Շատ ենք խոսում ու գրում այն մասին, որ այսօրվա 20-25 տարեկանների սերունդն անհամեմատ ավելի ազատ է, քան 30-40 տարեկանները: Երեւի, իրոք, այդպես է:
Սակայն, պատկանելով երկրորդ «խմբին», կարող եմ վստահ ասել, որ ի տարբերություն երիտասարդների, ովքեր իրենց ազատությունը ստացան «by default», մեզ ազատությունը հասկանալու ու գնահատելու համար պահանջվեց անցնել բավական բարդ ճանապարհ: Ու երջանիկ էին նրանք, ովքեր այդ ճանապարհին հանդիպեցին մարդկանց, որոնք օգնեցին գտնել ճիշտ ուղին: Ես այդ երջանիկներից մեկն եմ:
Այնպես է ստացվել, որ կյանքիս ընթացքում միշտ հանդիպում եմ մարդկանց, որոնք մեծ դեր են խաղում իմ կյանքում: Սակայն կան չորս մարդիկ, որոնք առանցքային դեր խաղացին իմ կայացման փուլում` այդքան հակասական 1990-1992 թվականներին:
Առաջինը իմ Ուսուցիչ Մարկ Գրիգորյանն է: «Ուսուցիչ» բառը մեծատառով եմ գրում ոչ թե «ձեւի համար»: Իրոք այդպես է: Նա իրոք մեծագույն դեր է ունեցել իմ եւ դասընկերներիցս շատերի կայացման մեջ:
1990 թվականին ռուսական դպրոցները բարեփոխման ենթարկվեցին, ու դասարանները բաժանվեցին երեք հոսքերի` հումանիտար, ֆիզիկա-մաթեմատիկական եւ քիմիա-կենսաբանական: Ընտրեցի հումանիտարը, ու շուտով մեր ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ նշանակեցին երիտասարդ Մարկ Գրիգորյանին: Ես ու ընկերներս մինչ օրս հրաժարվում ենք հավատալ այն փաստին, որ երբ նա մեզ դաս էր տալիս, ավելի երիտասարդ էր, քան մենք այսօր: Չեմ փորձի պատմել այն ամենի մասին, ինչ ստացանք Մարկ Գրիգորյանից: Վստահ չեմ, որ կարող եմ նկարագրել այն, թե ինչպես են քեզ ազատ մտածել սովորեցնում, ինչպես են այնպես մատուցում Գոգոլի «Շինելը», որ դասից տուն ես գալիս ու բառիս բուն իմաստով կուչ ես գալիս մի անկյունում` այնքան խորն է քո մեջ մտել Ակակի Ակակիեւիչը: Մարկ Գրիգորյանը նաեւ առանցքային դեր է խաղացել մասնագիտությանս ընտրության հարցում` սկսել եմ լրագրությամբ զբաղվել իր հիմնադրած «Դիալոգ» դպրոցական թերթում, որի մասին մի օր անպայման առանձին սյունակ կգրեմ:
Խոսելով Մարկ Գրիգորյանի մասին, չեմ կարող չհիշել մեր դպրոցի տնօրեն Ալբերտ Բեգլարյանին: Մարկ Գրիգորյանի ուսուցման նորարարական մեթոդները դպրոցում ոչ բոլորն էին հավանում, եւ մի օր դպրոցի տնօրենն իր մոտ է կանչում մեր ուսուցչին: «Ինձ ամենեւին դուր չի գալիս այն, ինչ Դուք անում եք,- ասում է Ալբերտ Միխայլովիչը ու շարունակում է,- Սակայն դա Ձեզ մոտ լավ է ստացվում` գնացեք ու շարունակեք աշխատել»: Կարծում եմ, այսօր մենք հաճախ չենք նման իմաստության ականատեսը դառնում:
Երկրորդը Միքայել Հայրապետյանն է` մեր հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը, ով այսօր Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավարն է: Ճակատագրի հեգնանքով, Միքայել Հայրապետյանը եւ Մարկ Գրիգորյանը ջերմ հարաբերություններ չունեին` «գաղափարական տարաձայնությունների» պատճառով: Մասնավորապես, եթե Մարկ Գրիգորյանը պայքարում էր Պուշկինի արձանի պահպանման համար, Միքայել Հայրապետյանը, ընդհակառակը, կողմ էր, որ այն այլեւս մեր դպրոցի բակում չլինի:
Ինչեւէ, եթե չլիներ Միքայել Հայրապետյանը, դուք այս տողերը հաստատ չէիք կարդա: Իհարկե, իմ հայերենը շատ հեռու է անթերի լինելուց, սակայն այն, ինչ ունեմ, միանշանակ Միքայել Հայրապետյանի շնորհիվ է: Մինչեւ իր դպրոց գալը, հայերեն միայն «տեսականորեն» գիտեի: Ռուսական դպրոց էր, հայոց լեզուն ու գրականությունը առաջնային առարկաներ չէին: Միքայել Հայրապետյանը դպրոց եկավ գարնանը, արագ հասկացավ, թե ինչ ողբալի վիճակում է մեր հայերենը, ու ասաց, որ բոլորս պետք է ամռան ընթացքում պարտադիր կարդանք Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»` ով չկարդա, կարող է սեպտեմբերի 1-ին դասի չգալ:
Երբ տեսանք այդ գրքի էջերի քանակը, թվաց, որ ուսուցիչը մեզ մահապատժի է դատապարտել: Առաջին 100 էջը կարդալը իրոք սարսափելի դժվար էր: Սակայն աստիճանաբար սկսեցի ընտելանալ, հետո` հաճույք ստանալ: Արդեն աշնանը մեծ դասամիջոցին դպրոցից դուրս էի գալիս, «Ազգ» ու «Երկիր» թերթերն էի գնում ու կարդում` աստիճանաբար «լեզուս բացվում էր»: Պարոն Միքայելը (պարտադրեց, որ իրեն հենց այդպես դիմենք) նաեւ մեզ «Հայր մերը» գրաբարով անգիր սովորեցրեց, ու երբ այսօր եկեղեցում մոմ վառելիս մտքումս երբեմն կարդում եմ այն, միշտ հիշում եմ ուսուցչիս, ով այդքան երիտասարդ էր, բայց այդքան իմաստուն` ինձ ու իմ նմաններին փրկելով անլեզու մնալու տխուր հեռանկարից:
Նախորդ շաբաթ պատրաստում էինք «Երեւան. XX դար» նախագծի հերթական գլուխը` «Կոզիրյոկ» սրճարանի մասին, ու սկայպով խոսեցի Ամերիկայում բնակվող արվեստագետ Սէվի` Հենրիկ Խաչատրյանի հետ:
Արմեն ֆօն Գեւորգյանն ու Սէվը եւս այն մարդիկ են, ովքեր շատ մեծ ազդեցություն ունեցան ապագա կյանքիս վրա: 1990 թվականին պատահաբար հայտնվեցի Նկարիչների միությունում բացված ավանգարդիստական «Երրորդ հարկ» ցուցահանդեսին: Այնքան էի տպավորվել, որ անգամ մի «ռեպորտաժ» գրեցի այդ ցուցահանդեսից ու ուղարկեցի «ՇվՏրՑՖ» ամսագիր (իհարկե` մերժեցին ու չտպագրեցին): Այնուհետեւ Վերնիսաժում թաքուն առնում էի Արմեն ֆօն Գեւորգյանի ու Սէվի հիմնադրած «Այսօր» սամիզդատ ամսագիրը, որտեղ կային եւ մերկ աղջիկների նկարներ (ցավոք, սեւ-սպիտակ) եւ դադաիզմի մասին պատմող հոդվածներ: Մի օր էլ «Անդրադարձ» թերթում մի հարցաշար տեսա` «Այսօրը» պատրաստվում էր սամիզդատից անցում կատարել դեպի «լեգալ մամուլ» ու աշխատողներ էր փնտրում: Ուղարկեցի հարցաշարի պատասխանները ու մի քանի օր անց մեր տան հեռախոսը զանգեց` «Այսօր»-ից էին, հրավիրում էին հարցազրույցի: Ժամանակավոր խմբագրությունը Բաղրամյանի վրա էր, Կոմերիտմիության շենքում (նախկին ԱՄՆ դեսպանատուն): Գնացի, գտա այդ փոքրիկ սենյակը, որտեղ նստած էին Արմեն ֆօն Գեւորգյանն ու Սէվը: Նրանց մոտիկից տեսնելն անգամ երջանկություն էր ինձ համար, իսկ երբ ասացին, որ կարող եմ իրենց հետ աշխատել, ուրախությանս չափ ու սահման չկար: Պատկերացրեք, 15 տարեկան, ռուսական դպրոցում սովորող, հայերեն հազիվ գրող տղան ու հայ ավանգարդիստները:
Մտածում եմ, որ եթե լինեի Արմենի ու Հենրիկի փոխարեն, հաստատ ինձ նման մեկին աշխատանքի չէի վերցնի: Բայց նրանք եւս այնքան իմաստուն գտնվեցին, որ տվեցին ինձ այդ հնարավորությունը: «Այսօր»-ում երկար չաշխատեցի, երեւի մի քանի ամիս, բայց ինչ ամիսներ էին դրանք` անվերջ զրույցներ այդ բացարձակ ազատ մարդկանց ու նրանց ընկերների հետ, «Կոզիրյոկում» նրանց հետ միասին «մեծավարի» նստելու հնարավորություն…
Մարկ Գրիգորյանը, Միքայել Հայրապետյանը, Արմեն ֆօն Գեւորգյանը եւ Սէվը` ահա այն մարդիկ, որոնց շնորհիվ այսօր հնարավորություն ունեմ հուշերս ներկայացնել հարյուրավոր մարդկանց դատին: Չգիտեմ, կա՞ն այսօր նման մարդիկ Հայաստանում, որոնք պատրաստ են ազատություն սովորեցնել` որեւէ փոխհատուցում չպահանջելով: Եթե կան, ամեն ինչ դեռեւս կորած չէ:
Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Մեդիամաքսի» տնօրեն