Արտագաղթի պատկերը` օդանավակայանից

12/07/2012

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011թ. հուլիս ամսին ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի էր, քան ժամանածներինը: Դա բնորոշվեց` որպես սեզոնային միգրացիա: Ավելին` իրավասու մարմինները պնդում էին, թե սեզոնային աշխատանքն ավարտվելուն պես Հայաստանը լքած քաղաքացիները կվերադառնան: Վերադարձա՞ն նրանք, թե՞ ոչ, այդ մասին վիճակագրությունը լռում է:

Թե ինչպիսին է արտագաղթի վիճակն այսօր Հայաստանում, որի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, որոշեցինք պարզել ոչ թե վիճակագրական տվյալները համադրելով, այլ` այցելելով օդանավակայան: Ովքե՞ր են մեկնում երկրից, եւ արդյո՞ք նրանք «սեզոնային միգրացիայի» հետեւանքով են հեռանում: Այս եւ նմանատիպ շատ հարցերի պատասխանները գտնելու նպատակով երեկ վաղ առավոտից օդանավակայանում էինք: Օդանավակայանը մարդաշատ էր: Առաջիկա չվերթերը մարդկանց տեղափոխելու էին Հայաստանի «ռազմավարական գործընկերոջ» երկիր` Ռուսաստան: Մոտեցանք թռիչքին պատրաստվող մեր հայրենակիցներին` ճշտելու, թե ուր եւ որքան ժամանակով են պատրաստվում մեկնել: Զրուցակիցներիցս երկուսն ասացին, որ Ռուսաստանում են բնակվում: Երկիրը լքել են դեռեւս 20 տարի առաջ։ «Կառավարությունը հոգ չէր տանում մեր մասին: Չկար աշխատատեղ, սնունդ, կենցաղային տարրական պայմաններ: Ես մեկնեցի երկրից 5 տարեկան երեխայիս հետ, որպեսզի կարողանամ երեխայիս մեծացնել: Կարողանամ գոնե տարրական պայմաններ ապահովել զավակիս համար: Հիմա նա արդեն մեծ է, ունի շրջապատ, ընկերներ: Նա չի ուզում վերադառնալ, իսկ ես չեմ ստիպի: Այստեղ, միեւնույն է, պայմաններ չկան, երեխայիս համար ապագա չեմ տեսնում»,- պատասխանեց 20 տարի առաջ Հայաստանից հեռացած կինը:

Քիչ անց օդանավակայանում մեծ շարժ սկսվեց: Մոտենում էր Ռուսաստան մեկնող հերթական չվերթի ժամը: Չվերթին սպասողների թիվն ամեն րոպե շատանում էր: Մարդկանց ուղեբեռներից կարելի էր ենթադրել, որ մեկ ամսով կամ երկու շաբաթով չեն գնում: Մոտեցա 4 հոգուց բաղկացած ընտանիքի: Երիտասարդ ընտանիք էր: Հարցրի, թե ո՞ւր են գնում, եւ արդյո՞ք ուղեւորությունը երկար կտեւի: Նրանք չցանկացան երկար զրուցել: Պատասխանը շատ հակիրճ ու խոսուն էր. «Որքան հնարավոր է` երկար ենք մնալու»: Նույն հարցով դիմեցի նաեւ մի քանի ընտանիքների: Պատասխանները գրեթե չէին տարբերվում: Ոմանք էլ ուղղակի հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, թե գործ չունեն, երկրից գնում են, եւ չեն ցանկանում գնալուց առաջ իրենց համար ինչ-որ խնդիրներ ստեղծել: Այդ ժամին թռիչքի էր պատրաստվում Մոսկվա մեկնող ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էին զրուցակիցներս: Մեկնողների շարքում գտնվեց մեկը, ով զրույցի ընթացքում պատմեց շատ ավելին: Ասաց, որ մեկնում է Մոսկվա, ապա` Ցյուրիխ, այնտեղ աշխատանք է գտել: Ավելի շուտ` իր համար հորեղբայրն է աշխատանք գտել: Շինարարական աշխատանք է: Նրա ասելով, ինքն այնտեղ աշխատելու է հայ օլիգարխների համար, եւ նրանց շինարարական կազմակերպությունում` գազի խողովակներ է թաղանթապատելու: Ասաց, որ հիմա իր հորեղբայրն է այնտեղ աշխատում եւ շատ մեծ դժվարությամբ կարողացել է իր համար եւս հարմար աշխատանք գտնել: Նրան խոստացել են Ցյուրիխ հասնելուն պես ապահովել կացարանով, սնունդով: Աշխատավարձն էլ, նրա խոսքով` «շատ բարձր է` 1000 դոլարի չափով»: Հարցին` մենա՞կ եք գնում, նա պատասխանեց, թե իր տեղեկություններով` Հայաստանից շատերն են պատրաստվում մեկնել այդ «հայ օլիգարխի» մոտ աշխատելու: «Շատ դժվար է նման աշխատանք գտնելը, երբ ոչնչի համար չես վճարում, բայց այդքան բարձր աշխատավարձ ես ստանում»,- ասաց նա` ավելացնելով, որ, ըստ նախնական պայմանավորվածության` այնտեղ աշխատելու է 3 տարով, իսկ հետո` որքան կարողանա` կմնա: «Ամեն ինչ անելու եմ այնտեղ հաստատվելու համար»,- ասաց Արմավիրի մարզից Ցյուրիխ մեկնող զրուցակիցս` հավելելով, թե հիմնականում այդ «ծրագրով» աշխատելու են տանում Աբովյան քաղաքի տղամարդկանց:

Եղանք նաեւ օդանավակայանի ժամանումների սրահում: Այնտեղ հավաքվածները սպասում էին իրենց հարազատներին, երեխաներին: Ոմանք հանդիպում էին ուրախ առիթով, ոմանք էլ` սգո: Հանդիպման պատճառները տարբեր էին, սակայն հետ վերադառնալու եւ օտար երկրում բնակվելու ցանկությունն անփոփոխ էր գրեթե բոլորի մոտ: Զրույցի ընթացքում մի տարեց կին ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել այստեղի իրականության հետ: Ռուսաստանում իր համար ավելի լավ է: «Չնայած աղջկաս մոտ եմ ապրում, բայց ոչ մի վայրկյան չեմ փոշմանում իմ հայրական օջախից, իմ երկրից դուրս գալու համար»,- ասաց զրուցակիցս: Միաժամանակ, նա հույս ունի, որ երբ ամեն բան Հայաստանում «կկանոնակարգվի», միգուցե որոշի երեխաների, թոռների եւ ծոռների հետ վերադառնալ: Առայժմ նա ժամանակ առ ժամանակ Հայաստան է գալիս` միայն իր հարազատներին տեսնելու, «կարոտը առնելու համար»:

Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ