Գիրքը ենթարկվում է շուկայի ճիշտ նույն կանոններին, ինչ մյուս ապրանքները: Սակայն, ի տարբերություն լայն սպառման այլ ապրանքների` գիրքն ավելի քիչ պահանջարկ ունի:
Դեռեւս պարզ չէ` իրականում ընթերցանության նկատմամբ վերաբերմո՞ւնքն է փոխվել, թե՞ տեխնոլոգիաների զարգացումն է ազդել, որ Գուտենբերգի գյուտի կիրառումը ետընթաց ապրի մեր օրերում: Խորհրդային Միության փլուզումից հետո աստիճանաբար սկսեցին մեկը մյուսի հետեւից գրախանութներ փակվել: Նրանց տեղում բացվեցին կոշիկի, սննդամթերքի կամ այլ խանութներ: «Խանութն առհասարակ մարդաշատ տեղում գտնվող տարածք է, եւ միեւնույն է` ինչ է վաճառելու: Եթե առավելագույն շահույթ ստանում է հացից, ուրեմն հաց կվաճառի: Բայց մեր պետությունը եթե ուզում էր, որ գիրքը պահպանվի, պետք է պայման դներ, որ այսքան տարի պետք է զբաղվի այդ գործունեությամբ: Մյուս կողմից` գիրքը մշակութային եւ հոգեւոր արժեք է, եւ այն պետք է պետության հոգածության ներքո լինի»,- ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, պետությունը կարող է գրքի արժեքը պահպանել բազմաթիվ ձեւերով` ազատել շահութահարկից, կամ 10 տոկոսով օժանդակել` գրքի տպագրության ծախսերը հոգալու համար, իսկ պետական աջակցությունը` հակառակը` խանգարում է հրատարակչությունների զարգացմանը: «Պետության գործը պետպատվեր տալը չէ, միջակ գրողի գիրքը հրատարակելը չէ: Պետության աջակցության գործընթացները խանգարիչ են: Թող 30 տոկոսը կամ կեսը վճարի, իսկ ամբողջ գումարը տալով` հրատարակիչը փչանում է, այլ գիրք չի հրատարակում: Մենք ունենք այդպիսի 9-10 հրատարակչություններ, որոնք 90-ականներից, 2000-ից հետո իրենց նախաձեռնությամբ գիրք չեն հրատարակել: Պետությունն այդ նախաձեռնությամբ պետք է օգնի հրատարակչին ոտքի կանգնել: 10 տարի օգնում է, ոտքի չեն կանգնում»,- ասում է նա: Նրա խոսքով, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը լիարժեք չէ, ինչի արդյունքում այսօր Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների գործառույթները խախտվել են եւ խանգարում են միմյանց: «Երբ սակավաթիվ ընթերցողներն այցելում են գրախանութ եւ հարցնում այս կամ այն գիրքը, գրախանութը պետք է այդ տեղեկատվությունը կուտակեր եւ հանձներ հրատարակիչներին, որ նման գրքերի պահանջարկ կա: Դրա փոխարեն` գրախանութներն իրենք սկսեցին հրատարակել: «Նոյյան տապանն» ու «Բուկինիստը» առաջինն էին, որ սկսեցին իրենք հրատարակել` հասկանալով` որն է պահանջված գրականությունը,- ասում է «Անտարեսի» տնօրենը` ավելացնելով, որ իրենց հերթին` հրատարակիչներն էլ սկսել են գրախանութներ բացել,- Մենք այդ գործի մեջ էինք մտնում, բայց ճիշտ ժամանակին ուշքի եկանք եւ հրաժարվեցինք այդ նախագծից: Այսօր մենք փորձում ենք օգնել գրախանութներին եւ ցանցերին, որպեսզի իրենք ուժեղանան, բայց մենք չենք մտնում այնտեղ: Օրինակ՝ Գերմանիայում օրենքով արգելված է, որ գրախանութը գիրք հրատարակի, իսկ հրատարակիչը գիրք վաճառի: Նրանց՝ գրքի հետ առնչվելու փորձը բերել է նրան, որ այս երկու գործն իրար խանգարում են: Գործընթացի շղթաներն իրար հակառակ են սկսում աշխատել: Հրատարակիչները չգիտեն, թե լայն սպառողն ինչի պահանջարկ ունի: Եթե ասում ենք` մարդիկ գիրք չեն գնում, ապա մենք էլ չենք հրատարակում, որ գնեն: Իսկ ով գիտի՝ ինչ են ուզում, հրատարակում եւ լուռ ու մունջ վաճառում է: Մարդիկ գիրք գնում են, գիտեն` ինչ են ուզում, ու գրախանութն էլ հրատարակում է»:
Սակայն «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը կարծում է, որ որեւէ խնդիր չկա, եթե գրախանութը զբաղվում է նաեւ գրահրատարակչությամբ` հիշատակելով նույն` Գերմանիայի փորձը. «Եթե առանձին անհատը գիրք է հրատարակում վաճառում, գրախանութը, որն ավելի լավ գիտի պահանջարկը, ինչո՞ւ չհրատարակի: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում՝ Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղ գրքի բիզնեսը հաջող է գործում, հրատարակիչներն ունեն նաեւ իրենց գրավաճառ ցանցերը: Քանի որ այնտեղ ծավալները մեծ են, եւ գրքի պահանջարկն ավելի շատ է, քան մեզ մոտ, այնտեղ կան նաեւ մասնագիտացված գրավաճառ ցանցեր: Կան նաեւ հրատարակչություններ, որոնք միայն հրատարակում են: Իրենց հետաքրքիր չէ վաճառելը: Դիտարկենք այն տեսանկյունից, որ իրարից անկախ տնտեսվարող սուբյեկտներ են, ով ինչ ուզենա, կանի՝ իհարկե, իրար չխանգարելով, որովհետեւ նրան խանգարելն ինձ էլ է վնաս տալիս: Եթե նույն գիրքը երկուսով հրատարակեն, իհարկե կխանգարի, մեկը չի վաճառվի»,- ասում է նա: Մասնագիտացված գրավաճառ ցանցերը միջնորդ կազմակերպություններ են, որոնք իրականացնում են գրքի մեծածախ վաճառք: Խ.Վարդանյանի հավաստմամբ, իրենք միջնորդի կարիք չունեն, քանի որ շուկան փոքր է, եւ գրքի պահանջարկն էլ մեծ չէ: Եթե որեւէ գրքի կարիք է լինում, զանգում են հրատարակչություն եւ հաշված ժամերի ընթացքում բերում են: Իսկ «Անտարեսի» տնօրենն, այնուամենայնիվ, վստահ է, որ միջնորդ կազմակերպություն անհրաժեշտ է` շուկայի զարգացման համար. «Միջանկյալ մասնագիտացված կառույցը, որը նաեւ շուկան է ուսումնասիրում, գովազդային ակցիաներ անում, միայն գրքի բնագավառում չէ, որ չի ստեղծվում: Չկա նաեւ գրենական պիտույքների, կաթնամթերքի բնագավառում: Մեր շուկան ասիական մտածելակերպի է՝ արաբական, թուրքական: Շուկան փոքր է, եւ դա բերում է նրան, որ մասնագիտացված միջնորդի կարիքը չի զգացվում: Այսօր «Փեթակներն» են խնդիրը, տոնավաճառները»,- նշում է Ա.Մարտիրոսյանը: Պարզվում է, որ մեր երկրում եւս կա գրքի մեծածախ վաճառք իրականացնող միջնորդ կազմակերպություն, սակայն դեռեւս շատ փոքր է: «Անտարեսի» տնօրենն ասում է, որ իրենք օգնում են, որ այն կայանա, հզորանա:
Այս տարի գրատպության 500-ամյակ նշելը եւ Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելը որեւէ կերպ չի անդրադարձել ո՛չ հրատարակիչների, ո՛չ գրավաճառների գործունեության վրա: «Բուկինիստի» տնօրենին վրդովեցնում է, որ անգամ տոնական մի ցուցանակ չեն տվել, որպեսզի փակցնեն գրախանութում, իսկ գրքի վաճառքի աճ չի գրանցվել. «Համեմատական կարգով կարող եմ ասել, որ վաճառքը ոչ միայն չի աճում, այլեւ հակառակը` հետ ենք գնում. անցյալ տարի ավելի շատ վաճառք ունեինք, քան այս տարի, նախանցյալ տարի` ավելի շատ, քան անցյալ տարի»: Իսկ Ա. Մարտիրոսյանի խոսքով` կարիք չկա գրքի համար հրավառություն անել կամ արձան կանգնեցնել, անհրաժեշտ է գրքի նկատմամբ քաղաքականությունը փոխել: «Քանի դեռ Հայաստանում պայմաններ ստեղծված չեն, որպեսզի հաջողության հասնես միայն կրթվելու եւ գիտելիք ձեռք բերելու միջոցով, հասարակությունը գիրք չի առնելու»,- նշում է նա:
«Ազգային գրապալատի» տվյալներով, կազմակերպությունը տարեկան տրամադրում է 2500 անուն գրքի տպագրության համար նախատեսված համապատասխան միջազգային համարանիշ, սակայն դրանց 5-10 տոկոսը տարբեր պատճառներով չի տպագրվում: Իսկ տպագրված գրքերի քանի՞ տոկոսն է հայտնվում ընթերցողի սեղանին` հայտնի չէ: