– Հուլիսի 4-ին Ադրբեջանի հայտնի թալիշ ակտիվիստ, «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր եւ իրավապաշտպան Հիլալ Մամեդովին, ով նաեւ հայտնի է որպես «Դավայ դո սվիդանիա!» երգի տարածող, մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, ազգային թշնամություն սերմանելու եւ այլ նմանատիպ հոդվածներով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Սա բնական է` հաշվի առնելով ներկայումս թալիշական շարժման ակտիվացումը հանրապետությունում: Սակայն սրանով Ադրբեջանի իշխանությունները կրակի վրա յուղ են լցնում: Ակտիվիստների հետապնդումը, անշուշտ, նոր թափ է հաղորդելու շարժմանը: Ի դեպ, նշեմ, որ Մամեդովը երբեւէ առանձնապես աչքի չի ընկել իր արմատական դիրքորոշմամբ` ինչպես, ասենք, Ֆախրեդդին Աբոսզոդեն: Մամեդովը կոնֆորմիստ գործիչ է եւ մշտապես պնդում էր, որ Թալիշստանը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Օրինակ, 2005թ. Ծաղկաձորում տեղի ունեցած թալիշագիտական առաջին միջազգային համաժողովի կապակցությամբ, նա կոչ արեց թալիշներին` չմասնակցել այդ միջոցառմանը: Իհարկե, ոչ ոք նրան չլսեց: Բայց, ինչ խոսք, հիշյալ երգի տարածմամբ (եթե իսկապես նա է արել դա) Մամեդովը մեծ ծառայություն է մատուցել իր ժողովրդին: Այդ երգով ողջ ռուսալեզու աշխարհն իմացավ` ովքեր են թալիշները, որտեղ են ապրում եւ ինչ են անում` էլ չխոսելով այն մասին, որ «Ձօ ՍՑՏ ՑՈՍՏռ»-ն առաջիկայում հզոր խթան կհանդիսանա թալիշ ժողովրդի ինքնագիտակցության աճի եւ ազգային ինքնության ձեւավորման համար:
– Վերջին ժամանակներում Ադրբեջանում գնալով ավելի է սրվում թալիշական հարցը: Ե՞րբ է այն ձեւավորվել, եւ, առհասարակ, թալիշներն ինչո՞վ կարող են մեզ հետաքրքրել:
– Թալիշական խնդիրը, 1918թ. թալիշ-մուղանյան առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, միշտ էլ գոյություն է ունեցել Ադրբեջանում: Թալիշները` ամենակոնսերվատիվ հաշվարկներով, այսօր կազմում են Ադրբեջանի բնակչության զգալի տոկոսը` մոտ 1.5 միլիոն, եւ համախումբ ապրում են հանրապետության հարավային շրջանում, որը պաշտոնական գրագրության մեջ կոչվում է «հարավային գոտի», այն է` իրականում հյուսիսային Թալիշստան: Հարավային Թալիշստանը վերջինիս բնական շարունակությունն է Իրանում` համարյա նույն քանակի թալիշ բնակչությամբ: Հետխորհրդային շրջանում (չնայած 1993թ. թալիշ-մուղանյան երկրորդ վաղանցիկ հանրապետության ստեղծումով թալիշական հարցը Ադրբեջանի Հանրապետությունում իրեն ցույց տվեց որպես արդեն լիովին ձեւավորված երեւույթ) թալիշական շարժումն իր հասուն փուլ թեւակոխեց միայն 2005-ից, որը, վստահ եմ, պայմանավորված է նույն տարում Ծաղկաձորում հրավիրված թալիշագիտական առաջին միջազգային համաժողովի ազդեցությամբ: Այսպիսով, թալիշական նոր զարթոնքի սկիզբը ես կհամարեի հենց 2005թ.: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե թալիշներն ինչո՞վ կարող են մեզ հետաքրքրել, ապա կարող եմ ասել, որ մեր դպրոցի հետաքրքրությունը թալիշների հանդեպ ակադեմիական բնույթի է: Որպես արեւելագետներ, մենք ուսումնասիրում ենք հարավկովկասյան իրանական այդ ժողովրդի պատմությունը, լեզուն, մշակույթը… Բնական է, նաեւ չենք կարող անտարբեր մնալ թալիշների իրավունքների պաշտպանության, նրանց մշակույթի եւ ինքնության պահպանման խնդիրների նկատմամբ: Թալիշները մեզ համար նույն հետաքրքրությունն են ներկայացնում, ինչ, օրինակ, զազաները, քրդերը, բելուջները եւ, առհասարակ, բոլոր այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են մեր ուսումնասիրությունների առարկան:
– Բայց չէ՞ որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում թալիշական խնդիրը մեզ համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի:
– Իհարկե, ինչ խոսք: Ամեն մի փոքրիշատե մտածող մարդու համար պարզ է, որ թալիշական խնդրի անգամ` մակերեսային արծարծումը (էլ չխոսելով թալիշների որեւէ լայնամասշտաբ ընդվզման մասին) զգալիորեն թուլացնում է Ադրբեջանի դիրքերը: Սա հասկանալու համար հանճար կամ հատուկ ընդունակությունների տեր լինել պետք չէ: Ուստի ես կոչ կանեի այս հարցը մատի փաթաթան չդարձնել եւ վերջ տալ դրա շուրջ անընդհատ սիրողական քննարկումներ կազմակերպելուն: Բրիտանացիներն աշխարհի կեսը վերաձեւել են` ըստ իրենց ազգային շահերի: Նույնն են անում հրեաներն ու ամերիկացիները: Սակայն այդ մասին մենք իմանում ենք միայն տասնյակ տարիներ հետո, երբ գաղտնազերծվում են համապատասխան փաստաթղթերը կամ, երբ ինֆորմացիոն ինչ-որ «արտահոսք» է լինում (այն էլ` հաճախ դիտավորյալ եւ քաղաքական նպատակներով պայմանավորված): Հայաստանն այսօր որեւէ կապ չունի թալիշական շարժման հետ: Գուցե Իրանը կամ Ռուսաստանը, որպես ռեգիոնալ գերուժեր, թալիշական խնդրին ակնդետ եւ շահագրգիռ հետեւում են, բայց` ոչ մենք: Սակայն ներհայկական դիսկուրսին հետեւող մարդուն կարող է թվալ, թե թալիշները Հայաստանի գերխնդիրն են: Մի՞թե պարզ չէ, որ նմանօրինակ հանրային վարքը վնասում է ոչ միայն մեր ազգային-պետական շահերին եւ հենց թալիշական շարժմանը, այլեւ, որը շատ ավելի վտանգավոր է, թալիշների շրջանում առաջացնելու է հակահայկական տրամադրություններ: Պետք է միշտ հիշել, որ ազգային-ազատագրական պայքարի բովում գտնվող ժողովուրդների հոգեբանությունը ծայր աստիճան բյուրեղացված է եւ չի հանդուրժում կողմնակի միջամտություն ներազգային ինտիմ խնդիրների ոլորտում: Դրա եւս մի ցցուն օրինակը զազաներն են` 4-5 միլիոնանոց մի ժողովուրդ, որն ապրում է Կենտրոնական Թուրքիայում: Խնդրին ծանոթ մարդիկ գիտեն, թե ինչ մեծ դեր է ունեցել մեր դպրոցը զազաների ազգային ինքնության ձեւավորման եւ հատկապես զազայական նորաստեղծ հասարակական-քաղաքական էլիտայի ու մտավորական շրջաններում հայամետ եւ հայասիրական տրամադրություններ սերմանելու գործում: Սա էլ մեզ բարոյական իրավունք էր տվել անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում հրավիրել զազայագիտական առաջին միջազգային համաժողովը, որն անցավ բարձր մակարդակով: Բայց ի՞նչ տեղի ունեցավ կուլիսներում եւ հետկոնֆերանսյան շրջանում: Աներեւակայելի մի բան: Բոլորը` «պատմաբան», «ազգագրագետ», «քաղաքագետ» եւ այլ «գետ»-եր, որոնք մի երկու տարի առաջ չգիտեին անգամ, որ զազա անունով ժողովուրդ գոյություն ունի, սկսեցին միահամուռ գրել ու տարածել, որ զազաները հավատափոխ հայեր են: Կոնֆերանսին մասնակցած մի բեյրութահայ լրագրող էլ զազաների հայ լինելու «գաղափարի» հետ զուգընթաց` համացանցի սեփականությունը դարձրեց այն բոլոր մասնավոր զրույցները, որն ունեցել էր կազմկոմիտեի որոշ անդամների հետ: Արդյունքում, զազայական որոշ շրջանակներում առաջացավ հակահայկական մի հզոր շարժում, որի չեզոքացումը մեզանից հսկայական ջանք ու եռանդ պահանջեց: Ակամայից հարց է առաջանում` եղբա՛յրք, ախր դուք որտեղի՞ց գիտեք, որ զազաները հայեր են: Կամ, եթե, դիցուք, նախկին հայեր են, հետո՞ ինչ: Մեզ համար շատ ավելի կարեւոր է ունենալ քաղաքական դաշնակիցներ, քան թշնամի «ցեղակիցներ»: Ես բազմիցս գրել եմ, որ Արեւմտյան Հայաստանի քուրդ (կուրմանջի) բնակչության 70%-ը ձեւավորվել է հայկական կայուն էթնո-մշակութային ենթաշերտի վրա: Բայց դրանից ի՞նչ է փոխվում: Իմ հանգուցյալ տատը միշտ ասում էր` «թուրքը լավ է, քան թուրքացածը»: Միով բանիվ, խնդրում եմ թալիշական հարցը լիովին հանել հայ-ադրբեջանական հակամարտության սիրողական քննարկումների համատեքստից եւ տեղափոխել զուտ մասնագիտական դաշտ:
– Իսկ ինչո՞վ կբացատրեք նմանօրինակ հախուռն մոտեցումները:
– Նրանով, որ քչերն են այսօր զբաղվում իրենց գործով: Եվ նաեւ, որ մեզանում այս վերջին 20 տարում ձեւավորվել է մի ստվար խավ, որը «հայրենասիրությունը» դարձրել է իր մասնագիտությունը: Հայտնի անեկդոտի «շպիոն» Օնիկը լավագույնս արտացոլում է այս մարդկանց հավաքական կերպարը:
– Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ադրբեջանի ապագան:
– Ադրբեջանի տրոհումը, կարծում եմ, միայն ժամանակի խնդիր է: Նման կեղծ «մինի կայսրությունների» ժամանակը վաղուց է անցել: Կայսրությունները տարբեր ժողովուրդների միավորում են ոչ միայն զենքի ուժով, այլ նախեւառաջ իշխանությունը կազմող ժողովրդի դոմինանտ մշակույթով` ինչպիսին էր Հռոմեական կայսրությունը, կամ ինչպիսին է այսօր Ռուսաստանը: Տրոհման գործընթացը ընթանալու է կոնֆեդերատիվ (կամ ֆեդերատիվ) համակարգի միջոցով:
– Ի դեպ, մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ` «Մարշ Տալիշիստան» անվանումով: Ի՞նչ կասեք դրա մասին:
– Այո՛, տեսել եմ այդ հոլովակը: Հրաշալի գործ է: Այն ավելի շատ ազգային հիմն է հիշեցնում, եւ, կարծում եմ` մի օր անպայման կդառնա թալիշների օրհներգը, չնայած նման մի բան նրանք ունեն: Անկասկած, այս «մարշը» մեծ դեր է խաղալու թալիշների ազգային զարթոնքի գործում: Այս երգի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ թալիշ ժողովուրդն արդեն իսկ թեւակոխել է իր պասիոնար վերելքի շրջանը, եւ ազգային ինքնության վերջնական կայացումը, կարծես, դառնում է անդառնալի:
– Պարոն Ասատրյան, Դուք վերջերս պետական մրցանակ ստացաք անձամբ Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադից` որպես թալիշներին նվիրված լավագույն աշխատության հեղինակ: Իրանը որքանո՞վ է կարեւորում թալիշական հարցը:
– Նախ` նշեմ, որ այդ աշխատությունը կոլեկտիվ մենագրություն է եւ գրվել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի մի խումբ աշխատակիցների կողմից` իմ ընդհանուր խմբագրությամբ: Ինչ խոսք, նման բարձր պարգեւը նախեւառաջ մեր դպրոցի միջազգային բարձր հեղինակության վկայությունն է: Բայց, իհարկե, չի կարելի բացառել նաեւ, ինչպես ասացի, թալիշական խնդրի հանդեպ Իրանի շահագրգիռ վերաբերմունքի հանգամանքը:
– Իսկ այս ամենը կապ ունի՞ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրացվող, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» խնդրի հետ: Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այժմ ի՞նչ վիճակում են:
– Այո, իհարկե ունի: Իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով, որոնք հրահրվում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Արեւմուտքի եւ առաջին հերթին` ԱՄՆ-ի կողմից:
– Իսկ Նախիջեւանի հետ սահմանի փակումը Իրանի կողմից Ադրբեջանի եւ Իսրայելի մերձեցմա՞ն հետեւանք է:
– Իսրայելի հետ մերձեցումը, Բաքվում «գեյերի» շքերթն ու մի շարք այլ հանգամանքներ լոկ արտաքին պատճառներ են, իսկ սահմանի փակումը, բնականաբար, միայն առիթ է: Այսօր Իրանում իշխող վարչակարգի տապալման միակ ձեւը երկրում ազգամիջյան բախումների հրահրումն է, եւ Ադրբեջանին մեծ դեր է հատկացվում այս հարցում: Իրանում էլ շատ լավ են հասկանում այդ ամենը: Դուք գիտեք, որ, ըստ Ադրբեջանի պնդումների, հյուսիսային Իրանում ապրում է մոտ 30 մլն «ադրբեջանցի»: Իրականում դրանք, նախեւառաջ, ադրբեջանցիներ չեն, եւ երկրորդը` նրանց թիվը 30 մլն չէ: Ատրպատականցի թյուրքալեզուների քանակը Իրանում 5,5 միլիոնից չի անցնում: Շուտով լույս է տեսնելու իմ` ռուսերեն լեզվով գրված «Իրանի ազգային կազմը» աշխատությունը, որտեղ ես այդ ամենը մանրամասն ցույց եմ տվել:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ