4-ին քրեական գործ է հարուցվել Ռ. Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացում կամ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Իսկ հուլիսի 6-ին վերջինս դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Հայտնի է դարձել, որ ընկերության գույքի գույքագրման ժամանակ հայտնաբերվել է պակասուրդ, որի արդյունքում փաստի առնչությամբ հաղորդում է ստացվել Ոստիկանություն: Այժմ նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ընկերությունն աշխատում է «Գրանդ հոլդինգի» կազմում: Այն գտնվում է Քանաքեռի լամպերի գործարանի տարածքում եւ զբաղվում է լամպերի, գազերի, ասֆալտի, խաղալիքների արտադրությամբ: Ընկերությունից որեւէ տեղեկություն մեզ չհաջողվեց պարզել, քանի որ նոր ղեկավարությունից ոչ ոք տեղում չէր:
«Գրանդ հոլդինգի» մամլո քարտուղար Վահրամ Սարգսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ Ռոբերտ Հարությունյանը տնօրենի պաշտոնից ազատվել է հունիսի 24-ին` նշանակվելով ընկերության փոխտնօրեն: Ի դեպ, զարմանալի է նաեւ այն, որ մի շարք բիզնես-տեղեկատուներում եւ անգամ պետռեգիստրի կայքում Ռ. Հարությունյանը վերջին մի քանի տարիներին եւ այժմ էլ նշվել է որպես ընկերության փոխտնօրեն, ոչ թե տնօրեն: Ինչեւէ, մեր հարցին, թե տնօրենի պաշտոնից նրան ազատելը կապ ունի՞ ընկերությունում հայտնաբերված պակասուրդի հետ, ընկերության մամլո քարտուղարը պատասխանեց. «Ոչ, կապ չունի»:
Հիշեցնենք, որ «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն այս դեպքի առնչությամբ ասել էր, թե «ընկերությունում գողություն է կատարվել»: Իսկ Հարությունյանի ձերբակալման մասին էլ իմացել է ինտերնետից: «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն: Ես ոչ մեկի դեմ բողոք չունեմ, մինչեւ չպարզվի` ով է դա արել: Մեքենաներով մտել են, կռանով գողություն են արել: Գողացել են մետաղներ, տարբեր տեսակի, սեւ, գունավոր մետաղներ: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որ օգնեն գտնենք: Նա էլ, ով որ հիմա նստած է, մակագրել է, որ գողություն է եղել: Առանց մեր ընկերության աշխատողների` ո՞նց կկատարվեր: Հո վերտալյոտով չիջա՞ն, գողացան, տարան»:
Ս. ԽԱԼԱԹՅԱՆ