Նոր ինտերնետ կենտրոն` կույրերի համար

12/07/2012

Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տունն առաջիկա ամիսներին ինտերնետ կենտրոն կունենա: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Իգոր Մկրտումյանը: Նրա տեղեկացմամբ` իրենց հ/կ-ի կողմից ներկայացված առաջարկի` Հայաստանում կույրերի միավորման մշակույթի տան համար ինտերնետ կենտրոն ստեղծելու համար, Համաշխարհային ինտերնետ միությունը 10.000 դոլարի դրամաշնորհ է հատկացրել: Ծրագրի իրականացման համար, ըստ Ի. Մկրտումյանի` 2500 դոլար էլ կտրամադրի «Հայաստանի ինտերնետ հանրություն» հ/կ-ն: Այսինքն` ընդհանուր առմամբ, ծրագրի համար կծախսի մոտ 12.500 դոլար (5մլն դրամից ավելի): «Այդ գումարով պետք է վերանորոգում անենք եւ սկսենք աշխատանքը»,- ասաց Ի. Մկրտումյանը: Նրա խոսքով` իրենք կապի մեջ են Համաշխարհային ինտերնետ միության հետ, քանի որ նրանք հատուկ խումբ ունեն, ովքեր աջակցում են նոր տեխնոլոգիաները կույրերի համար ավելի մատչելի դարձնելու գործին, ուստի այդ փորձը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար: Նման կենտրոններն աշխատում են ձայնային ազդանշաններով` հուշելով, թե որտեղ է գտնվում կամ ինչ պետք է սեղմի օգտվողը, ինչը տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս շփվել արտաքին աշխարհի հետ:

Նշենք, որ ներկայում Հայաստանում տեսողության հետ խնդիրներ ունի ավելի քան 4000 մարդ:

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի Երեւանում` «Հայփոստի» կենտրոնական գրասենյակում, բացվեց տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար ինտերնետ հասանելիության կենտրոն: Այն առաջինն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ ԱՊՀ տարածքում: