ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում կատարված չարաշահումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ բաժնի աշխատակից Ա. Շախկուլյանը քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249.766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում, բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա եւ այն իրացրել: Մասնավորապես` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում Ա. Շախկուլյանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, համաձայն որի` կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա: Արդյունքում` Վ. Հովհաննիսյանին պատճառվել է 7 մլն 289.000 դրամի վնաս: ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար: ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանից տեղեկացանք, որ դեռեւս 2012թ. սկզբին ծառայողական քննություն է անցկացվել Ա. Շախկուլյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինս ենթարկվել է կարգապահական տույժի: «Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործի քննությանը, ապա դա բացառապես քրեական հետապնդման մարմինների իրավասության ոլորտ է»,- հավելել է Ռ.Եգանյանը: Հիշեցնենք, որ քրեական գործի հարուցման պահին հարկադիր կատարողի լիազորություններն արդեն դադարեցված են եղել: Կապ ունի՞ արդյոք տարեսկզբին նրան կարգապահական տույժի ենթարկելը ներկայիս քրեական գործի հետ, թե՞ ոչ, ԴԱՀԿ-ից չպատասխանեցին: