Օրերս ականատես եղանք Նուբարաշեն վարչական շրջանում տիրող տրանսպորտային քաոսին: Պարզվում է, որ այս վարչական շրջանը սպասարկում է ընդամենը երկու տրանսպորտային գիծ` թիվ 47 երթուղային տաքսին եւ թիվ 16 ավտոբուսը: Պարզ է, որ նուբարաշենցիները քաղաքի տարբեր հատվածներ, օրինակ, Քանաքեռ, Զեյթուն, Աջափնյակ, անգամ Հանրապետության հրապարակ հասնելու համար փոխում են երկու տրանսպորտ: Նուբարաշենի մի շարք բնակիչներ հայտնում են, որ երեկոյան 18:30-ից հետո չի աշխատում թիվ 16 ավտոբուսը, ուստի մնում է միայն 47-ը, որի գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում իրենք ստիպված են Էրեբունի թանգարանի մոտից տուն հասնել տաքսիներով (4 հոգի միանում են եւ 250-ական դրամ են վճարում): Նշենք, որ Նուբարաշենում ապրում է 9600 քաղաքացի: Դիմեցինք Նուբարաշենի վարչական շրջան` պարզելու համար, թե ինչո՞ւ է համայնքում տրանսպորտը վատ աշխատում, եւ ինչո՞ւ է այնտեղ ընդամենը երկու տրանսպորտ գործում: Նուբարաշենի վարչական շրջանի տրանսպորտի հարցերով պատասխանատուի խոսքով` խնդիրը Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությանն է առնչվում: Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության աշխատակից Հարություն Մելքումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մրցույթների արդյունքում կավելացվի եւս երկու գիծ, բայց, ըստ հավանականության, մինչեւ դեկտեմբեր ամիս: Իսկ սպասել, որ, ի վերջո, Նուբարաշենից դեպի քաղաքի բոլոր մասերը գնացող տրանսպորտ կլինի, չարժե»: Իսկ ինչ վերաբերում է թիվ 16 ավտոբուսի խնդրին, ապա նրա խոսքով` կա շարժակազմի թարմացման եւ համալրման խնդիր, որը շուտով կլուծվի, ինչպես նաեւ` կթարմացվի 47 համարի երթուղայինի պարկը:
Հետեւելով 16 համարի ավտոբուսի աշխատանքին` պարզեցինք, որ դեռեւս որեւէ փոփոխություն չկա: Երեկ առավոտյան ավտոբուսի վարորդներից մեկից ճշտեցինք, թե որ ժամից եւ ինչ ընդիջումներով է աշխատում երթուղին: Նրա փոխանցմամբ` այն աշխատում է առավոտյան 7:30-ից` 15-20 րոպե ընդմիջումներով: Նույնը հաստատեցին նաեւ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից, սակայն որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխանել, թե մինչեւ ժամը քանիսն է աշխատում այն: Հ. Մելքումյանն ավելի ուշ հայտնեց, որ ինքը սպասարկող ընկերությունից տեղեկացել է, որ 16 համարի ավտոբուսն աշխատում է առավոտյան 7:30-ից` մինչեւ երեկոյան ժամը 21:00-ն:
Նուբարաշենի բնակիչները հույս ունեն, որ Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն կլուծի այս խնդիրը, որպեսզի իրենք ստիպված չլինեն 100 դրամի փոխարեն մեկ տրանսպորտային երթեւեկության համար վճարել 350 դրամ:
Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ