«Արմավիա» ավիաընկերությունը, որ ստեղծվել է 1996թ., իր առաջին չվերթն իրականացրեց միայն 2001թ.՝ վարձակալելով «Տու-134» եւ «Տու-154Բ» մակնիշի 2 ինքնաթիռներ: Ծանր կացությունն ավիաընկերությանը ստիպեց, որ 2002-ից այն անցնի «Սիբիր» ավիաընկերության հսկողության տակ, որից հետո հայկական փոքր ավիափոխադրողը կտրուկ վերափոխվեց: 2002թ.սս սեպտեմբերին «Արմավիան» շահագործման հանձնեց «Էյրբաս» ընկերության ժամանակակից A320 ինքնաթիռը: Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ ընկերությանն անվանում էին «Սիբիրի «դուստր»: Սակայն 2005թ. գարնանը «Սիբիրը» ետ վերադարձրեց «Արմավիայի» բաժնետոմսերի վերահսկող փաթեթը: Իհարկե, 2 ընկերություններն էլ այս տեղեկությունը պաշտոնապես չհաստատեցին, քանի որ իրենք իրենց միշտ անվանել են «ստրատեգիական գործընկերներ»: Այս քայլը բացատրվում է «Արմավիայի» ղեկավարության փոփոխությամբ, երբ գլխավոր տնօրենի պաշտոնում Անդրեյ Նիկիտինին, որ մինչեւ 2002թ. եղել է «Սիբիրի» աշխատակից, փոխարինեց Նուրայր Բելլույանը: Ի դեպ, 2 ընկերությունների միջեւ հարաբերություններն այն աստիճան սրվեցին, որ «Արմավիան» նույնիսկ «սպառնում» էր ավիատոմսարկղերին չվաճառել «Սիբիրի» տոմսերը: Այսօր հայկական ավիաընկերությունն անհասկանալի պատճառներով բեռնափոխադրումներ չի իրականացնում: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ «Արմավիան» պատրաստվում է կրկին վաճառել իր բաժնետոմսերը: Բնականաբար, դրանք առավել թանկ կգնահատվեն: Թե ո՞վ կլինի նոր «ավիա-երջանիկը»՝ ցույց կտա ժամանակը:
Կ.Թ.