Իրարանցում Աբովյանում

12/07/2012

Երեկ առավոտյան Կոտայքի մարզում գործադուլ են սկսել «Քինգ դելյուքս» տաքսի ծառայության մի քանի տասնյակ վարորդներ եւ Չարենցավանի, Աբովյանի շուրջ 10 ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսների վարորդներ:

«Քինգ դելյուքսի» տնօրեն Արթուր Դալլաքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «գծից» դուրս են եկել 40 ավտոբուս եւ 80 վարորդ: Նրա խոսքով, արդեն շուրջ վեց ամիս է` նշված երթուղիների վարորդները «չեն կարողանում անգամ 1000 դրամ տանել տուն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Չարենցավանից եւ Աբովյանից դեպի Երեւան անվճար բարեգործական ավտոբուսների պատճառով»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են վարորդները որոշել «փակել տալ» բարեգործական երթուղին` պնդելով, որ այն գրանցված չէ իրավական դաշտում, Ա. Դալլաքյանը պատասխանեց. «Մենք ոչ թե ուզում ենք փակել երթուղին, այլ, որ այն մտնի իրավական դաշտ, ո՞վ է տեսել բարեգործություն անել ապօրինի ճանապարհով, մեր հաշվին բարեգործություն են անում»: Հարցին էլ` եթե, այնուամենայնիվ, բարեգործական երթուղին գրանցվի, իր վարորդները չե՞ն մնալու առանց աշխատանքի, Ա. Դալլաքյանը պատասխանեց. «Թող գրանցվի` հետո կտեսնենք»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` այս ակցիան հակասում է «Բարեգործության մասին» օրենքին, եւ պաշտոնապես գրանցված չէ, եւ այդ դեպքում, անհասկանալի է` ինչպես կարող է կոչվել բարեգործություն: Դալլաքյանի փոխանցմամբ, իրենք արդեն իսկ դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ընդդեմ «բարեգործական անվճար երթուղու»: Եթե, ինչպես իրենք են պնդում` տաքսի «Քինգ դելյուքսը» նորմալ չի աշխատում, ապա ինչո՞ւ են վարորդները դիմել գործադուլի: Աբովյանի բնակիչներից պարզեցինք, որ ծառայությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին, որին, բնակիչների խոսքով, Ծառուկյանը որոշել է սնանկացնել:

Հավելենք, որ բարեգործական երթուղին` գրանցվելու դեպքում, պետք է նաեւ հարկ վճարի, որի դեպքում գուցե հարցականի տակ դրվի դրա հետագա աշխատանքը: Մյուս կողմից, արդեն 6 ամիս է` դրանք բացահայտ եւ թափանցիկ են աշխատում, ուստի ինչո՞ւ վեց ամիս անց այդ մասին մտահոգվեցին: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից խոստացան պարզաբանումներ տալ եւ պատասխանել բոլոր հարցերին, որոնք կներկայացնենք առաջիկայում:

Ի դեպ, երեկ ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը հանձնաժողովի անունից հանդես է եկել հայտարարությամբ: «Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները` փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որեւէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ, «Գալակտիկա» ՍՊԸ), որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ` վարորդների հարցը նույնպես փակված է: Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. Մի կողմում` վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել»,- ասված է ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ:

Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ