Պետք է արջին բռնել ու պատժել

07/12/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ «Արդարություն» դաշինքը, մեղմ ասած, գրոհ էր կազմակերպել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի վրա` պահանջելով տեր կանգնել իր քաղաքական հայտարարությանը, թե հանրաքվեի ընթացքում կեղծիքներն ակնհայտ են եղել:

ԱԺ-ում ստեղծված իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար, ավելացնենք, որ դրան մասնակցում էր նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որը վաղուց իր քաղաքագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները կենտրոնացրել է բացառապես «Օրինաց երկրի» վրա: «Արդարություն» խմբակցությունն առաջարկեց ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի հանրաքվեի ընտրակեղծիքների փաստերի ուսումնասիրությամբ ու կպատժի ընտրակեղծարարներին: Ընդդիմության հետ հարցերը լուծելու պատասխանատվությունը կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները թողել էին Ա. Բաղդասարյանի վրա` ասելով, ինքն է կասկածի տակ դրել հանրաքվեի արդյունքները, թող ինքն էլ «տակից դուրս գա: Մենակ պոպուլիզմով հո չի՞»: Իսկ Ա. Բաղդասարյանն ընդդիմադիրներին համոզում էր, որ ճիշտը ոչ թե հանձնաժողով ստեղծելն է, այլ փաստերը ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկելը: Ընթացքում Ա. Բաղդասարյանը փորձում էր նաեւ իր վերոնշյալ հայտարարությունը մեղմել` մեջբերելով ԵԽ դիտորդների գնահատականները. «Եթե խոսում եք քաղաքական գնահատականներից, ապա ԵԽ դիտորդներն ասել են, որ ընդհանուր առմամբ հանրաքվեն համապատասխանել է միջազգային չափանիշներին, բայց նաեւ եղել են լուրջ չարաշահումներ: Ես` որպես ԱԺ նախագահ, այո, անընդունելի եմ համարում բոլոր մարդկանց քայլերը, ովքեր արջի ծառայություններ են մատուցել, որովհետեւ դրանց անհրաժեշտությունն ամենեւին չկար: Ես այդ երեւույթները համարում եմ անընդունելի եւ գտնում եմ, որ ցանկացած նման քայլ պետք է արժանանա քաղաքական եւ իրավական գնահատականի: Այո, իրավապահ մարմինները պետք է գտնվեն համապատասխան հարթության վրա, բողոքները լուրջ ուսումնասիրեն եւ մարդկանց պատասխանատվության ենթարկեն, -ասաց Ա. Բաղդասարյանը` ավելացնելով,- ինձ համար սահմանադրական փոփոխությունների դրական բովանդակությունն ակնհայտ է: Հիմա պետք է խոսենք իրավական լուծումների մասին: Եթե կան վիճարկողներ, մենք պետք է գործենք իրավական դաշտում»: Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը նամակ է պատրաստում գլխավոր դատախազին, որտեղ կետառկետ ներկայացնելու է իր մտահոգություններն ու կոնկրետ այն դեպքերը, որտեղ եղել են կեղծիքներ: «Ակնկալելու եմ, որ կատարվի հետաքննություն ու մեղավոր մարդկանց պատասխանատվության կանչեն: Իմ երկու գնահատականներն էլ քաղաքական են, որ հանրաքվեն կայացել է, եւ որ եղել են խայտառակ դրսեւորումներ: Եվ մենք բոլորով, ովքեր շահագրգիռ են, պետք է միասին այդ երեւույթների դեմ պայքարենք»,- ասաց նա` ավելացնելով, որ կեղծիքներով զբաղվել են «արջի ծառայություններ մատուցողները»: Հմայակ Հովհաննիսյանը, որն «Օրինաց երկրի» եւ մասնավորապես Ա. Բաղդասարյանի գործողությունների տրամաբանության մեծ մասնագետ է, հայտարարեց. «Ի տարբերություն ձեզ, ես ավելի շատ կարեւորում եմ ոչ թե միջազգային կառույցների գնահատականները, այլ հայոց խորհրդարանի նախագահի գնահատականները: Այս հանրաքվեն պետք է մեր ժողովրդին, ոչ թե նրանց: Այդ արջի ծառայությունները չեն թողել, որ մարդիկ նորմալ ընտրություններ կատարեն: Մարդիկ հույսեր էին կապում, որ հանրաքվեն չեն կեղծի: Բայց հանրաքվեն կասկածի տակ դնելը չափազանց վտանգավոր է: Դա նաեւ մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Մի՞թե այդ մարդը դատապարտված է իր գործունեությունն սկսել արջի ծառայություններ մատուցողներով ու հենց դրանց չափանիշներով ընտրություններ անցկացնելով»: Դահլիճից արձագանքեցին, թե հարցը փակելու համար պետք է «բռնել ու պատժել արջին»: «Այդ առեղծվածային արջը, պարոն Բաղդասարյան, կոալիցիան է, եւ պետք է հենց կոալիցիային պատժել»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Մեղադրանքների սլաքը կոալիցիայի կողմն ուղղեց նաեւ Գրիգոր Հարությունյանը, որն Ա. Բաղդասարյանին մի շարք հարցեր ուղղեց. «Դուք բացառո՞ւմ եք, որ մեր երկրում տեղի է ունեցել աննախադեպ ընտրություն, որի արդյունքում բավականին վնասվել է մեր երկրի հեղինակությունը, եւ այս խորհրդարանում պետք է ձեւավորել մարմին, որը կուսումնասիրի եւ արդարացիորեն կպատժի բոլոր հանցագործներին, ովքեր խաղում են մեր երկրի հեղինակության հետ: Կամ չե՞ք գտնում, որ ԱԺ մեծամասնությունն առաջինն ինքն է արջի ծառայություն մատուցել հանցագործներին: Չե՞ք գտնում, որ ձեր կուսակցության 2000 անդամներ գործել են հանձնաժողովներում եւ իրենք են, այսպես ասած, արջի ծառայություններ մատուցել: ԱԺ մեծամասնությունն այստեղ այնքան հանգիստ է նստել, կարծես ոչինչ մեր երկրում տեղի չի ունեցել: Ընդհանրապես դրա մասին մի խոսեք, որովհետեւ արջի ծառայությունները սկսվել են այստեղից»:

Այս մեղադրանքներին Արթուր Բաղդասարյանը գրեթե չարձագանքեց, ընդամենը նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի, եւ եթե ցանկանում են պատժել կեղծարարներին, ապա պետք է իրենց ունեցած փաստերը փոխանցեն իրեն, ինքն էլ կփոխանցի Դատախազությանը: «Պատժող մարմինը ՀՀ Գլխավոր դատախազությունն է: Ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ, եւ դիմում եմ բոլորին, եթե ունեք փաստեր, տվեք, գումարեմ իմ ունեցած փաստերի հետ եւ ուղարկեմ Գլխավոր դատախազություն: Ով կատարել է, թող նրան էլ բռնեն ու պատասխանատվության ենթարկեն: Դե բերեք, միանգամից տվեք ինձ, ես ուղարկեմ: Դուք չեք ուզում ուղարկեք, տվեք ինձ, ես կուղարկեմ»,- առաջարկեց Ա. Բաղդասարյանը: Արամ Գ. Սարգսյանից հետաքրքրվեցինք` իրենց համար ընդունելի՞ է Ա. Բաղդասարյանի` փաստերը Դատախազություն ուղարկելու փոստարարի դերն իր վրա վերցնելու առաջարկը, ինչին ի պատասխան` նա ասաց. «Մենք Դատախազության տեղը լավ գիտենք: Դատախազությունն ինքն էլ է մասնակից եղել այս ամբողջ գործընթացին, ու մենք նրանց դիմելու կարիքը չենք զգում: Մենք քաղաքական առաջարկ արեցինք կոալիցիային: Եթե նրանք հանրաքվեի անցկացման վերաբերյալ իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, ու ընդունում են, որ խայտառակ կեղծիքներ են եղել, ապա թող ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն ու պատժեն կեղծարարներին: Նրանք մերժեցին` ասելով` եկեք ուղարկենք Դատախազություն»: Ա. Սարգսյանի համոզմամբ, հանրաքվեի օրինականության խնդիրը ՍԴ-ում քննարկելու հարցում պետք է շահագրգիռ լիներ հենց կոալիցիան, որպեսզի ՍԴ-ն քննարկեր ու իր վերջնական տեսակետը ներկայացներ: «Եթե ՍԴ-ն քննարկեր ու ասեր, որ ամեն ինչ օրինական է եղել, հարցը կփակվեր, եւ ՍԴ որոշումը կլիներ իրավիճակին համապատասխան: Բայց նրանք դրանից էլ հրաժարվեցին: Այսինքն` իրենք ընդունեցին, որ, այո, կեղծիքներ են եղել: Իսկ եթե կեղծիքներ են եղել, ու ոչ ոք չգիտի դրա չափը, ուրեմն` անօրինական է եւ հանրաքվեն լեգիտիմ չէ»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը: Իսկ կոալիցիայի անդամ Դաշնակցությունն` ի դեմս Վահան Հովհաննիսյանի, ընդդիմության առաջարկը վերագրում է միայն «Օրինաց երկրին»` ասելով. «Մեզ չեն առաջարկել, ում առաջարկել են, կարծում եմ` նրանք էլ կմիանան»: «Դաշնակցությունն իր ունեցած փաստերը կտրամադրի՞ Ա. Բաղդասարյանին, որպեսզի նա փոխանցի Դատախազությանը» հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Փաստերը պետք է հենց սկզբից ներկայացվեին ԿԸՀ: Դրանք չեն ներկայացվել, հիմա ցանկացած քաղաքական ուժ կարող է ունենալ իր փաստերը: Եթե մեր ձեռքի տակ փաստեր լինեն, բնականաբար, կմիացնենք ընդհանուր շտեմարանին»,- ասաց նա: Իսկ հանրապետականներն ընդհանրապես որեւէ ցանկություն չունեն մասնակցելու այս գործողություններին:

«Արդարություն» խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ իրենք ստորագրահավաք են սկսելու եւ անհրաժեշտ 44 ստորագրությունն ունենալու դեպքում պահանջելու են արտահերթ նիստ գումարել ու այդ հարցը քննարկել: Սակայն Ա. Սարգսյանն ասաց, որ իրենք ոչ թե նախաձեռնող են լինելու, այլ պատրաստ են ցանկացած պահի ստորագրել այն բլանկի տակ, ով կհեղինակի այդ գործողությունները: «Եթե Հմայակ Հովհաննիսյանը սկսի ստորագրահավաք, մենք կողջունենք, բայց «Արդարություն» դաշինքը ստորագրահավաք չի նախաձեռնի»,- ասաց Ա. Սարգսյանը: Հմայակ Հովհաննիսյանը, որն ՕԵԿ դեմ ցանկացած քայլ աննկարագրելի հաճույքով է իրականացնում, երեկ մեզ հետ զրույցում պատրաստակամություն հայտնեց այս գործը «հաղթանակով պսակել», եւ, օրենքով սահմանված կարգով, 24 ժամվա ընթացքում գործի անցնել ու ջախջախել «Օրինաց երկրին» իր պոպուլիստ նախագահով: «Կսկսեմ, կսկսեմ: 24 ժամվա ընթացքում անպայման պիտի արվի, սպասում եմ հարմար պահի: Նրանք իմ ձեռքից չեն պրծնի: Ես այս պայքարը հաղթանակով կպսակեմ»,- սպառնաց Հ. Հովհաննիսյանը: